Հռոմի կանոնադրությունն առաջիկայում կներկայացվի Ազգային ժողով՝ վավերացման, «Ազատությանը» հայտնում են Կառավարությունից, սակայն առանց հստակեցնելու, թե կոնկրետ երբ։
Փաստաթղթին միանալու դեպքում, ենթադրվում է, որ Հայաստան այցի դեպքում Վլադիմիր Պուտինը պետք է ձերբակալվի, ինչպես պահանջում է Միջազգային քրեական դատարանը։
Արդյոք միջազգային համաձայնագրի քննարկումը կներառվի առաջիկա արտահե՞րթ, թե՞ արդեն խորհրդարանի աշնանային նստաշրջանի օրակարգում, դեռ հայտնի չէ։ Մինչև այդ, իշխող ուժից էլ չեն հստակեցնում՝ ի՞նչ դիրքորոշում ունեն՝ կո՞ղմ, թե՞ դեմ են միջազգային համաձայնագրի վավերացմանը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտնեց՝ իշխող ուժում այս հարցի շուրջ քննարկումներ չեն եղել, քանի որ նախագիծը դեռ Ազգային ժողով չի ներկայացվել. - «Երբ որ կուղարկի Կառավարությունը Ազգային ժողով, արդեն այդ ժամանակ քննարկումներ էլ տեղի կունենան, եթե կարիք լինի՝ հանրային քննարկումներ էլ տեղի կունենան: Այսինքն, այդ ժամանակ նոր Ազգային ժողովը, ըստ էության, իր կարծիքը և եզրակացությունը կտա»:
Հռոմի կանոնադրությունը Հայաստանի Սահմանադրական դատարանը սահմանադրական էր համարել այս տարվա գարնանը։ Բարձր դատարանի որոշումը հաջորդել էր Միջազգային քրեական դատարանի՝ Ռուսաստանի նախագահին ձերբակալելու հրամանին։ Միջազգային իրավունքի մասնագետները համոզված են, որ կանոնադրությանը միանալու դեպքում Հայաստանը ստիպված կլինի ձերբակալել Ռուսաստանի նախագահին։
Մոսկվայից անընդունելի էին համարել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը միանալու Հայաստանի ծրագրերը՝ Երևանին զգուշացնելով «չափազանց բացասական» հետևանքների մասին։
ՀՀ կառավարությունից առայժմ չեն պարզաբանում՝ արդյոք Հայաստանը վերապահումներո՞վ կմիանա միջազգային համաձայնագրին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարն էլ տեղյակ չէ՝ արդյոք գործադիրը խորհրդարան այնպիսի նախագի՞ծ կներկայացնի, որը հնարավորություն կտա շրջացնել Պուտինի՝ Հայաստանում գտնվելու ընթացքում նրան ձերբակալելու պարտավորությունը։
«Բովանդակությանն եք անդրադառնում՝ ես բովանդակության մասին հիմա չեմ խոսելու: Երբ որ կգա Ազգային ժողով, Ազգային ժողովը իր մեկնաբանությունը կտա: Ինչ տեսքով Կառավարությունը կուղարկի և այլն՝ դա կքննարկենք այն ժամանակ, երբ որ կուղարկի: Հիմա կանխակալ մեկնաբանություն չեմ կարող տալ», - «Ազատությանն» ասաց Հովհաննիսյանը:
Երևանը Հռոմի կանոնադրությանը միանալը հիմնավորում է Ադրբեջանի ագրեսիվ գործողություններով՝ ակնկալելով, որ փաստաթղթի վավերացման դեպքում Հայաստանը կկարողանա հանցագործությունների համար Բաքվի դեմ հայցեր ներկայացնել միջազգային դատարանում։
Միջազգային այս ատյանը քննում է ցեղասպանությունները, ռազմական, մարդկության դեմ հանցագործությունները, հետապնդում ռազմական ագրեսիայի համար պատասխանատուներին։
Ազգային ժողովի նախագահն ամիսներ առաջ խնդրահարույց չէր համարել միջազգային փաստաթղթի վավերացման գործընթացը՝ շեշտելով, որ իշխանությունների քայլն ուղղված չէ որևէ մեկի դեմ կամ կողմ չէ։ Խորհրդարանի խոսնակը նաև արձագանքել էր այն հարցին, թե համաձայնագրի վավերացման դեպքում հայաստանյան իշխանությունները քաղաքական կամք կունենա՞ն Պուտինին ձերբակալելու համար։
«Էկեք հլը մի հատ վավերացնենք, վերջացնենք, Ռուսաստանի նախագահը գա... Կիկոսի մահի վերաբերյալ ես մեկնաբանություններ չեմ տալիս», - ասել էր Ալեն Սիմոնյանը՝ հավելելով. - «Ինձ հետաքրքիր ա՝ հիմա որ գնա ուրիշ երկիր, որևիցե... Ես ֆիզիկապես դա չեմ պատկերացնում ու, անկեղծ ասած, իրագործումը որևիցե երկրում չեմ պատկերացնում»:
Խորհրդարանում մեծությամբ երկրորդ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունից էլ դեռ չեն շտապում հայտարարել՝ ինչպես կքվեարկեն նախագծին։ Գեղամ Մանուկյանն ասաց՝ իրենց մտահոգությունները դեռ ամիսներ առաջ են հայտնել։
«Իրենց ամբողջ արտաքին քաղաքականության՝ լղոզված, հակասական արտաքին քաղաքականության նույն տրամաբանությամբ իշխանությունները գործում են նույն Հռոմի ստատուտին միանալու հարցում: Մինչև Կառավարությունը Ազգային ժողով չբերի նախագիծը՝ ինչ փաստաթուղթ են առաջարկում խորհրդարանի վավերացման, դժվար է ասել, թե ինչ է լինելու: Խորհրդարան կգա՝ նոր կխոսենք: Չեղած փաստաթղթի մասին դիրքորոշում արտահայտելը անլուրջ է», - «Ազատությանն» ասաց Մանուկյանը:
Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան էլ այսօր հրաժարվեց մեկնաբանել՝ կո՞ղմ են Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացմանը։