Գույքի բռնագանձման գործերով անցնող նախկին պաշտոնյաներից ամենամեծ ապօրինի ունեցվածքը կուտակել են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը։ Սրանք դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության տվյալներն են։ Ե՛վ Խաչատրյանների, և՛ Աբրահամյանների գործերն արդեն դատարանում են։
«Երևի թե իրենք Քոչարյաններից, Ռոբերտ Քոչարյանի վարույթով ստացված տվյալներից ավելի շուտ գույքեր ունեն», - «Ազատությանն» ասաց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության պետ Սիրո Ամիրխանյանը։
Աբրահամյաններից դատախազությունը պահանջում է հօգուտ պետությանը բռնագանձել 59 միավոր անշարժ գույք, ավելի քան 52 միլիոն դոլար, 20 ընկերության բաժնետոմս, փոխառություններ։ Բռնագանձման ցանկում է նաև նախկին վարչապետի որդուն՝ Արգամ Աբրահամյանին պատկանող Մոնումենտում կառուցված առանձնատան արժեքը՝ ավելի քան 6.5 միլիոն դոլարը։
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից ու նրա հետ փոխկապակցված 25 անձանցից էլ պահանջում են պետությանը հանձնել 210 անշարժ գույք, որից 60-ը՝ Երևանում, 4 տրանսպորտային միջոց, մասնակցություններ 33 իրավաբանական անձերում, նաև շուրջ 100 միլիոն դոլար։
Աբրահամյաններն ու Խաչատրյանները, սակայն, չեն ընդունում, որ ապօրինի են հարստացել, հետևաբար չեն համաձայնել հաշտության առաջարկին, հակառակ դեպքում գործերը դատաքննության չէին հասնի, փոխարենը պետությանը կհանձնեին ապօրինի որակված իրենց ունեցվածքի 75 տոկոսը, ընդգծում է Սիրո Ամիրխանյանը։
«Հաշվի առնելով, որ մնացած վարույթներով բռնագանձման ենթակա գույքերը խոշոր են, բնականաբար մարդիկ փորձում են հնարավորինս բոլոր միջոցներով պայքարել այդ գույքերը հօգուտ պետության չբռնագանձելու համար», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Մոնումենտի» առանձնատան գնորդն ուզում է փակել պարտքը, դատախազը դեմ է այս առաջարկին«Այն հաշվարկներն ու այն հայցադիմումը, որը դատախազության կողմից ներկայացված է, չենք ընդունում, հակառակ դեպքում հաշտություն կնքված կլիներ էլի», - նշեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի փաստաբան Արմեն Հարությունյանը։
Վերջինս դատարանում էլ է հայտարարել՝ չեն ընդունում դատախազության գնահատականները և դատաքննության ընթացքում կապացուցեն, որ նախկին պաշտոնյան ու նրա ընտանիքը արդար քրտինքով են հարստացել։
«Պարոն Աբրահամյանը 34 տարեկան հասակում բավականին ունեցվածք ունեցել է։ Տեսեք, բիզնեսներ կան, գույքեր կան, որոնք վերագրվում են պարոն Աբրահամյանին, բայց դրանք ընդհանրապես առնչություն չունեն Աբրահամյանի հետ: Չեմ ուզում հիմա կոնկրետ դեպքեր ասել, ամեն դրվագով քննության ընթացքում, ամեն փուլում ներկայացնելու ենք մեր հիմնավորումները», - հավելեց նա։
Մինչդեռ դատախազ Տիգրան Ենոքյանից դատարանում կես ժամ էր պահանջվել, որ թվարկի Աբրահամյանների ընտանիքի ունեցվածքը. - «Իրավասու մարմնի ձեռք բերած տվյալներով՝ շուրջ 59 անշարժ գույքերի ձեռքբերումները լրիվ կամ մասնակի չեն հիմնավորվել Հովիկ Աբրահամյանի օրինական եկամտի աղբյուրներով»։
Դատախազ Ամիրխանյանի խոսքով՝ գույքի բռնագանձման օրենքի ընդունումից հետո միայն երկու քաղաքացի է համաձայնել հաշտության առաջարկին. նրանք հանրությանը հայտնի բարձրաստիճան պաշտոնյաներ չեն. - «Իրենց վարույթով հայտնաբերված գույքի ծավալը եղել է փոքր, և մարդկանց համար, այսպես ասած, էական դժվարություն չի ներկայացրել այդ գույքերը վերադարձնել հօգուտ պետության»։
Դատախազը դժվարացավ ասել՝ արդյո՞ք հաշտության կգնան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները։ Նրանց վերջերս են ծանուցել, որ ներկայանան դատախազություն՝ ծանոթանալու ուսումնասիրության արդյունքներին, ինչից հետո էլ կարվի հաշտության առաջարկը։ Իրավապահները առայժմ հայտարարել են Քոչարյանների ունեցվածքից բռնագանձման ենթակա ավելի քան 80 միլիոն դոլարի, 20 անշարժ գույքի, տարբեր ընկերություններում մասնաբաժինների մասին։
2020 թվականից, երբ այս օրենքն ուժի մեջ մտավ, նախաձեռնվել է 396 ուսումնասիրություն, որից 162-ն ավարտվել են։ Դատարանում այժմ քննվում է 50 գործ, որոնց թվում են նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ազդեցիկ այլ նախկին պաշտոնյաների գործերը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մեկնարկեց Սերժ Սարգսյանի ու նրա դուստրերի ունեցվածքի օրինականության հարցով դատավարությունը ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի պնդմամբ՝ գործը հիմնված է նախկին ոստիկանապետերից մեկի ցուցմունքի վրա«Որոնցով բռնագանձման են ենթակա 390 անշարժ, շուրջ 100 շարժական, 100 իրավաբանական անձանց ու մասնակցության իրավունքներ, ինչպես նաև շուրջ 110 միլիարդ դրամի չափով դրամական միջոցներ։ Որպես այդպիսին կարող եմ նշել, որ գնահատված հայցագինը կազմում է 165 միլիարդ դրամ, սակայն այդ արժեքն իր մեջ չի ներառում իրավաբանական անձանց արժեքը», - ասաց Սիրո Ամիրխանյանը։
Օրերս դատախազություն է կանչվել նաև արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ հետախուզման մեջ գտնվող հայրը՝ Արա Մինասյանը։ Նա նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ դարձյալ հետախուզվող Միքայել Մինասյանի հայրն է։ Ուսումնասիրության արդյունքում ապօրինի է ճանաչվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի նախկին տնօրեն Մինասյանին պատկանող 7 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց և մեկ միլիարդ 200 միլիոն դրամ։