Կառավարությունը մտադիր է 2029-ից ամբողջությամբ վերացնել եկամտահարկի վերադարձով բնակարան գնելու հնարավորությունը

Երևանից հետո կառավարությունը մտադիր է վերացնել եկամտային հարկի վերադարձով բնակարան գնելու հնարավորությունը նաև մարզերում։

Ըստ նախագծի՝ 2027-ից Արագածոտնի, Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում, իսկ 2029-ից ամբողջ հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան գնելիս եկամտային հարկը չի վերադարձվի։ Բացառություն կլինեն միայն կառավարության ցանկով հաստատված սահմանամերձ բնակավայրերը։

Ֆինանսների նախարարությունը հիմնավորում է, որ վերջին տարիներին եկամտային հարկի վերադարձի համակարգից օգտվողների քանակը մեծացել է և պետական բյուջեից կատարվող ծախսերը էական են. եթե 2015-ին պետությունը համակարգից օգտվողներին վերադարձրել էր ավելի քան 700 հազար դոլար, ապա 2022-ին այդ գումարը կազմել է շուրջ 9.5 միլիոն դոլար։

«Առավել նպատակահարմար է եկամտային հարկի վերադարձման համակարգի կիրառության վրա ծախսվող բյուջետային ռեսուրսներն ուղղել առավել հասցեական և արդյունավետ ծրագրերում, ինչը տնտեսական աճի նախադրյալներ ստեղծելու ավելի մեծ ներուժ կունենա, իսկ վերջինս էլ իր հերթին ավելի դյուրին կդարձնի տարբեր բնույթի սոցիալական խնդիրների լուծումը», - պնդում է Ֆինանսների նախարարությունը։

«Կառուցապատողների հայկական ասոցացիայի» նախագահ Գուրգեն Գրիգորյանի կարծիքով՝ այս որոշումը բացասական հետևանք կթողնի քաղաքաշինական ոլորտի վրա։

Գուրգեն Գրիգորյան

«Պարզապես մեկ բառով եթե մատնանշենք, առաջիկա մեկ-երկու տարի անց քաղաքաշինական ծրագրերի տեմպերը էականորեն ընկնելու են։ Այս ծրագիրը շահեկան է հենց պետության և համայնքի համար», - ասաց Գրիգորյանը։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի կարծիքով՝ եկամտային հարկի վերադարձի համակարգն արդեն սպառել է իրեն։

«Ինքը այնպիսի ոլորտ չի, որտեղ պետությունը ներդրում կատարեր և դրա հաշվին մենք ապագայում ունենալու էինք նոր եկամուտներ, նոր հարկային մուտքեր պետբյուջե», - ասաց տնտեսագետը։

Ըստ Պարսյանի՝ ծրագիրը նպաստել է 2008-2009 թվականների տնտեսական ճգնաժամի հաղթահարմանը։ Այժմ, սակայն շինարարության ոլորտը վերականգնվել է, և պետությունը կարող է բյուջեի միջոցներն ավելի արդյունավետ օգտագործել։

«Այդ գումարը վերջին տարիների ընթացքում գնահատվում է մոտ 50 մլրդ դրամ, անշուշտ դա Հայաստանի բյուջեի համար մեծ թիվ արժե, կարծում եմ՝ այս ծրագիրը լուծել է շինարարական բումի խնդիրը», - ասաց Պարսյանը։

Սուրեն Պարսյան

Կառուցապատող ընկերության ղեկավար Արմեն Սաքապետոյանը վստահ է՝ պետությունն այս համակարգի միջոցով ետ է ստանում տրամարդրած գումարից ավելին։ Ըստ շինարարի՝ ծրագրի շնորհիվ նաև քաղաքաշինական անվտանգության խնդիր է լուծվում։

«Միգուցե պետությունը տարեկան 50 մլրդ դրամ փոխհատուցում է տրամադրում, անգամ եթե մեր հաշվարկներ էլ դնենք մի կողմի որ օգտակար է ինքը, բայց եկեք մի հատ մի պահ իրավիճակ վերցնենք, երբ որ 100 շենք դառնա վթարային, պետությունը ինչքան ծախս պետք է անի, որպեսզի նոր շենքեր կառուցի», - ասաց Սաքապետոյանը։

Արմեն Սաքապետոյան

2 տարի առաջ կառավարությունը որոշեց աստիճանաբար հրաժարվել Երևանում եկամտային հարկի վերադարձի համակարգից։ Այս տարվանից ծրագիրն արդեն չի գործում Երևանի կենտրոն վարչական շրջանում, մինչև 2025 թվականը ծրագիրը կդադարի գործել ամբողջ Երևանում։

Կառավարությունը դա հիմնավորում էր նաև շինարարական ակտիվությունը մայրաքաղաքից մարզեր տեղափոխելու ցանկությամբ, սակայն հիմա, փաստորեն, հրաժարվում է նաև մարզերում եկամտային հարկի վերադարձից։

Կառուցապատողներն անհանգստացած են, որ կառավարությունը չի առաջարկում համակարգին փոխարինող տարբերակ։

«Այնպիսի տպավորություն է ձևավորվում, որ առհասարակ համայնքի կողմից, պետության կողմից հոգածություն, բիզնեսին խթանիչ պայմաններ հաղորդելու քաղաքականությունը վերացել է», - ասաց Գրիգորյանը։

Տնտեսագետի կարծիքով՝ այս որոշման հետևանքով կտուժեն կառուցապատողները, կկրճատվի շինարարության ոլորտի աճի տեմպը, բայց դրանով չի կարող պայմանավորված լինել տնտեսության աճը։

Պարսյանն ընդգծում է՝ հիմա էլ եկամտահարկի վերադարձի հնարավորության պայմաններում կան բնակարաններ, որոնք գնորդ չունեն։

«Նախորդ տարվա նույն ժամանակի նկատմամբ առքուվաճառքի տոկոսները 10-15 տոկոսով նվազում են», - ասաց տնտեսագետը։

2015-ից գործող եկամտային հարկի վերադարձի համակարգից հրաժարվելու հարցը քննարկել են նախորդ գրեթե բոլոր կառավարությունները, սակայն գործնական քայլեր այդպես էլ չէին իրականացվում։