Փաստաբանը պնդում է, որ մեղադրյալի աթոռին է հայտնվել միայն այն բանի համար, որ փորձել է ոստիկանությունում փրկել պաշտպանյալին մի խումբ պարեկների ու ոստիկանների բռունցքների ու ոտքերի հարվածներից։ Ավելին, Կարեն Ալավերդյանը պատմեց, որ պաշտպանյալին ծեծելուց հետո ոստիկանները նաև իրեն են բռնության ենթարկել։ Այսքանից հետո իրավապահներն իրեն ու իր պաշտպանյալին են մեղադրանք առաջադրել խուլիգանության և պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը խոչընդոտելու համար։ Փաստաբանը երկրից չբացակայելու ստորագրություն է տվել։
«Առանց որևէ իրավական հիմքի իմ նկատմամբ իրականացվել է անհարկի ֆիզիկական ուժի գործադրում, ձերբակալվել եմ, կիրառվել է ձեռնաշղթա և հատուկ միջոցներ», - ասաց նա։
Իրավապահները նաև քննում են ոստիկանների գործողությունների օրինականությունը։ Ոստիկանությունից առանց մանրամասնելու միայն փոխանցում են, որ ծառայողական քննություն է ընթանում։ Փաստաբան Ալավերդյանը պատմեց, որ ամեն ինչ սկսվել է անցած շաբաթ դատարանում իր պաշտպանյալի և նրա ընկերոջ միջև փոքր միջադեպից։ Հաշտվել, բարեկամաբար հրաժեշտ են տվել միմյանց։ Քիչ անց փողոց դուրս գալով նրանց են մոտեցել մի խումբ ոստիկաններ, պաշտպանյալին առանց որևէ հիմնավորումների տարել Կենտրոնի բաժին։ Ինքն էլ հետևել է նրանց, հասել ոստիկանության Կենտրոնի բաժին, ներկայացել, որ փաստաբան է ու կարող է շենք մուտք գործել։
«Ձեռնաշղթաները հետևից ամրացված, բերանի վրա գետնին ընկած, և ոստիկանության 5-6 ծառայողներ միաժամանակ հարվածներ են հասցնում նրա գլխի, մարմնի տարբեր հատվածներին՝ որևէ խտրականություն չդնելով իրենց գործողությունների մեջ», - ասաց նա։
Փաստաբանը պատմում է, որ մոտեցել է գետնին ընկած պաշտպանյալին, բարձրացրել նրան, փորձել հանդարտեցնել իրավիճակը, ընդգծում է՝ սպասում են, որ ոստիկանությունը հրապարակի միջադեպի կադրերը, եթե, իհարկե, ունեն, քանի որ ծեծի ենթարկող և ոչ մի պարեկ տեսախցիկ չի ունեցել։ Իր հարցին էլ, թե ուր են հագուստին ամրակցվող տեսագրող սարքերը, պատասխանել են, թե լիցքավորվում են։
«Նրանց մոտեցման և խոսակցության մակարդակը այլ կերպ, քան փողոցային ռազբորկա չեմ կարող նկարագրել», - հավելեց նա։
Փաստաբան Կարեն Ալավերդյանի խոսքով՝ ոստիկաններն իրենից պահանջել են լքել ոստիկանության շենքը, իսկ ինքն ընդդիմացել է՝ պնդելով, որ ոստիկանը նման պահանջ ներկայացնելու իրավունք չունի, ինքը պետք է պաշտպանի քաղաքացու շահերը։ Սակայն, ի վերջո, իրեն ծեծել են ու ձերբակալել, նշում է նա։
Ոստիկաններն իրավունք չունեին փաստաբանին արգելել գտնվել այն տարածքում, որտեղ նրա պաշտպանյալն է. ՓՊ նախագահ
Փաստաբանների պալատի նախագահը պնդում է՝ ոստիկաններն իրավունք չունեին փաստաբանին արգելել գտնվել այն տարածքում, որտեղ նրա պաշտպանյալն է։ Փաստաբանն իր գործն է արել, հայտարարում է Սիմոն Բաբայանն ու պնդում ոստիկանության խախտումները սրանով չեն ավարտվում՝ քաղաքացու շահերը ներկայացնող փաստաբանին իրավունք չունեն խուզարկել, նրա նկատմամբ կիրառել արցունքաբեր գազ։ Ալավերդյանին ձերբակալել են, բայց այդ մասին չեն տեղեկացրել պալատին, ինչը ևս, ըստ Բաբայանի, օրենքի խախտում է. - «Այս երևույթն անթույլատրելի է, փաստաբանական համայնքը հաստատ արձագանքելու է, արձագանքելու է համարժեք»։
Փաստաբան Արա Զոհրաբյանը հիշեցնում է ամիսներ առաջ ոստիկանության Էրեբունու բաժնում նորից ոստիկանների կողմից փաստաբաններին ու նրանց պաշտպանյալներին ծեծելու միջադեպը։ Տեղյակ են, որ ոստիկանները հեռացվել են համակարգից, բայց այս անգամ դրանով չեն բավարարվելու՝ նրանք պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն. - «Սա շատ վախենալու արարք է»։
