Մատչելիության հղումներ

Կառավարությունն ընդունեց Երևանում եկամտային հարկի վերադարձով անշարժ գույքի ձեռք բերումն արգելող նախագիծը


Կառավարությունն այսօր հավանություն տվեց եկամտային հարկի վերադարձով Երևանում անշարժ գույքի ձեռք բերումը արգելող նախագծին։ Գործադիրն առաջարկում է սահմանափակումը կիրառել աստիճանաբար՝ մինչև 2025 թվականը, իսկ դրանից հետո ընդհանրապես չկիրառել այդ համակարգը մայրաքաղաքում։

«Փաստ է, որ արտոնության արդյունքում լայն թափ ստացած կառուցապատման հիմնական ծավալը շարունակում է իրականացվել Երևանում, իսկ առաջիկա տարիների ընթացքում այն հատկապես իրականացվել է Երևանի կենտրոնում և կենտրոնամերձ հատվածում: Առաջարկվում է սահմանել, որ 2022 թվականի հուլիսի 1-ից արտոնությունը կդադարի Երևանի առաջին գոտու նոր շենքերում բնակարանների ձեռք բերման վարկերի տոկոսների նկատմամբ, 2023 թվականի հունվարի 1-ից՝ Երևանի երկրորդ գոտում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Երևանի երրորդ գոտում, իսկ 2025 թվականի հունվարի 1-ից Երևանի մնացած գոտիներում բնակարանների գնման վարկերի նկատմամբ», - ներկայացրեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Պաշտոնական հիմնավորմամբ՝ նախագծի նպատակը Երևանում եկամտահարկի վերադարձի կիրառության հետագա ընդլայնումը զսպելն է, ու հանրապետության քաղաքաշինական ու տնտեսական համաչափ զարգացումը։ Ըստ նախագծի հեղինակ Ֆինանսների նախարարության, ավելի քան 5 տարի գործող այս համակարգով ձեռք բերված անշարժ գույքի 93 տոկոսը հենց Երևանում է գտնվում։

Նշվում է, որ 6 տարի առաջ ներդրված այս համակարգը բացի տնտեսականից նաև սոցիալական նպատակ է ունեցել. պետական բյուջեից հատկացումներ կատարելու միջոցով նպաստել բնակչության բնակարանային ապահովման խնդրի լուծմանը։ Սակայն, ըստ Ֆինանսների նախարարության, եկամտահարկի վերադարձի համակարգից հիմնականում օգտվում են ոչ թե ամենակարիքավոր և մարզերում բնակվող անձինք, այլ կայուն եկամուտ ունեցողները։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստի ընթացքում թվեր ներկայացրեց, ըստ նրա, հատկապես վերջին երկու տարիներին համակարգից օգտվողների թիվը կտրուկ աճել է:

«Եթե 2015-17 թվականներն ծրագրի նոր շահառու է եղել մոտ 800 մարդ տարեկան, ապա 2018-2019 թվականներին շահառուների տարեկան քանակն աճել է և կազմել մոտ 2000, իսկ 2020-ին նոր շահառուները եղել են 5200: Ներկայումս ծրագրի շահառուների քանակը գերազանցում է 17 հազարը», - ասաց Խաչատրյանը:

Նախարարի խոսքով՝ կտրուկ աճել է նաև վերադարձվող գումարի չափը, միայն 2020 թվականին կառավարության հատկացումները կազմել են 13,3 միլիարդ դրամ՝ շուրջ 30 միլիոն դոլար։ Նախարարությունն այս գումարները մեծ բեռ է համարում պետական բյուջեի վրա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարության այս որոշումը քաղաքական բնույթ է կրում, ըստ նրա, խնդիրը մարզերում բնակարանաշինության խթանումն է. «Իհարկե, այստեղ կան հարցեր, որոնք դեռ անորոշ են, մասնավորապես, կապված շինարարության ինքնարժեքի և ներդրման շուկայական գրավչության հետ, բայց այս քաղաքական որոշումը մենք պետք է կայացնենք և հետագայում նաև պետք է աշխատենք ներդրողների հետ, պոտենցիալ շինարարների հետ՝ հասկանալու համար, թե ինչ գներ են գործում և ինչքանով են այդ գները մրցունակ»:

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանի կարծիքով՝ կառավարության այս առաջարկը դեռ հաշվարկների կարիք ունի. ինչպե՞ս այս նախագիծը կազդի ներդրողների, կառուցապատողների հետաքրքրվածության վրա, տնտեսագետի գնահատմամբ, բավարար ուսումնասիրություններ չեն իրականացվել:

«Հուսով եմ, որ մինչև Ազգային ժողովի կողմից ընդունվելը նաև կկազմակերպվեն հանրային լսումներ և կողմերը, մասնավորապես, կառուցապատողները, փորձագիտական հանրությունը, ինչու չէ նաև Ֆինանսների նախարարությունը իրենց տեսակետները կփորձեն հիմնավորել», - նշեց Ֆանյանը:

Կառավարության առաջարկած փոփոխությունը հետադարձ ուժ չունի և համակարգի գործող շահառուները կշարունակեն օգտվել եկամտահարկի վերադարձից, ըստ նախագծի սահմանափակումները կկիրառվեն 2022-ի հունվարի 1-ից հետո տրամադրվելիք շինթույլտվություններով կառուցվող անշարժ գույքի վրա։

XS
SM
MD
LG