Ադրբեջանի կառավարությունը մերժել է երկրի բոլոր ընդդիմադիր կուսակցությունների վերագրանցման հայտերը․ միակ քաղաքական ուժը, որը ըստ Ադրբեջանի արդարադատության նախարարության համապատասխանում է սահմանված չափանիշներին Իլհամ Ալիևի գլխավորած «Ենի Ազերբայջան»-ն է։
Մյուս կուսակցությունները կլուծարվեն, ընդհուպ՝ կարգելվի դրանց կողմից ժողովներ, հավաքներ անցկացնելը, ֆինանսական գործարքներ կատարելը, եթե առաջիկա մեկ ամսվա ընթացքում չներկայացնեն 5 հազար հոգուց կազմված կուսակցական ցուցակներ։ Ընդ որում՝ Ադրբեջանի կուսակցությունները պարտավոր են նշել իրենց 5 հազար անդամների ոչ միայն անուն-ազգանունները, այլև նրանց անձնական տվյալները՝ ներառյալ հասցեներն ու հեռախոսահամարները։
Ադրբեջանում վիճահարույց այս գործընթացը տեղի է ունենում վերջերս ուժի մեջ մտած «Քաղաքական կուսակցությունների մասին» նոր օրենքի շրջանակում, որն ընդունվել է «Ենի Ազերբայջան»-ի պատգամավորների ձայների շնորհիվ։ Ալիևի վարչակազմի օրենսդրական այս նախաձեռնությունը ամիսներ շարունակ քննադատում են ոչ միայն Ադրբեջանի հատուկենտ ընդդիմադիր ուժերը, այլև միջազգային կառույցները՝ Եվրախորհրդի Վենետիկի հանձնաժողովը, ԵԱՀԿ-ը, որոնք միաբերան պնդում են՝ նոր օրենքի նպատակը Ադրբեջանում ընդդիմության առանց այդ էլ սահմանափակ գործունեությունը վերացնելն է։
Բաքուն անտեսել է հեղինակավոր կառույցների քննադատությունն ու հորդորները, և արդյունքում վերջին երկու ամսվա ընթացքում Ադրբեջանում ավելի քան երեք տասնյակ կուսակցություն դադարել է գոյություն ունենալ:
Նման սպառնալիքի բախված առաջատար ընդդիմադիր ուժի՝ «Ժողովրդական ճակատի» առաջնորդ Ալի Քերիմլին «Թուրան» գործակալության հետ զրույցում պատմել է, որ իր գլխավորած կուսակցությունը պահանջվածից էլ մեծ ցանկ է ներկայացրել արդարադատության նախարարություն, սակայն մերժել են վերագրանցել՝ պնդելով, թե ցուցակում ընդգրկված հարյուրավոր անձանց տվյալները կեղծ են:
«Մենք չենք համակերպվի երկրում իրական ընդդիմությունը ոչնչացնելու և միակուսակցական համակարգ ստեղծելու իշխանությունների մտադրությունների հետ», - ասել է Քերիմլին։
Նույն հիմնավորմամբ մերժվել են նաև Ալիևի մյուս քաղաքական մրցակիցները՝ « Մուսավաթ» և REAL կուսակցությունները, որոնք, ի դեպ, չնայած Ալիևի հետ երկարամյա քաղաքական թշնամությանը, իշխանությունների կողմից իրենց դեմ իրականացվող բռնաճնշումներին, վերջին երեք տարում բացահայտ աջակցում են երկրի նախագահին Ղարաբաղի հարցում:
Աշխարհի ամենաանազատ երկրներից մեկը համարվող Ադրբեջանում վերջին երկու տասնամյակներին միակ իշխող ուժը եղել ու շարունակում է մնալ երկրի ներկայիս ղեկավարի հոր՝ Հեյդար Ալիևի կողմից հիմնադրված «Ենի Ազերբայջան» կուսակցությունը, որն այժմ 70 մանդատ ունի 125-տեղանոց խորհրդարանում։ Ադրբեջանի օրենսդիր մարմնի 7 տեղեր արդեն մի քանի տարի է թափուր են, մյուս ավելի քան չորս տասնյակ պատգամավորները ներկայանում են որպես անկախ կամ այլ կուսակցություններից, սակայն նույնիսկ չեն թաքցնում՝ համաձայն են իշխող ընտանիքի կողմից վարվող քաղաքականությանը։