Մատչելիության հղումներ

«Ավելի կոշտ միջոցների ժամանակը եկել է»․ Արցախում թանկ վաճառվող ապրանքը տնտեսվարողից հարկադրաբար կվերցվի


Արցախում այսօրվանից արգելվում է թույլատրելիից բարձր գնով ապրանքների վաճառքը։ Թանկ վաճառվող ապրանքը տնտեսվարողից հարկադրաբար կվերցնեն և կվաճառեն պետության սահմանած գնով, հայտարարել է պետնախարարը։

«Թեև Արցախի շրջափակման մերօրյա պայմաններում շուկայում իրացման ենթակա ապրանքները գրեթե սպառված են, այդուհանդերձ եղածն էլ մեր շարքերում գտնվող նյութապաշտների կողմից բացահայտ կամ գաղտնի եղանակով բնակչությանն իրացվում է սահմանված գներից անհամեմատ բարձր արժեքով: Հույս ունենալով, որ իրավիճակը կարող է ինքնակարգավորվել, ստեղծված պայմաններում պետությունը որոշակիորեն զերծ է մնացել կարգավորման վարչական մեթոդներ ու հարկադրանքի միջոցներ կիրառելուց, սակայն ընթացքը ցույց տվեց, որ առանց կոշտ քայլերի կարգավորման հասնել հնարավոր չէ», - հայտարարել է Գուրգեն Ներսիսյանը՝ հավելելով, որ բարձր գնով վաճառողները նաև կենթարկվեն վարչական պատասխանատվության։

Մինչ Հայաստանից դեռ երեկ ուղարկված հումանիտար օգնությունը կանգնած է Հակարիի կամրջի մոտ, յոթ ամսից ավել շրջափակված Արցախում առաջին անհրաժեշտության ապրանքների գները մի քանի անգամ թանկացել են։ Իրավիճակը հատկապես սրվել է վերջին մեկ ամսվա ընթացքում, քանի որ որևէ տեսակի ապրանք Արցախ չի մտնում, վառելիքի սպառվելու պատճառով խիստ դժվարացել է նաև շրջաններից Ստեփանակերտ տեղական գյուղմթերքի մատակարարումը, արդեն մի քանի օր չի աշխատում նաև հանրային տրանսպորտը։

«Խոսքը վերաբերում է և՛ սննդին, և՛ դեղորայքին, և՛ վառելիքին, և՛ մնացած առաջին անհրաժեշտության պարագաներին։ Իհարկե, առաջնահերթ խնդիրն այս պահին՝ հրատապը, վառելիքն է, քանի որ վառելիքի սուր սղության պատճառով արդեն սննդի ներքին արտադրանքի մատակարարման խնդիրներ էլ են ծագել, չհաշված գյուղատնտեսական աշխատանքները գրեթե ամբողջությամբ դադարել են», - «Ազատությանը» փոխանցեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված պայմաններում վերահսկողությունը խստացնելն անհրաժեշտություն է։

«Տարբեր բնույթի վերահսկողական միջոցներ տարբեր ժամանակահատվածներում կառավարության կողմից կիրառվել են, բայց չէի ասի, թե ամբողջությամբ էֆեկտիվ են, որովհետև ստվերային գործընթացներն անընդհատ խաթարում են այս հարաբերությունները, և կարծում եմ, այո՛, որոշակի ավելի կոշտ միջոցների ժամանակը եկել է», - ասաց Բեգլարյանը։

Արցախի պետնախարարի խորհրդականի խոսքով՝ սպասում են Հայաստանից ուղարկվող օգնությանը, որն ընդամենը մի քանի օր կբավարարի, հետևաբար առանց Լաչինի միջանցքը բացելու իրավիճակը չի մեղմվի. -«Խնդիրը հումանիտար չէ, խնդիրը քաղաքական է, և Լաչինի միջանցքի ռեժիմը պետք է վերականգնվի, և դրա փակ լինելու պատճառները քաղաքական են, ոչ թե հումանիտար են, հումանիտարը զուտ քաղաքական խնդիրների հետևանքներն են»։

