Մատչելիության հղումներ

Կառավարությունը պետք է վերաիմաստավորի եկամտահարկի հետվերադարձի գործիքը․ նախկին նախարար


Նորակառույցներ Երևանում, արխիվ
Նորակառույցներ Երևանում, արխիվ

Կառավարությունը պետք է գնա ոչ պոպուլյար, բայց անհրաժեշտ ճանապարհով և վերաիմաստավորի եկամտային հարկի հետվերադարձի գործիքը, որը խթանում է բնակարանաշինությունը: Նման կարծիքի է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

Կենտրոնում չես կարող գտնել բնակարան, որը հնարավոր է ձեռք բերել կառուցապատողից, նկատում է Արամյանն ու ստեղծված իրավիճակը համեմատում 2002-2008 թվականների հետ, երբ շեշտադրումը դրված չէր արտահանելի հատվածի վրա: Ռոբերտ Քոչարյանի կառավարման այդ տարիները շատ տնտեսագետներ, հիշեցնենք, անվանում են «շինարարական փուչիկ»: Ինքը Քոչարյանը դա մեկնաբանում է որպես աննախադեպ տնտեսական աճ: Ըստ Արամյանի՝ հենց այդպիսի կարճաժամկետ էֆեկտի համար գործող իշխանությունները չեն գնում իր մատնանշած տարբերակով:

«Ստացվում է, որ, ասենք, եթե ես օգտվում եմ այդ ծրագրից, ես իմ հարկային պարտավորությունները չեմ կատարում՝ եկամտային, որովհետև հետ եմ ստանում, հա՞, բայց մյուսները հարկ են վճարում և դրանով ֆինանսավորում են թոշակների վճարումը: Հիմա, տեսեք, երբ որ պետությունը դա հետ է քաշում, սա պոպուլյար չի, պոպուլյար քայլ չի», - «Ազատության» հետ զրույցում նշեց նախկին նախարարը:

«Կարո՞ղ ենք ասել, որ իշխանությունները այսպիսով փորձում են ստանալ այն շինարարական բումի էֆեկտը, ինչ որ ժամանակին ստացել է Ռոբերտ Քոչարյանը», - այս հարցին Արամյանն արձագանքեց․ - «Ես չէի ասի, որ նրանք փորձում են ստանալ, ես ուղղակի ասում եմ, որ իրենք հայտնվել են այդ իրավիճակում, մենք գնում ենք այդ ուղղությամբ»:

Վարդան Արամյանը հաշվարկում է՝ 2016-ին, երբ Հովիկ Աբրահամյանի կառավարության ժամանակ կապիտալ շինարարությունը վերակենդանացնելու հիմնավորմամբ այս ծրագիրը ներդրվեց, բյուջեից հետվերադարձը կազմեց 600-700 միլիոն դրամ, իսկ այսօր այդ թիվը ավելի քան տասնապատկվել է և մոտենում է 8 միլիարդ դրամի շեմին: Հակադարձմանը, թե ինչո՞ւ իրենց՝ Կարեն Կարապետյանի կառավարությունը չգնաց այս քայլին, նախկին նախարարը պատասխանեց՝ իրենք գնացին խստացման ճանապարհով և սահմանեցին 55 միլիոն դրամ շեմը․ - «Մտածում էինք, որ առաջին անգամ մի հատ զսպաշապիկը հագցնենք, վերաիմաստավորենք, տեսնենք՝ ինչ ուղղություն կգնա, երկրորդ անգամ կատարենք երկրորդ, երրորդ քայլը և աստիճանաբա՛ր մենք դուրս գանք այս խաղից»:

