Կալանավորված պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը օգոստոսի 1-ին ու 2-ին ԱԺ-ում կպատասխանի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննիչ հանձնաժողովի անդամների հարցերին, «Ազատությանը» փոխանցեց հանձնաժողովականներից, իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։
«Անպիտան հրթիռների» գործով առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար մեղադրվող Դավիթ Տոնոյանն էր պատերազմի ժամանակ ղեկավարում ռազմական գերատեսչությունը։ Հակակոռուպցիոն դատարանը երեկ թույլատրեց նրան մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին։
«Օնլայն չի արվելու, Դավիթ Տոնոյանը գալու է հենց հանձնաժողով, նրան քրեակատարողական հիմնարկից ուղեկցելու են Ազգային ժողով։ Ուղեկցումն իրականացնում են Հատուկ ոստիկանության ստորաբաժանումները», - «Ազատությանը» փոխանցեց Խաչատրյանը։
Տոնոյանի փաստաբանն «Ազատությանն» ասել էր՝ դատարանը թույլ է տվել, բայց Տոնոյանը կմասնակցի, թե՝ ոչ, չգիտի։
Արմեն Խաչատրյանը պնդում է՝ նախկին նախարարը մասնակցության համաձայնությունը տվել է։
Մինչև հանձնաժողով՝ վարչապետի գնալը, Տոնոյանն մասնակցության համար պայման էր դրել, որ Նիկոլ Փաշինյանն էլ գա այդ նիստին ու այն բաց լինի։
Փաշինյանի կաբինետի նախկին անդամն այդ հայտարարության մեջ կասկածի տակ էր դրել բացառապես իշխանական պատգամավորներով աշխատող հանձնաժողովի անկողմնակալությանը։ Վարչապետի մասնակցությունից հետո, սակայն, մտքափոխվեց, որոշեց բացատրություններ տալ։ Ինչպես պատճառաբանել էր՝ հաշվի առնելով հանրային պահանջը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տոնոյանը որոշել է ներկայանալ քննիչ հանձնաժողով, հանդիպման ձևաչափը դեռ կորոշվի«Ավելին՝ ինքը ևս միջնորդություն է ներկայացրել դատարան, որ մենք գանք և մենք նույնպես միջնորդություն ենք ներկայացրել։ Դատարանի որոշումը պայմանավորված է երկու կողմերի միջնորդությամբ», - ասաց պատգամավորը։
Հարցերի մի մեծ հատված, ըստ Խաչատրյանի, պատերազմում պարտության պատճառներին են վերաբերելու։
«Մենք իրեն առաջարկելու ենք ազատ շարադրել այն ամենը, ինչը գիտի, ինչն ուզում է ասել, նոր դրանից հետո, կարծում եմ, կանցնենք հարցերի։ Բոլորին էլ այդ հարցերը հետաքրքրում են՝ պատերազմի առիթների սկսելու վերաբերյալ, իր կատարած գործողությունները։ Իրեն հարցերի մի լուրջ հատվածը վերաբերում է պարտության պատճառներին, կոնկրետ հատվածներում պարտություն կրելու մասին՝ Շուշին է, Հադրութն է, 9-րդ պաշտպանական շրջանն է և բազմաթիվ այլ հարցեր՝ զենքի մատակարարման, նյութատեխնիկական ապահովման, մարդկային ռեսուրսների ներգրավման, կազմակերպվածության, հրահանգների, հրամանների, հիմնականում այս շրջանակներն են», - ասաց պատգամավորը։
Արմեն Խաչատրյանի խոսքով՝ Տոնոյանին փակ նիստում հարցեր կուղղեն։ Այդ հանձնաժողովի բոլոր նիստերը, բացառությամբ երկուսի, որոնց մասնակցում էր Նիկոլ Փաշինյանը, փակ են ընթացել։
«Փակ ձևաչափով է լինելու», - ասաց Խաչատրյանը։
Հարցին, թե Տոնոյանը բաց ձևաչափով անցկացնելու պայման չէր դրե՞լ և ինքը տեղյա՞կ է և համաձա՞յն է ֆորմատին, Խաչատրյանը պատասխանեց․ - «Այո՛, ինքը ֆորմատին տեղյակ է, համաձայն է»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե դատարանը դրական արձագանքի Տոնոյանի միջնորդությանը, ապա քննիչ հանձնաժողովը օգոստոսի 1-ին նիստ կհրավիրի. Անդրանիկ Քոչարյան