Փաստաբաններն ու իրավապաշտպանները մտահոգվում են՝ վերջին շրջանում հաճախ են լսում ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքերի մասին։ Ոստիկանության Դիլիջանի հետախուզության բաժնի պետ Արսեն Ղայթմազյանը անչափահաս տղայի էր ծեծել, և միայն հանրային աղմուկից հետո նրան մեղադրանք առաջադրվեց։
Վիճակն ավելի է վատացել դեռ անցած տարվանից. Իոաննիսյան
Դանիել Իոաննիսյանը, որ ոստիկանության հետ համագործակցությունը դադարեցրել է ամիսներ առաջ հենց բռնությունների տարբեր միջադեպերից հետո, պնդում է՝ վիճակն ավելի է վատացել դեռ անցած տարվանից, երբ ոստիկանությունից հեռացվեցին տեսախցիկները։
Պարեկների համակարգի ներդրմանը մասնակցած Իոաննիսյանը շարունակում է պնդել՝ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը դեմ է այս բարեփոխումներին, հակառակ դեպքում բռնության դեպքերը չէին կրկնվի, իսկ եղած միջադեպերի մեղավորներն էլ վաղուց պատժված կլինեին։
«Ոստիկանության պրոֆեսիոնալիզմը, կոմպետենտությունը ապացույցներ հավաքելու շատ ցածր մակարդակի վրա է։ Իրենք փորձում են ինչ-որ այսպիսի ձևերով՝ ինքնախոստովանական ցուցմունքներով ֆորմալ, իրենք իրենց մոտ գրեն, որ հանցագործությունը բացահայտված է, փոխանցեն քննիչներին, թե որ քննիչների մոտ այդ գործը կքանդվի, ու հանցագործին քննիչն ու դատախազը չեն կարողանա դատել, դա արդեն ոստիկաններին չի հետաքրքրում», - ասաց նա՝ շարունակելով. - «Երբ տեսախցիկներ են հանվում բաժիններից, երբ հստակ ուղերձներ են գնում, որ այս մեթոդներն ընդունելի են, սա ընդհանուր սիստեմ է։ Համակարգն է այնպես ստեղծվում, որ այդ դեպքերը կոծկվեն»։
2018-ից սկսած 745 ծառայողական քննություն է իրականացվել՝ պարզելու քաղաքացիներին խոշտանգելու միջադեպերը
Ոստիկանության տվյալներով՝ 2018-ից սկսած 745 ծառայողական քննություն է իրականացվել՝ պարզելու քաղաքացիներին խոշտանգելու միջադեպերը։ Դրանց մեծ մասի՝ 564-ի դեպքում խոշտանգման փաստը չի հաստատվել։ Ըստ իրավապաշտպանի՝ հենց այս թվերը վկայում են՝ համակարգում բարեփոխումները ձախողվել են։ Ոստիկանությունից ավելի վաղ հակադարձել են՝ եթե համակարգում խնդիրներ չնկատեին, չէին սկսի բարեփոխումները, սակայն դրան զուգահեռ տարբեր խախտումները բացառված չեն։
Թարմացում (21։32)
Քննչական կոմիտեն երեկոյան պարզաբանմամբ հանդես եկավ՝ նշելով, որ Կարեն Ալավերդյանը, աշխատասենյակում տեսնելով իր պաշտպանյալին ձեռնաշղթաներով, կոնֆլիկտի մեջ է մտել ոստիկանության աշխատակիցների հետ, քաշել նրանց շորերից, հրել, հարվածել նրանց և փորձել է ձերբակալված պաշտպանյալին ազատել և տանել բաժնից:
Ըստ ՔԿ-ում ստացված հաղորդման՝ փաստաբանն իր գործողություններով խոչընդոտել է ոստիկանների աշխատանքներին, մասնավորապես չի թույլատրել, որ նրանք կազմեն ձերբակալման արձանագրություն: Իրավապահ կառույցը պնդմամբ՝ փաստաբանին հանդարտեցնելու անհաջող փորձերից հետո նրա նկատմամբ գործադրվել է ֆիզիկական ուժ, հատուկ միջոց՝ ձեռնաշղթա, և նա խուլիգանություն կատարելու և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել է։
Բացի այդ, փաստաբանը հաղորդում է տվել Ոստիկանության բաժնում իր պաշտպանյալին ոստիկանության մի քանի ծառայողների կողմից, գետնին ընկած վիճակում գտնվող իր պաշտպանյալին միաժամանակ հարվածներ հասցնելու, ինչպես նաև իր մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, իրեն քաշքշելու, իր նկատմամբ անհարկի ֆիզիկական ուժ և հատուկ միջոցներ կիրառելու վերաբերյալ։