Մինչ իրավապահները հայտնում են օրերս թմրանյութերի շրջանառության կասկածով մայրաքաղաքի կենտրոնում գործող «Բան» ակումբից 37 հոգու բերման ենթարկելու մասին, ակումբում ժամանակ անցկացնողները պատմում են խոշտանգումների մասին։
Անանուն մնալու պայմանով «Ազատության» զրուցակիցը պատմեց, թե ինչ ինչպես են ոստիկաններն իրենց տարել Արաբկիրի բաժին. - «Ցավացրել են, քցել են գետնին, ոտը դրել են դեմքի վրա, գետնին պառկած վիճակով մեկին նենց են չռփել...»
Ոստիկանությունը ակումբ է եկել հարևաններից մեկի ահազանգով։ Ակումբը Գրողների միության շենքի աջակողմյան հատվածում է։ Այսօր «Ազատության» այցելության պահին դուռը կապարակնքված էր Քննչական կոմիտեի կողմից։
Իրավապահներին ահազանգած բնակիչը հարևան շենքից է, որից լսելի չէին կարող լինել ձայները, պնդում է մեր զրուցակիցը։ Բայց ահազանգել է ոստիկանություն և ասել, թե երաժշտությունն իրեն խանգարում է։ Ոստիկանները եկել են, համոզվել հակառակի մեջ, թողել գնացել են։ Հետո բողոքող քաղաքացին երկրորդ անգամ է զանգահարել ու պնդել, թե թմրանյութի հոտ է զգում տարածքում։
«Պետք ա ոստիկանության պարապացրած շուն ըլնես, որ թմրանյութը հոտով իդենտիֆիկացնես», - պնդեց «Ազատության» զրուցակիցը։
Բերման ենթարկեցին նվաստացնելով, ասում է մեր զրուցակիցն ու պատմում, որ հրահանգել են հանել շորերը, անգամ մեկի անդրավարտիքն են հանել տվել՝ խուզարկելու համար։ Ոստիկանությունում էլ, երբ մեկը փորձում էր բարձրաձայնել իր իրավունքների մասին, արժանանում էր բռնության. - «Ես պահանջում եմ, որ իմ հետ վարվեք օրինական, դուք իրավունք չունեք ինձ կպնելու։ Էս խոսքերի համար մարդկանց նվաստացումներ, խփել, վիրավորել...»
Բերման ենթարկվածներից մեկին, պնդում է, ողջ գիշեր պահել են ձեռնաշղթաներով։
Առավել նստացնող էր վերաբերմունքը սեռական փոքրամասնությունների նկատմամբ. - «Իրանց հանդեպ ինքնասիրության կպնող, նվաստացնող վիճակներով... խեղճ, նիհար-միհար ինչ-որ մեկն ա, որին դու մենակով կոպիտ ասած չռփես, կարող ա ուշքը գնա։ Չորս հոգով... չգիտեմ ոնց ներկայացնեմ»։
Ներքին գործերի նախարարությունից փոխանցում են, որ ծառայողական ուսումնասիրություններ են սկսել ոստիկանների գործողությունների վերաբերյալ։ Քրեական գործ, սակայն, չկա։ Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ բողոք չեն ստացել գործ հարուցելու համար, դատախազությունից էլ նշում են՝ մամուլի հրապարակումներին դեռ ընթացք չեն տվել։
Փոխարենը Քննչականն արդեն քրեական գործ է հարուցել առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառությունն իրացնելու հոդվածով։ Բերման ենթարկաված 37 հոգուց ձերբակալված են երեքը, մեկին մեղադրանք է առաջադրվել։
«2023 թվականը ոստիկանության կողմից հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի», - հայտարարել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Ներքին գործերի նախարարը ամիսներ շարունակ չի անդրադառնում ոստիկանական բռնությունների մասին ահազանգներին, փոխարենը վերջերս մտահոգիչ էր որակել թմրամիջոցների շրջանառության ծավալները ու օրինակ բերել՝ այս տարվա հունվարից մինչև մարտ արձանագրվել է 324 դեպք, որից 122-ը՝ իրացման, իսկ մնացածը՝ պահելու դեպքերն են։
«Մի դեպքում ասում են՝ բա ի՞նչ էիք ուզում, թմրանյութերի դեմ պայքար է տարվում և դա է կարևոր... Եվ նույնիսկ չի դիտարկվում, որ ոստիկանությունը, անկախ նրանից, թե ինչ նպատակ է հետապնդում, այդ միջոցներով գործել չի կարող և դա թույլատրելի չէ։ Դա կոնկրետ խոշտանգում է քաղաքացու նկատմամբ, որը արգելված է թե' միջազգային կոնվենցիաներով և թե' ներպետական օրենսդրությամբ», - ասում է իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Թղթի վրա բարեփոխումներ, գեղեցիկ ծրագրերով. այսպես է իրավապաշտպանը բնութագրում ոստիկանության բարեփոխումները։ Այնինչ այս համակարգը գնալով դառնում է ամենաթող ու իշխանության հենարանը, ինչի պատճառով էլ վերջին ամիսներին հաճախակի դարձած բռնությունների ահազանգերից հետո որևէ ոստիկան չի պատժվել. - «Ամեն արդարացում բերվում է, որպեսզի ոստիկանությունը պատասխանատվություն չկրի ո'չ անհատական, ո'չ էլ որպես կառույց բռնություններ կիրառելու հարցով»։
Ամիսներ առաջ նույն սցենարով միջադեպ էր եղել «Պոլիգրաֆ» ակումբում։ Այս գործով, սակայն, դեռ մեղադրյալ ոստիկան չկա։ Այս ակումբի հաճախորդները ևս բարձրաձայնել էին ծեծի, հայհոյանքների մասին։
Հովհաննիսյանը ցավով է նշում, որ բռնության մասին դեպքերին սովորաբար ընթացք են տալիս հանրային աղմուկից հետո, մինչդեռ շատերի մասին այդպես էլ ոչ մեկը չի իմանում։ Ոստիկանությունից, սակայն, ավելի վաղ հակադարձել են՝ եթե համակարգում խնդիրներ չնկատեին, չէին սկսի բարեփոխումները, սակայն դրան զուգահեռ տարբեր խախտումները բացառված չեն։
«Մենք դեռևս տեսնում ենք, որ դեռևս ո'չայդ վերապատրաստումներն են արդյունավետ, և կոնկրետ ոստիկանության միջոցների կիրառման տեսանկյունից ոստիկանները չունեն նորովի գործելաոճ, հին պրակտիկաներն են շարունակվում», - արձանագրում է իրավապաշտպանը։
Մինչ այդ, ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդգծել է՝ մշակվել է ռազմավարության ծրագիր թմրամիջոցների դեմ պայքարն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Ուսումնասիրում են միջազգային փորձը, բացատրական աշխատանքներ են տարվում անչափահասների, երիտասարդների շրջանում, ակնկալում են հանրության աջակցությունը։
Պաշտոնական վիճակագրությունն իսկապես մտահոգիչ է. միայն անցած տարի թմրամիջոցների ապօրինի շրջանառության արձանագրված դեպքերը 2021-ի համեմատ աճել են շուրջ 76 տոկոսով, իսկ իրացնելու դեպքերը՝ 95 տոկոսով։