ՀՀ դիրքորոշումը «չի փոխվել ո՛չ Լաչինի միջանցքի, ո՛չ միջազգային ներգրավվածությամբ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում»

Պաշտոնական Երևանը պնդում է՝ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել ո՛չ Լաչինի միջանցքի, ո՛չ էլ միջազգային ներգրավվածությամբ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցում։

Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ եռակողմ հանդիպումից հետո Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովն ասել էր՝ Երևանում հասկանում են, որ Ղարաբաղի հայերին «անհրաժեշտ է համոզել հանդիպել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ»։ Իսկ Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության երաշխիքների հարցը, դատելով Լավրովի խոսքից, քննարկվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հաստատման համատեքստում։ Ինքնորոշման իրավունքը պնդող Արցախից երեկ պահանջեցին, որ Երևանը հերքի, թե ՀՀ-ն իջեցրել է Բաքու-Ստեփանակերտ երկխոսության «նշաձողը»։

Պաշտոնական Երևանը մինչև այժմ չի արձագանքել Ստեփանակերտին, փոխարենը հրապարակվել են արտգործնախարար Միրզոյանի գրավոր պատասխանները լրատվամիջոցների հարցերին։ «Ազատությունը» խնդրել էր Արտգործնախարարությանը մեկնաբանել՝ ի՞նչ ասել է «համոզել», ու արդյոք Բաքվի հետ բանակցող Երևանը շարունակում է պնդել, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային մեխանիզմ լինի, թե առանց դրա հանդիպման մասին էր խոսում Ռուսաստանի արտգործնախարարը։

«Տարածաշրջանում երկարատև խաղաղության հասնելու համատեքստում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրման անհրաժեշտության վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը չի փոխվել։ Բազմիցս ենք ընդգծել, որ այդ հարցերը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով, իսկ այդ երկխոսության արդյունավետությունը կարող է երաշխավորվել միայն միջազգային ներգրավվածության և գործուն մեխանիզմի միջոցով», - նշել է նախարարը։

Արարատ Միզոյանը նաև պնդել է, որ Լաչինի միջանցքն ապաշրջափակելու Երևանի դիրքորոշումն անփոփոխ է, իսկ այլ ճանապարհներով Արցախ բեռների տեղափոխելու հարցեր քննարկելու իրավասություն ՀՀ-ն չունի։ Այս դեպքում հարցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարություններին էր վերաբերում, որին հղում անելով ադրբեջանական կողմը պնդել է, թե առաջնորդների բրյուսելյան հանդիպմանը համաձայնություն է ձեռք բերվել այլ ճանապարհներով Լեռնային Ղարաբաղ բեռների տեղափոխման շուրջ։

Միշելը, մասնավորապես, «Ադրբեջանի տարածքով՝ Աղդամով» Ստեփանակերտ հումանիտար բեռներ հասցնելու ադրբեջանական առաջարկն էր կարևորել։

«Լաչինի միջանցքի անօրինական արգելափակումը պետք է վերացվի, և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը պետք է վերականգնվի։ Հայաստանն իրավասություն չունի և չի կարող քննարկել Լեռնային Ղարաբաղ բեռներ տեղափոխելու այլ ճանապարհների հետ կապված հարցեր», - ընդգծել է նախարար Միրզոյանը։

Պաշտոնական Երևանը կրկին հիշեցրել է Լաչինի միջանցքը բացելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի արդեն հինգ ամիս չկատարվող որոշումը։