«Շնչելու օդը ե՞րբ է սպառվելու, դա էլ փակեք, պրծնենք», - արցախցի կինն այսպես է արձագանքել Տարածքային կառավարման նախարարության այսօրվա հայտարարությանը, թե վաղվանից դադարելու է հանրային տրանսպորտը Արցախի ողջ տարածքում. վառելիքի պաշարները սպառված են։
Ավելի վաղ Ստեփանակերտի տրանսպորտն էր կանգնել, բայց շրջանների հետ կապը դեռ պահպանվում էր։ Այժմ գյուղերում աճեցրած լոբին ու կարտոֆիլն էլ քաղաք չի հասնի։
Արցախում հիմա միայն հաց է վաճառվում՝ այն էլ սահմանափակ քանակով: «Հացն էլ տժարացավ», - ասում է մարտակերտցի Սերգեյ Բախշիյանը:
Հացի արտադրամասի աշխատակից Լյուդմիլա Մեժլումյանն ասում է՝ ալյուրը դժվարությամբ են արտադրամաս հասցնում, վառելիք չկա, հաց թխելու համար անհրաժեշտ ձեթն ու աղը մի կերպ են ճարում. - «Եթե ալյուր լինի, մենք կաշխատենք, սաղին էլ կբավարարենք: Շատ դժվարությամբ ենք ալյուրը ստեղ հասցնում»:
Ճանկաթաղցի Լաուրա Մարտիրոսյանը 10 երեխա է մեծացնում՝ կրկնվող մենյուով. բրինձ է՝ ջրի մեջ։ Մեծ ընտանիքը ընդամենը 4 հաց է կարողանում ձեռք բերել:
Գազալցակայաններում կուտակված մեքենաներ են, այն օրից, երբ Ադրբեջանը մի քանի ժամով բացեց գազի փականը, մարդիկ հրելով, քարշակներով մեքենաները հասցրին լիցքավորման կետեր, գազն անջատվեց, մեքենաները մնացին տեղում:
«Մարդիկ չունեն համապատասխան... նույնիսկ 1-2 կմ քշեն, հասցնեն մեքենաները իրանց հայաթները», - ասաց Արման Աթաբեկյանը:
Արցախը ոռոգման ու խմելու ջրի խնդիր ունի, աղբահանություն՝ մաքրությամբ հայտնի Ստեփանակերտում չի կատարվում, գազ չկա, հոսանքը՝ հովհարային անջատումներով, այժմ էլ փակման եզրին են մանկապարտեզները:
Սնունդ չկա, տրանսպորտ չկա. մարդիկ հեռու թաղերից երեխաներին բերել չեն կարողանում ... 4-ամյա Լինայի ճաշացանկում մի քաղցր բան կա միայն՝ ջեմը:
Սստեփանակերտի մանկական հիվանդանոցում փոքրիկներ են՝ բարդացած հիվանդություններով։ Վերակենդանացման բաժանմունքի ղեկավարն ասում է՝ ծնողները վառելիք դժվարությամբ են գտնում շրջաններից երեխային հիվանդանոց հասցնելու համար։ Այստեղ փորձում են ոտքի հանել փոքրիկներին, բայց ի՞նչ տալ նրանց, օրինակ, վիրահատությունից հետո՝ Արցախում նույնիսկ շշալցված ջուր չկա:
«Ասում են՝ վիրահատությունից հետո յոգուրտ ուտեն, թթվասեր ուտեն, արդեն պացիենտների մոտ խնդիր է առաջանում», - ներկայացրեց բուժքույր Մարինե Սարգսյանը:
Բաքուն Հակարիի անցակետում հիմա էլ բժշկական անձնակազմ է տեղակայել
225 օր Արցախը պաշարման մեջ է, հունիսի 15-ից Հակարիի ադրբեջանական անցակետը փակ է նույնիսկ հումանիտար բեռների։ Միայն Կարմիր խաչի մեքենաներն են երբեմն թույլտվություն ստանում ու ծանր հիվանդների երևանյան հիվանդանոց տեղափոխում։ Բաքուն Հակարիի անցակետում հիմա էլ բժշկական անձնակազմ է տեղակայել, ադրբեջանցի բժիշկները պետք է զննեն տեղափոխվող հիվանդներին
Արցախցի կինը երեխայի հետ մեկ ամիս սպասում էր, որ Կարմիր խաչը իրենց Երևան տեղափոխի, դուստրը տեսողության, նաև առողջական այլ խնդիրներ ունի, շաբաթ օրը 12 հիվանդների հետ հասան Հակարիի ադրբեջանական անցակետ։ Երեխան ակնոցով է եղել՝ ադրբեջանցի բժիշկը չի զննել, մի քանի հարց է տվել: Թե ինչպե՞ս անցան անցակետով՝ կարճ ժամանակ է անցել, բայց արցախցի կինն արդեն չի հիշում, ասում է՝ «այնքան նյարդային էի». - «Ներվային եմ եղել, սթրեսային վիճակում եմ եղել»:
Տասն օր առաջ ադրբեջանական կողմը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի համար էլ փակեց անցակետը: Այդ ժամանակ Արցախի պետնախարարը տեղեկացրեց, որ նոր նախապայմաններ են առաջ քաշել, հիվանդները պետք է բուժզննման ենթարկվեն նաև անցակետում, եթե կարիք լինի, պիտի մերկանան։ Երեկ «Ազատության» «Կիրակնօրյա» թողարկման եթերում Գուրգեն Ներսիսյանն ասաց՝ մի կերպ համոզել են, որ գոնե բուժզննման ժամանակ տեսախցիկներ չլինեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում նաև խմելու ջրի խնդիր է հասունանում«Ծանր վիճակում գտնվող հիվանդ կա, որին Հայաստանի Հանրապետություն Կարմիր խաչը տեղափոխում է նստած վիճակում, նրանց իջեցնում են, և ադրբեջանցիներն ասում են՝ պետք է բուժհետազոտության ենթարկենք, ընդհուպ, եթե անհրաժեշտ լինի, այդ բուժհետազոտությունը պետք է զուգորդվի անձի մերկացմամբ, լրացուցիչ հետազոտություններով: Կարմիր խաչին այսօր հաջողվել է մի կերպ համոզել, որ գոնե այդ գործընթացը տեսախցիկների առաջ չկատարվի», - ներկայացրեց ներսիսյանը:
Այսօր և շաբաթ օրն են Կարմիր խաչի երկու մեքենաները՝ հիվանդներով ու նրանց ուղեկցողներով անցել Հակարիի անցակետով։ Ադրբեջանական լրատվամիջոցները տեսանյութեր են տարածել՝ «ղարաբաղահայեր, որ ցանկանում են հատել Լաչինի սահմանը» վերնագրով... կադրերում արցախցիներ են անձնագրային ստուգման հերթում, նաև բեռների ստուգման գործընթացն են նկարահանել։ Բուժզննման կադրեր ադրբեջանական լրատվամիջոցները չեն տարածել։
«Ուզում եք Բաքվով Հայաստան գնալ, կերաշխավորենք Ձեր անվտանգությունը», - այսօր արցախցիներն այսպիսի առաջարկ են ստացել՝ հեռախոսազանգով ։ Արցախի ազգային անվտանգության ծառայությունը արցախցիներին կոչ է արել ապատեղեկատվությանը չտրվել՝ «եթե զանգին պատասխանել եք, գոնե հարցերին մի պատասխանեք»։