Տիգրան Առաքելյանին ՔԿ-ում խոշտանգելու գործով առայսօր որևէ մեղադրյալ չկա

  Տիգրան Առաքելյան

Քննչական կոմիտեի նախագահի ու Երևանի քննչականի պետի կողմից խոշտանգվելու մասին նախկին ակտիվիստի հայտարարությունից ու քրեական գործից մեկ ամիս անց իրավապահները ո՛չ Արգիշտի Քյարամյանին, ո՛չ էլ Ազատ Գևորգյանին մեղադրանք չեն ներկայացրել։

Գլխավոր դատախազությունից այսօր «Ազատությանը» փոխանցեցին, որ գործով որևէ մեղադրյալ չկա։ Թե ինչու՝ չեն մանրամասնում։ Ավելին, գործը քննող Ազգային անվտանգության ծառայությունն իր հերթին չի բացահայտում, թե արդյոք հարցաքննվել են այս երկու բարձրաստիճան պաշտոնյաները։ Հայտնի է միայն, որ խոշտանգման մասին բարձրաձայնած Տիգրան Առաքելյանը որպես տուժող հարցաքննվել է Ազգային անվտանգության ծառայությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տիգրան Առաքելյանը պնդում է՝ Քննչական կոմիտեի ղեկավարն անձամբ է իրեն խոշտանգել. կառույցը պնդումն անհիմն է համարում 

Նախկինում ընդդիմադիր ակտիվիստ Տիգրան Առաքելյանը շաբաթներ առաջ հայտարարել էր, որ քննչականում Քյարամյանն ու Գևորգյանն իրեն ծեծել են, էլեկտրաշոկով փորձել տեղեկություններ կորզել։

«Ենթարկվել եմ ծեծի, ենթարկվել եմ հայհոյանքների, սպառնալիքներ ընտանիքիս համար։ Ինձ ասել են, որ կնոջդ և երեխայիդ դու այլևս չես տեսնելու, մեքենա է, կգցի տակը, ձեր տունը կամ պաժառ կընկնի գիշերը, ինչ-որ մի բան կպատահի ձեր տնեցիներին, որովհետև ձեզ ընտանիքով ենք վերացնելու։ Ասողը ոչ ավել ոչ պակաս եղել է Քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանը», - պնդել էր Առաքելյանը։

Մինչ օրս Քննչական կոմիտեի նախագահն ու նրա ենթական որևէ կերպ չեն արձագանքել Առաքելյանի պնդումներին, միայն Քննչական կոմիտեի լրատվականն է հերքել, թե նման բան է եղել։

«Անհիմն, օդից արված հայտարարությունները չենք մեկնաբանում․ դրա համար կա իրավական ընթացակարգ։ Անձը եթե համարում է, որ իր նկատմամբ կատարվել է հանցագործություն, տվյալ դեպքում՝ խոշտանգում, ինչպես պնդում է, կարող է օգտվել այդ ընթացակարգից, քննություն կարվի, կպարզվեն հանգամանքները», - արձագանքել էին կառույցից։

Առաքելյանն անցնում է պաշտոնյաների մասին արատավորող տեղեկություններ պարունակող, հայհոյախառն եթերներով հայտնի նախկին ոստիկան Վարդան Ղուկասյանի գործով։ Մեղքը չի ընդունում։ Տնային կալանքի տակ գտնվող նախկին ակտիվիստի իրավունքները սահմանափակված են, մի քանի անգամ Ֆեյսբուքի իր էջով ուղիղ եթերով պատմել էր, թե Քյարամյանն իրենից ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի դեմ ցուցմունք էր պահանջում՝ մասնավորապես, արդյո՞ք այդ երկու կառույցները տեղեկություններ են տվել իրեն, որ ինքն էլ, իր հերթին, Վարդան Ղուկասյանին փոխանցի։

Ժաննա Ալեքսանյան

Ժաննա Ալեքսանյան

«Մահվան երկու դեպք երեք ամսվա մեջ», - Քննչական կոմիտեում հարցաքննությունների տարված մեղադրյալների վերաբերյալ պաշտոնական տվյալներն է հիշեցնում իրավապաշտպանը։ Վերջին դեպքը անցած շաբաթ էր, երբ քննչականի մասնաշենքերից մեկից պատուհանից նետվել էր Ռուսաստանի մի քաղաքացի. - «Լսե՞լ եք արդյոք վարչապետի կողմից որևէ խոսք քննչական մարմիններին ուղղված։ Չէ՞ որ մարդիկ են մահանում, ո՞վ ա ասել, որ էդ մարդիկ պիտի մահանային»։

Ալեքսանյանը պնդում է, որ վարչապետ Փաշինյանը պետք է անդրադառնա այս հարցերին՝ իրավապահներին ուշադրությունը հրավիրելով նաև վերջին ամիսներին ոստիկանների կողմից փաստաբանների, նրանց պաշտպանյալների նկատմամբ խոշտանգումների դեպքերին։

«Այս և Եռաբլուրում անցած սեպտեմբերին զոհվածների հարազատների նկատմամբ ոստիկանների բռնությունների գործերով ամիսներ անց էլ մեղադրյալներ չկան», - հիշեցնում է Ալեքսանյանն ու ընդգծում՝ Քյարամյանը, որի ղեկավարած Քննչականը պետք է զբաղվի այս բացահայտումներով, ինքն է հայտնվում նման միջադեպի առանցքում. - «Նիկոլ Փաշինյանի ընտրյալն է Արգիշտի Քյարամյանը։ Մենք դա տեսել ենք և համոզվել ենք էս ընթացքում, որքան որ Քյարամյանը ի հայտ ա էկել հանրությանը»։

Քննչականից «Ազատությանը» փոխանցեցին, որ Արգիշտի Քյարամյանը, ինչպես նաև Երևանի քննչական վարչության պետ Ազատ Գևորգյանը շարունակում են աշխատանքի գնալ, նրանց լիազորությունները կասեցված չեն։