Հայաստանի Ազգային ժողովը պետք է ուսումնասիրի երկրի՝ Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատի դրա ռիսկերը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար։ Այդ մասին ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը։
Հայաստանի Սահմանադրական դատարանը 2023 թվականի մարտի 24-ի որոշմամբ նշել է, որ Հռոմի կանոնադրությունը չի հակասում երկրի Հիմնական օրենքին։
«Ինչպես հասկանում ենք, դա նշանակում է, որ Հայաստանը ճանաչում է Հաագայի դատարանի իրավասությունը նրա վարած բոլոր գործերի առնչությամբ: Մենք ելնում ենք նրանից, որ մեր հայ գործընկերների այս քայլը հակառուսական ենթատեքստ չունի, բայց, այնուամենայնիվ, գործնականում այն էական վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին: Մենք կոչ ենք անում մեր դաշնակիցներին ևս մեկ անգամ ուշադիր դիտարկել Հռոմի կանոնադրությանը միանալու հետևանքները և գնահատել հնարավոր ռիսկերը Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների համար։ Այս դեպքում դիմում եմ խորհրդարանականներին»,- ասել է Վորոբյովը։ Նրա խոսքով՝ այժմ երկխոսություն է ընթանում Ռուսաստանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարությունների միջև։
Փետրվարին Հաագայի Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել։ Միջազգային իրավունքի մասնագետները համոզված են, որ Հռոմի կանոնադրությանը միանալու դեպքում Հայաստանը ստիպված կլինի ձերբակալել Ռուսաստանի նախագահին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Պուտինը Յոհանեսբուրգ չի մեկնի, ուր նրան ձերբակալություն է սպառնում Կրեմլի պնդմամբ՝ Հարավաֆրիկյան Հանրապետությանը չի ասվել, թե Պուտինի ձերբակալությունը կնշանակի պատերազմ հայտարարել Ռամաֆոսան ՄՔԴ-ից խնդրում է Պուտինին չձերբակալելու թույլտվություն