Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է բազմամարդ հանրահավաք:
Արցախցիներին փողոց դուրս գալու կոչ երեկ հղել էր Լեռնային Ղարաբաղի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը՝ «միասին որոշելու հետագա անելիքները»:
Ներսիսյանը հայտարարել էր, թե պետք է սթափեցնել բոլորին, հնչեցնել աղետի կոչնակը. - «Մեր անժամկետ քայլերով ու գործողություններով ուշքի բերենք բոլոր դերակատարներին»:
Հրապարակում է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Լեռնային Ղարաբաղի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանրահավաքի հարթակից հայտարարեց, թե շրջափակումը հասել է օրհասական կետի։
«Հունիսի 15-ից ամբողջությամբ կտրվելով հումանիտար հասանելիությունից՝ մեր ժողովուրդը կանգնել է սովի, բռնի հպատակեցման և ցեղասպանության իրական ու անհերքելի սպառնալիքի ներքո», - ասաց Ստեփանյանը։
Գուրգեն Ներսիսյանը հայտարարեց, որ ցուցարարները երթով կշարժվեն դեպի Կարմիր խաչի Ստեփանակերտի գրասենյակ, ապա ռուս խաղաղապահների տեղակայման վայր՝ «հնչեցնելու ժողովրդի պահանջը»:
Ըստ Ներսիսյանի՝ հավաքը գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակվելու է Ստեփանակերտի հրապարակում:
«Ուզում եք այս հրապարակում ամեն օր մարդկանց դիակներ ունենա՞նք»
Արցախի պետնախարարը դիմեց Հայաստանին, Ռուսաստանին, միջազգային հանրությանը. - «Ձեզ ի՞նչ է անհրաժեշտ, ինչի՞ն եք դուք սպասում: Ուզում եք այս հրապարակում մենք ամեն օր մարդկանց դիակներ ունենա՞նք, որ արձագանքեք»:
Ըստ Ներսիսյանի՝ յուրաքանչյուր հաջորդ օրը լինելու է ավելի դժվար, մայրաքաղաքից հեռու համայնքների բնակիչները մեկուսացված են` տրանսպորտի բացակայության պատճառով, մանկապարտեզներում սնունդ գրեթե չի տրվում, օրեր անց չի աշխատելու շտապ օգնության ծառայությունը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միջազգային կառույցներից հնչող կոչերը դրական արդյունք չեն տվել Ադրբեջանի նկրտումները զսպելու հարցում. ԼՂ նախագահ