Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն այսօր ասել է, թե Ռուսաստանը Հարավաֆրիկյան Հանրապետությանը չի ասել, թե Վլադիմիր Պուտինի ձերբակալությունը կնշանակի պատերազմ։
Կրեմլի խոսնակի մեկնաբանությունից քիչ անց Հարավային Աֆրիկան հայտարարեց, որ փոխադարձ համաձայնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի մասնակցի օգոստոսին Յոհանեսբուրգում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին։
Հարավային Աֆրիկան Հռոմի ստատուտը ստորագրած երկրներից է և պարտավոր է կատարել Միջազգային քրեական դատարանի որոշումները և ձերբակալել հետախուզման մեջ գտնվող ամբաստանյալներին, այդ թվում՝ Վլադիմիր Պուտինին:
Երեկ հայտնի դարձավ, որ Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահ Սիրիլ Ռամաֆոսան Միջազգային քրեական դատարանից Պուտինին չձերբակալելու թույլտվություն էր խնդրել։
«Հարավային Աֆրիկան ակնհայտ խնդիրներ ունի նախագահ Պուտինին ձերբակալելու և արտահանձնելու խնդրանքը կատարելու հարցում: Ռուսաստանը նկատել է տվել, որ իր նախագահի ձերբակալությունը կհամարի պատերազմի հայտարարություն», - ասվում է Ռամաֆոսայի նամակում։
Անցած ամիս Ռամաֆոսան հանդիպել էր Պուտինին՝ ռուս-ուկրաինական խաղաղության աֆրիկյան նախաձեռնության շրջանակում։