Բերել Արևմուտքը համեմատել Ռուսաստանի հետ՝ թե՛ Լաչինի միջանցքի, թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի անվտանգության ապահովման հարցում, լավ պարագայում մեթոդաբանական սխալ է, վատ պարագայում հենց քաղաքական նպատակադրված շահարկում է, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արեգ Քոչինյանն՝ անդրադառնալով France-Presse-ի հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
France-Presse-ի դիտարկմանը, թե «հասկանալի է, որ Ռուսաստանը չի բավարարել Հայաստանի սպասելիքները պատերազմի ժամանակ և դրանից հետո ու հարցին, թե «ինչպե՞ս է արդարացնում Ռուսաստանի հետ սերտ կապերը կամ վստահությունը», Փաշինյանը պատասխանել է, թե նույն հարցը կարելի է տալ ցանկացած երկրի մասին՝ «ինչպե՞ս եք Դուք արդարացնում որևէ ուրիշ երկրի հետ լավ հարաբերություններն այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղում խախտվում են մարդու իրավունքները, հումանիտար ճգնաժամ է, էթնիկ զտումներ են նախապատրաստվում, իսկ այդ երկրները պատշաճ ռեակցիա չեն տալիս»։
«Ազատության» հարցին, թե արդյոք արդարացվա՞ծ է նման հավասարության նշան դնելն Արևմուտքի և Ռուսաստանի միջև, Քոչինյանը պատասխանեց՝ մեկնաբանելու համար նախ երկու շերտ է պետք առանձնացել։
Առաջինը, ըստ քաղաքական մեկնաբանի, ի տարբերություն Ռուսաստանի, Արևմուտքը որևէ իրավապայմանագրային պարտավորություն ոչ Հայաստանի, ոչ Արցախի, որ էլ առավել ևս Լաչինի միջանցքի նկատմամբ չունի, նույնը չի կարելի ասել Ռուսաստանի մասին՝ Ռուսաստանը Հայաստանի հետ ՀԱՊԿ անդամ է, ռազմավարական դաշնակիցն է, խաղաղապահ կոնտինգենտի տերն է Արցախում, Լաչինի միջանցքի տերն է Արցախում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ի՞նչ է առաջարկվել Լաչինի միջանցքի մասով բանակցային փաստաթղթերումՎերջին մի քանի շաբաթների ընթացում Մոսկվան ակտիվացել է, նկատում է Քոչինյանը՝ միևնույն ժամանակ շեշտելով՝ փիլիսոփայական տարբերություն կա բրյուսելավաշինգտոնյան ֆորմատի և մոսկովյան ֆորմատի մեջ։
«Առաջինը՝ ցանկանում է տեսնել երկարաժամկետ խաղաղություն և հարաբերությունների կարգավորում։ Ոչ թե ցանկանում է ինչ-որ էսպես շատ մեծ հումանիստական բնույթից ելնելով, կամ մեր սիրուն աչքերից ելնելով, այլ որովհետև դա էականորեն նվազեցնելու է Ռուսաստանի ազդեցությունը մեր տարածաշրջանում և էականորեն ստաբիլիզացնելու է մեր տարածաշրջանը։ Դրան հակառակը՝ Ռուսաստանը չի ուզում տեսնել արցախյան հիմնահարցի երկարատև կարգավորումը, հայ-ադրբեջանական կարգավորումը ու դրանից անմիջապես հետո եկող հայ-թուրքական կարգավորումը, որովհետև արդեն ակնհայտ է, որ թուրքական կողմի միակ պահանջն, ըստ էության, կարգավորմանն ընդառաջ, հայ-ադրբեջանական կարգավորումն է, այսինքն՝ այս երկուսը շղթայական կապով միմյանց հետևից գնացող գործընթացներ են։ Հիմա, երբ վերցնում ես այս սկզբունքը, որ ռուսական կողմի համար երկարաժամկետ խաղաղությունը ձեռնտու չի և շահեկան չի, ցանկացած ֆորմատով բանակցություններ Մոսկվայում այլևս չունեն այն վեկտորը, որը մեզ պետք է, և դրանով իսկ վստահության արժանի չեն, բնականաբար», - ասաց Քոչինյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․