Բրյուսելում, Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, այսօր նախատեսված է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Երկու երկրների ղեկավարները երեկ են մեկնել Բրյուսել։ Այսօր Փաշինյանը հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի հետ, Լեռնային Ղարաբաղի նախագահի խնդրանքով Շառլ Միշելին փոխանցել Արայիկ Հարությունյանի նամակը։
«Ապացույց ունեմ, որ հանձնել եմ Ձեզ», - նամակը փոխանցելիս ասել է Փաշինյանը:
Հանդիպումից այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։
Երեկ Միշելը հանդիպել է Ալիևի հետ։ Ըստ ադրբեջանական կողմի՝ «Ալիևը երախտագիտություն է հայտնել Եվրոպական խորհրդի նախագահին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման խնդրում ջանքեր գործադրելու համար և նշել է «բրյուսելյան ձևաչափի» արդյունավետությունը»։
Այսօր Երևանի ժամանակով ժամը 15 -ին տեղի կունենա Փաշինյան-Ալիև-Միշել եռակողմ հանդիպումը:
Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անանուն մնալու պայմանով, երեկ «Ազատությանը» փոխանցել է, որ Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև-Միշել հանդիպմանը կքննարկվեն նաև Ղարաբաղի հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր։
«Մեր համոզմամբ, առաջնորդների մակարդակով հանդիպումները առանցքային նշանակություն ունեն խաղաղ կարգավորումն առաջ մղելու և նոր բախումներից խուսափելու համար», - ընդգծել է եվրոպացի դիվանագետը։
Վերջին անգամ այս ձևաչափով առաջնորդները հանդիպել էին երկու ամիս առաջ՝ վերահաստատելով հանձնառությունը միմյանց տարածքային ամբողջականության նկատմամբ:
Հայաստանի, Ադրբեջանի ու Եվրոպական խորհրդի ղեկավարները եռակողմ այս հանդիպումները սկսել են մոտավորապես երկու տարի առաջ՝ Շառլ Միշելի նախաձեռնությամբ։ Զուգահեռ բանակցություններ են ընթանում նաև Վաշինգտոնում ու Մոսկվայում։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով` բրյուսելյան հանդիպումները մյուս ձևաչափերին չեն հակասում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելյան հանդիպմանը կքննարկվեն նաև ԼՂ հայերի անվտանգությանն ու հումանիտար վիճակին վերաբերող հարցեր. ԵՄ պաշտոնյա