Կստեղծվի ոստիկանների ու փաստաբանների հանձնախումբ՝ արձագանքելու ոստիկանների բռնություններին

Ընդդեմ ոստիկանական բռնությունների արդեն երկրորդ անգամ գործադուլ հայտարարած փաստաբաններին այսօր ընդունեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։

Փաստաբանների պալատից ոստիկանության կենտրոնական շենքի մոտ քայլերթով հասած փաստաբանները ավելի քան կես ժամ տևած հանդիպումից հետո որոշեցին հուշագիր ստորագել։ Փաստաբան Արա Զոհրաբյանը մանրամասնեց, որ հուշագրով կստեղծվի ոստիկաններից ու փաստաբաններից կազմված հանձնախումբ՝ արձագանքելու ոստիկանների բռնություններին։

«Այսուհետև նման դեպքերը փաստաբանների հետ կապված, ասացին, չի լինի նման դեպք, մենք ամեն ինչ կանենք, որ նման դեպքեր այլևս չկրկնվեն, ու տարբեր հավաստիացումներ եղան, նաև այդ հանձնախմբի ձևավորման գաղափարն էլ, որը քննարկվեց, դրա հետ կապված, որ նման դեպքեր լինելու դեպքում փաստաբանները արագ կզանգեն այդ հանձնախմբին, որի մեջ կլինեն երեք փաստաբան, երեք ոստիկան», - ասաց նա։

Տարեսկզբից փաստաբաններն ահազանգում են ոստիկանական բաժանմունքներում իրենց պաշտպանյալների ու հենց իրենց նկատմամբ բռնությունների մասին։ Առաջին միջադեպը փետրվարին էր. Էրեբունու ոստիկանական բաժնում ոստիկանները ծեծել էին փաստաբաններ Մարզպետ Ավագյանին ու Էմանուել Անանյանին ու նրանց անչափահաս պաշտպանյալներին։ Վերջինը՝ մեկ ամիս առաջ՝ Կենտրոնի բաժնում բռնության էին ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանն ու նրա պաշտպանյալը։ Այս երկու դեպքերով քրեական գործ էր հարուցվել։ Կարեն Ալավերդյանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալին խոշտանգելու գործով երկու ոստիկանի նկատմամբ հետապնդում է հարուցվել, կասեցվել է նրանց պաշտոնավարումը։

«Պաշտպանյալիս նկատմամբ խմբի կազմում խոշտանգում կատարելու համար ոստիկանության կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը և վերջինիս տեղակալը նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, ներկայացվել է մեղադրանք, և որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը։ Ամեն դեպքում դա կարող ենք դիտարկել որպես դրական տեղաշարժ գործում», - ասաց Ալավերդյանը։

Փաստաբանները համարում են, որ ոստիկանական բաժանմունքներում բռնությունները տեղի են ունենում փոխնախարար, ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանի թողտվությամբ։ Հայաստանում ավելի քան 2600 փաստաբան կա, նրանցից 500-ը ստորագրել են ոստիկանապետի հրաժարականի պահանջի տակ ու այսօր նրան հռչակեցին «փաստաբանների թշնամի»՝ այդ մակագրությամբ վկայականը ոստիկանության շենքում հանձնելով աշխատակիցներին, որ փոխանցեն Արամ Հովհաննիսյանին։ Պալատի նախագահ Սիմոն Բաբայանը մինչև Ներքին գործերի նախարարի հետ հանդիպումը ասում էր՝ ոստիկանությունը մինչ օրս պատշաճ չի արձագանքել այս միջադեպերին. - «Այս ժամանակահատվածում մենք բազմաթիվ անգամ հնարավորություն ենք ընձեռել և երկար ժամանակ է անցել, որպեսզի ունենանք ադեկվատ, ողջամիտ, ճիշտ գնահատական կատարվածի վերաբերյալ, բայց ցավոք սրտի, առայսօր մեզ մոտ այդ գնահատականը ոստիկանական համակարգի կողմից արձանագրված չէ»։

Վահե Ղազարյանի հետ հանդիպումից հետո փաստաբաններն ասացին՝ չնայած ձեռքբերված համաձայնությանը, ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հրաժարականի՝ իրենց պահանջն ուժի մեջ է։ Փաստաբան Արա Զոհրաբյանն ասաց, որ հանդիպմանը ներկա էր նաև Արամ Հովհաննիսյանը. - «Մենք ինչ ներկայացրել ենք, շարունակում է ուժի մեջ մնալ, բայց ասեմ, որ մենք այս հանդիպման արդյունքներից գոհ ենք, որովհետև արդեն կային հստակ հավաստիացումներ, հստակ ափսոսանք նման դեպքի հետ կապված, և հավաստիացնում են, որ իրենց սկզբից զեկուցել էին, որ նման դեպք տեղի չի ունեցել, և սա էր սկզբնական իրենց անտարբերության կամ դանդաղ շարժվելու պատճառը»։

Փաստաբաններն ավելի վաղ հայտարարել էին, որ այսօրվանից սկսվող գործադուլը երեք օր կտևի։ Բայց քանի որ այսօրվա ակցիան ավարտվեց ներքին գործերի նախարարի հետ պայմանավորվածությամբ, ապա գործադուլի հետագա ընթացքի մասին որոշում կկայացնեն ավելի ուշ։