Արամյանն ընդգծում է՝ այս գործիքը ոչ թե սոցիալական, այլ տնտեսական է, քանի որ թիրախավորում է բոլորին անխտիր, ներառյալ՝ բարձր եկամուտով անձանց, որոնք կարող են բնակարանի կարիք նույնիսկ չունենալ, բայց օգտվել այս ծրագրից: Իսկ եթե ծրագրի կողմնակիցները պնդում են, որ 55 միլիոն դրամը, որը շուրջ 115 հազար դոլար է կազմում, սոցիալական շեմ է, ուրեմն՝ նրանք պետք է պնդեն նաև, որ Հայաստանի տնտեսության միջին աշխատավարձը 180 հազար դրամ չէ, այլ՝ 1 միլիոն 200 հազար, ինչն անիրական ցուցանիշ է:

«Եթե մենք դրան տալիս ենք սոցիալական կոմպոնենտ, ուրեմն՝ դա պետք է համադրելի լինի, օրինակ, «Բնակարան՝ երիտասարդներին» ծրագրի ցուցանիշներին կամ դրա շեմերին: Եթե մենք դրան տալիս ենք տնտեսակա՛ն կոմպոնենտ, հասկանո՞ւմ եք, էդ նշանակում է, ասենք, մենք օժանդակում ենք վերջնահաշվով ոչ արտահանելի հատվածը, այն է՝ բնակարանաշինությունը», - ասաց ֆինանսների նախկին նախարարը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Ազատության» խնդրանքով մեկնաբանեց Վարդան Արամյանի դիտարկումները, շեշտելով՝ այս պահի դրությամբ ծրագիրը օրենսդրությամբ թիրախավորված է համարվում: Ինչ վերաբերում է փոփոխությունների հավանակնությանը, Գրիգորյանն ասաց՝ քննարկումներ միշտ կան․ - «Բայց դա պետք է տրամաբանակա՛ն բարելավում լինի: Գիտե՞ք, եթե մենք բերենք, գանք մի իրավիճակին, երբ որ 300-400 հազար դոլարին համարժեք հիփոթեքային վարկերով եկամտահարկի վերադարձ է լինում, ես չեմ կարծում, որ դա․․․»: Դիտարկմանն էլ՝ «բայց 55 միլիոն դրամ է այս պահին», փոխվարչապետն արձագանքեց․ - «Ես կարծում եմ՝ դա հենց բուն սոցիալական շեմ է»:

Մհեր Գրիգորյանը հերքեց, թե դա արվում է տնտեսական կարճաժամկետ էֆեկտ ստանալու համար:

«Ես չեմ կարծում, որ դա ուղղակիորեն կապ ունի պահանջարկի հետ, որովհետև, գիտե՞ք, եթե մարդ ունի աշխատանք և ի վիճակի է ստանալ հիփոթեքային վարկ, ես կարծում եմ՝ ամեն դեպքում ինքը բնակարան կգնի», - հայտարարեց փոխվարչապետը:

Ծրագրի բացասական էֆեկտ է համարվում նաև շուկայում բնակարանների գների արհեստական բարձրացումը: Իսկ որոշ տնտեսագետների գնահատմամբ՝ ծրագիրն օգնում է նաև կրճատել ստվերը, քանի որ աշխատողները շահագրգռված են, որպեսզի գործատուն աշխատավարձի իրական չափը ցույց տա:

Վարդան Արամյանն ասում է՝ ստվերի դեմ պայքարի ավելի արդյունավետ մեթոդներ կան: «Ցանկացած գործիքին դուք պետք է ճիշտ դերակատարում տաք, հասկանո՞ւմ եք: Եթե դուք ուզում եք ձմերուկ կտրեք, ձմերուկ կտրելու գործիքը դանակն է և ոչ թե մուրճը՝ մուրճով որ կտրես, կփչանա: Հիմա եթե մենք ասում ենք՝ մենք մուրճով ձմերուկ ենք նաև կտրելու, մուրճը օգտագործում ենք սրա համար, բայց նաև ձմերուկ ենք կտրելու, դա սխալ է», - շեշտեց ֆինանսների նախկին նախարարը:

XS
SM
MD
LG