Թեև հայ-թուրքական կարգավորման գործընթացում այս պահին տեսանելի առաջընթաց չկա, այնուամենայնիվ, Մարգարայի կամրջի հարևանությամբ կառուցվում է մաքսային անցակետ։
«Կառավարության նիստերում մի շարք որոշումներ են ընդունվել ֆինանսավորման հետ կապված, ակտիվ շինարարական աշխատանքներ են ընթանում», - ասաց ՊԵԿ ղեկավար Ռուստամ Բադասյանը:
Իսկ թե ե՞րբ կավարտվի, Բադասյանը կոնկրետ ժամկետներ չնշեց. - «Չեմ կարող կոնկրետ ժամկետ նշել, բայց շուտով»:
ՊԵԿ ղեկավարն ավելացնում է, որ տեղյակ չէ կարգավորման գործընթացից և իր ղեկավարած կառույցի գործառույթը մաքսակետը նախապատրաստելն է սահմանի բացմանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայկական կողմը շուտով կավարտի Մարգարայում ենթակառուցվածքները կարգի բերելու աշխատանքները. ՌուբինյանՀայ- թուրքական կարգավորման գործընթացին 2 օր առաջ Վիեննայում Ավստրիայի արտգործնախարարի հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը այն բանից հետո, երբ Ալեքսանդր Շալենբերգն առաջարկեց Վիեննան դիտարկել որպես Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների հարթակ։ Միրզոյանը խոստովանեց, որ այժմ որոշակի դադար կա երկխոսության գործընթացում։
«Մի քանի անգամ մեր ներկայացուցիչներն արդեն հանդիպել են Վիեննայում և հնարավորություն են ունեցել քննարկել կարգավորման հարցերը և հուսով եմ՝ դա կլինի շարունակական: Կցանկանայի հավելել, որ մենք ունեցանք որոշակի դադար այս գործընթացում, որը, կարծում եմ, պայմանավորված էր Թուրքիայում նախընտրական քարոզարշավով և ընտրություններով: Հիմա ժամանակն է շարունակել կարգավորման շուրջ բանակցությունները: Եվ առկա են շատ քայլեր, որոնք արդեն իսկ կարող են իրականացվել երկու կողմերից՝ վստահ լինելու համար, որ մենք ճիշտ ուղու վրա ենք՝ դեպի հարաբերությունների վերջնական, համապարփակ և ամբողջական կարգավորում», - ասաց է Հայաստանի արտգործնախարարը:
Միրզոյանը հավելեց, որ հայ և թուրք բանագնացների հաջորդ հանդիպման մասին պայմանավորվածություն չկա։ Նախկին պայմանավորվածություններով, սակայն, ցամաքային սահմանն արդեն պետք է բացված լիներ 3-րդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրով անձանց համար՝ ամռան սկզբին, այս մասին հայտարարել էր հենց Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Թուրքիան որոշել են բացել ցամաքային սահմանը այլ երկրների քաղաքացիների համար«Կա պայմանավորվածություն, որ ամռան սկզբին սահմանը պիտի բաց լինի երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար: Որպեսզի իրագործենք այս պայմանավորվածությունը, մեր կողմից արդեն աշխատանքներ են տարվում Մարգարա անցակետը դրան պատրաստելու համար, ինչը ենթադրում է ենթակառուցվածքների ստեղծում, վերանորոգում և այլն: Թուրքական կողմը հայտնի է, որ իրենք նույնպես պատրաստվում են դրան, համենայնդեպս, չի հնչել որևէ պնդում, որ պայմանավորվածությունն ուժի մեջ չէ», - նշել է Ռուբինյանը:
Թուրքական կողմը մի կողմից չի դադարեցնում երկխոսությունը Հայաստանի հետ, մյուս կողմից հայ-թուրքական գործընթացը շարունակ կապում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հետ։
Ըստ պայմանավորվածությունների, Հայաստանի ու Թուրքիայի միջև արդեն պետք է հնարվոր լիներ իրականացնել ուղիղ ավիաբեռնափոխադրում, որը ևս մինչ օրս գործնականում հնարվոր չէ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Թուրքիան շուտով կարող են օդային ուղիղ բեռնափոխադրումներ սկսել. ՌուբինյանՍտամբուլում և Երևանում աշխատող գործարար Գագիկ Մուշեղյանը պարբերաբար Թուրքիայի մաքսային ծառայություններից է հետաքրքրվում՝ կարո՞ղ են բեռներ փոխադրել, թե՝ ոչ։
«Խոսքով հնարավոր է, գործնական ոչ մի բան չկա: Այդ կոդը, որ պետք է տային Հայաստանին, մինչև հիմա իրենց մոտ դա փակ է, չկա տենց բան: Ասում եմ երկուշաբթի օրվա տեղեկությունը, որ ուզում էինք ձևակերպում անեինք, օրինական բեռնափոխադրման ձևակերպեինք Թուրքիա-Հայաստան, ասացին, որ չի լինի, որպես ուղևորաբեռ կարող ենք ուղարկել, բայց որպես նորմալ փոխադրում հնարավոր չի, քանի որ իրենք Հայաստանին չեն ճանաչում», - ասաց Մուշեղյանը:
Մինչ այդ սահմանային Մարգարա գյուղում շինարարությունը շարունակվում է, կառավարության նախորդ նիստին դրամական միջոցներ հատկացվեց Մարգարայի անցակետի համար, կառուցապատողի հետ պայմանգիրը կնքվել էր 1 ամիս առաջ, աշխատանքները մեկնարկել են, ընդ որում, կառավարության հիմնավորումներում նշված է, որ «մաքսակետի գործարկման համար սահմանված են սեղմ ժամկետներ», հետևաբար նախագիծն էլ իրականացվում է ոչ ստանդարտ մոտեցումներով։