«Երեխաներն, իրոք, սովամահ են լինում»

Ստեփանակերտից 10 կիլոմետր հեռու գտնվող Իվանյան գյուղի բնակիչ Արմինե Մաթևոսյանը 4 երեխաների մայր է, ասում է՝ ինքը հոգեպահուստ միշտ ունի, բայց վիճակը գնալով ավելի է բարդանում։ Երկու օրը մեկ են հաց գնում։

«Երեխաներն, իրոք, սովամահ են լինում։ Պատկերացրեք՝ մենք մի օր հացը առնում ենք երկու օրվա չափով ու փորձում ենք այնպես խնայողաբար օգտագործել, որ հաջորդ օրն էլ օգտագործենք դա», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա։

Պատերազմից հետո Շուշիից Իվանյան տեղահանված կինը պատմում է, որ այս տարի կարկուտները շատ էին, գյուղացիների բերքի մեծ մասը վնասվեց, իսկ ցորենի արտերը մշակել չստացվեց՝ ադրբեջանցիներն են խոչընդոտում. - «Ադրբեջանը մոտ չի թողնում գնանք, գյուղացին մտնում է, որ պետք է գործ անի, սկսում են միանգամից խփել՝ տարբեր տեսակի զինատեսակների կիրառելը ժողովրդի վրա, ցորենի արտերում, խաղողի այգիներում, նռան այգիներում»։

«Եթե պետնախարարն իրականում փորձի վերահսկել գները, ժողովուրդը դրանից միայն կշահի»

Պաշարված արցախցիներին սնունդ, առաջին անհրաժեշտության իրեր հասցնող կամավոր Արշակ Աբրահամյանը նկատում է՝ կառավարությունը նման խստացումներ առաջին անգամ չէ կիրառում։ Սահմանված գնացուցակներ էլի են եղել, բայց օգուտ չեն տվել։

«Գները, բնականաբար, աճել են, եղածին գումարվել է նաև այն, որ չեն կարողանում, գյուղացիները մթերքը դժվար են հասցնում Ստեփանակերտ։ Դա ևս հավելյալ գնաճի խթան է հանդիսանում, և կարծում եմ՝ եթե պետնախարարն իրականում ոչ թե ելույթ ունենա, այլ իրականում փորձի վերահսկել գները, ժողովուրդը դրանից միայն կշահի», - նկատեց նա։

Տրանսպորտի գործունեությունը ընդհանրապես կասեցնելուց հետո արցախցի երիտասարդ կամավորները փռերից հաց են հասցնում մարդկանց, փորձում թեթևացնել հերթերը։ Աբրահամյանն ընդգծում է՝ պետությունն ինքը պետք է կարգավորի այս և այլ հարցերը, այդ թվում՝ գյուղացիներից բերքը մթերի հենց տեղում, որ նրանք սեփական միջոցներով դժվարությամբ չհասնեն քաղաք ու այն շատ թանկ վաճառեն։

«Արցախի «Անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման ներկայացուցիչներով մենք գնացինք և տեղում հնարավորին չափ փորձեցինք բերքահավաքը կազմակերպել, այսինքն՝ բանջարեղեն և այլն տեղում հավաքել, բերել, հասցնել քաղաք։ Մենք փորձում ենք այդ ամեն ինչը մեր ուժերով կատարել, բայց հիմնական դերակատարությունը պետք է ունենա պետությունը», - ասաց «Վերնատուն» երիտասարդական վերլուծական կենտրոնի ղեկավարը։

Իր հերթին, Արտակ Բեգլարյանն ասում է՝ այս մասին մտածել են, արտադրողներին առաջարկել են հենց տեղում գյուղացիներից գնել բերքը, բայց քանի դեռ հանրային տրանսպորտը գործում էր, մարդիկ իրենք էին բերում ապրանքը քաղաք։ Հիմա արդեն, որ տրանսպորտն էլ չի գործում, այս տարբերակը կսկսի գործել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG