Մատչելիության հղումներ

Կառավարությունը ցանկանում է փոխել եկամտահարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը


Գործադիրն այսօր հավանություն տվեց «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությանը, որով առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել եկամտահարկի վերադարձի արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածում։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը մանրամսնել է՝ արտոնությունը գործում է ավելի քան 5 տարի ժամկետում, կարգավորումը սկզբնապես ընդունվել է ընդգծված տնտեսական նշանակությամբ, առանց սահմանափակումների: Այն նախատեսել է վճարված եկամտային հարկը վերադարձնել ֆիզիկական անձանց՝ հիպոթեկային վարկերի դիմաց վճարված տոկոսները փոխհատուցելու նպատակով: 2018 թվականից արտոնության համակարգը փոփոխվել էր՝ դրան տալով որոշակի սոցիալական ուղղվածություն. սահմանվել էր, որ մեկ մարդը կարող է ծրագրից օգտվել միայն մեկ անգամ, իսկ արտոնությունից օգտվելու նպատակով գնվող բնակարանի արժեքը սահմանափակվել էր 55 մլն դրամով:

Նախարարն ընդգծել է՝ արտոնության կիրառության ընթացքում և հատկապես վերջին 2 տարում կառավարության ֆինանսական աջակցությունից օգտվող քաղաքացիների քանակը կտրուկ աճել է. եթե 2015-2017թթ. ծրագրի նոր շահառուներ են եղել տարեկան մոտ 800 մարդ, ապա 2018-2019թթ. շահառուների տարեկան քանակն աճել է և կազմել մոտ 2000 մարդ, իսկ 2020թ. նոր շահառուները եղել են 5200: Կտրուկ աճել են պետբյուջեից վերադարձվող եկամտային հարկի գումարները. եթե 2016-2017թթ. պետբյուջեից այս ծրագրին հատկացվող ֆինանսական միջոցների տարեկան աճը կազմել է մոտ 1 մլրդ դրամ, ապա 2019թ. աճը կազմել է 3.3 մլրդ դրամ, իսկ 2020թ.՝ 5.4 մլրդ դրամ՝ միայն 2020թ. հաստկացումների մասով հանրագումարով հասնելով 13.3 մլրդ դրամի: Ներկայում ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17000-ը, իսկ այս տարեվերջին հատկացված գումարը կկազմի մոտ 21 մլրդ դրամ, շահառուների քանակը՝ 20000:

Խաչատրյանի գնահատմամբ, արտոնության արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակում է իրականացվել Երևանում։

«Երևանից դուրս բնակարանաշինությունը դեռևս աննշան չափով է կրում այս արտոնության դրական ազդեցությունը. առ այսօր կառուցապատված բնակարաններում եկամտային հարկի արտոնության դիմաց շահառուների քանակը ընդամենը 7 տոկոս է, մնացած 93 տոկոսը գտնվել է Երևանում», - ասել է նախարարը՝ նշելով՝ փոփոխությամբ առաջարկվում է դրան տալ այնպիսի ուղղորդում, որը կխրախուսի բնակարանային նոր կառուցապատման ավելի համաչափ տարածքային բաշխվածությունը և կընդգծի դրա սոցիալական բնույթը:

«Առաջարկվում է աստիճանաբար սահմանափակել արտոնության գործողությունը Երևանի կենտրոնում և դրան հարող հատվածում: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ 2022թ. հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռքբերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023թ. հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտու, 2023թ. հուլիսի 1-ից՝ Երևանի երրորդ գոտու, իսկ 2025թ. հունվարի 1-ից՝ Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ», - նշել է Խաչատրյանը՝ շարունակելով․ - «Այդպիսով, առաջիկա 3 տարում նոր կառուցապատումները կուղղորդվեն Երևանի չորրորդ և ավելի բարձր գոտիներ և Երևանից դուրս, իսկ 2025 թվականից, առանց ժամկետային սահմանափակումների՝ դեպի Երևանից դուրս գտնվող քաղաքային և գյուղական բնակավայրեր, քանի որ այս ծրագրի շահառուներ կարող են լինել նաև անհատական բնակելի տներ կառուցողները»:

Տիգրան Խաչատրյաննը նաև ընդգծել է, որ առաջարկվում է սահմանել, որ ներկայում սահմանված արտոնությունները շարունակեն կիրառվել նաև այն կառուցապատումների նկատմամբ, որոնց շինարարական թույլտվությունները ստացված կլինեն մինչև 2022թ. հունվարի 1-ը:

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով թեմային, նշել է՝ Հայաստանում կան բազմաթիվ բնակավայրեր, որտեղ վերջին 30 տարում՝ անկախությունից ի վեր, ոչ մի բնակելի շենք չի կառուցվել:

«Հիշեցնեմ՝ եկամտային հարկի վերադարձի ծրագիրը գործում է առաջնային շուկայի դեպքում, այսինքն՝ միայն նորակառույց շենքերի դեպքում, և մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մարզերում ապրող, աշխատող մարդիկ, հնարավորությունը չկորցնելու համար, բնակարան են ձեռք բերում Երևան քաղաքում: Արդյունքում ստացվում է, որ մենք ասում ենք տարածքային համաչափ զարգացում, Երևանից ապակենտրոնացում, բայց իրականում ավելի մեծ կենտրոնացում է տեղի ունենում Երևանում, և սա փաստ է», - ասել է վարչապետը՝ շեշտելով․ - «Մեր խնդիրն է, և նաև պետք է հնարավորինս աջակցենք, որպեսզի մարզերում նույնպես բնակարանային շինարարություն տեղի ունենա»:

Վարչապետը նաև արձանագրել է՝ Հայաստանում բնակֆոնդն էականորեն մաշված է Երևանում, նաև մարզերում, որովհետև շենքերի հիմնական մասը կառուցվել է 70-80-ական, նույնիսկ ավելի առաջ, այսինքն՝ 50-ական թվականներին:

«Ընդհանուր առմամբ, մեր ողջ բնակարանային ֆոնդը թարմացնելու անհրաժեշտություն ունենք: Սա խնդիր է, որի համար նույնպես ռազմավարական լուծումներ պետք է գտնենք, բայց այս պահին դեռ խոսում ենք մի փոքր այլ թեմայի մասին՝ խթանենք, որպեսզի մարզերում նույնպես բնակարանային շինարարությունը իրականություն դառնա», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Նախագիծը սահմանված կարգոց կներկայացվի Ազգային ժողով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG