Ավելի քան մեկ տարի է՝ վանաձորցի Լևոն Գալստյանը քաղաքի այգիներում ու պուրակներում բոլորի աչքի առաջ վիճակախաղեր է կազմակերպում, բատուտներով, ատրակցիոն խաղերով շահույթ ստանում՝ առանց հարկ ու տուրք վճարելու։ Ծառայությունները, որոնցից հարյուրավոր երեխաներ են օգտվում, ո'չ փորձաքննություն են անցել, ո'չ էլ թույլտվություն ստացել։
Անօրինական բիզնեսով զբաղվող Գալստյանին, սակայն, դա չի կաշկանդում։ Ավելին, նա իր ծառայությունների մասին ի լուր բոլորի, բարձրախոսով տարբեր լեզուներով գովազդ է սփռում առավոտից երեկո։
«Կարուսելներ, կվադրացիկլներ, առևտուր... խախտվեց մեր հանգիստը, երեխաների ապահովությունը։ Նաև էսթետիկ տեսքը շատ վանող է նախ, մեզ համար, հետո տուրիստների համար։ Արդեն նկատել եմ, որ իրենք էլ չեն գալիս այգի», - ասում է Վանաձորի բնակիչ Անահիտ Ներկարարյանը։
Գալստյանի ինքնավստահությունը թերևս հիմքեր ունի։ Այս ընթացքում, մինչ բնակիչները դժգոհում են, շատերը կլորիկ գումարներ տանուլ տալիս, ոմանք՝ երեխաների կյանքը վտանգում, Վանաձորի համայնքապետարանն ու ոստիկանությունը զբաղված են պաշտոնական գրություններ փոխանակելով։ Միայն այս տարի առնվազն երեք անգամ Վանաձորի համայնքապետարանում արձանագրել են՝ «Լևոն Գալստյանը համայնքի վարչական տարածքում անօրինական մրցութային, խաղադրույքով շահումով խաղեր ու ավտոմատացված մեքենաների առևտուր է կազմակերպում»։
«Կա հարկային ծառայություն, կան հատուկ տեսչական մարմիններ։ Համայնքապետարանը, առևտրի բաժինը տալիս ա թույլտվություն էն մասով, որը «Տեղական տուրքերի ու վճարումների մասին» օրենքով կա նախատեսված։ Դրանից դուրս համայնքապետարանը լիազորություն չունի ինչ-որ արգելք հանդիսանալու։ Համայնքապետարանը կարող է ընդամենը ոչ սահմանված վայրում առևտուր իրականացնելու համար ենթարկել իրեն վարչական պատասխանատվության, որ այլևս այդ հատվածում չլինի», - ասում է Վանաձորի համայնքապետարանի առևտրի, սպասարկման և տրանսպորտի բաժնի պետի պաշտոնակատար Արման Մովսիսյանը։
Համայնքապետարանի առևտրի, սպասարկման և տրանսպորտի բաժինն այս տարեսկզբից երեք անգամ դիմել է իր վերադասին՝ համայնքի ղեկավարին, խնդրելով տուգանել օրինազանց բնակչին։ Գրությունները մինչ այժմ անհետևանք են մնացել։
Համայնքապետի մամուլի քարտուղար Աստղիկ Ավետիքյանն «Ազատությանն» ասաց՝ մի քանի անգամ բանավոր զգուշացրել են, որ դադարեցնեն անօրինական գործունեությունը՝ փորձելով գործը տուգանքին չհասցնել։ Արդյունքի չեն հասել։ Միայն երկու շաբաթ առաջ են վարչական վարույթ հարուցել ու այդ մասին գրավոր ծանուցել Լևոն Գալստյանին։ Ավելի քան մեկ տարի չսահմանված տարածքում անօրինական եկամուտ ստանալու համար նա կարող է տուգանվել 50-70 հազար դրամով։
«Այո, առևտրի բաժնի դիմումի համաձայն իրավաբանական բաժնում արդեն վարույթ է հարուցվել, ծանուցվել է քաղաքացուն այդ մասին։ Սակայն մտավախություն կար, որ ոնց որ թե չի ստացել ծանուցումը, երկրորդ անգամ ենք ծանուցել, և առնվազն մի տասը օրվա ընթացքում նաև քաղաքապետի որոշումը կլինի արդեն տուգանք սահմանելու վերաբերյալ», - ասաց Ավետիքյանը։
Արդեն մի քանի ամիս Լևոն Գալստյանն իր սննդի վաճառքի շարժական կետերով, առնվազն 9 ավտոմատ կառավարվող մեքենաներով, վիճակախաղերով ու այլ բնույթի խաղատեսակներով Վանաձորի քաղաքային զբոսայգում է, որն անցած տարի հիմնանորոգվել է կառավարության ու համայնքի միջոցներով։ Այստեղ օրվա տարբեր ժամերին մեր այցելությունների ընթացքում ո'չ ոստիկանների հանդիպեցինք, ո'չ հարկային տեսուչների, ո'չ էլ համայնքապետարանի պատասխանատուների։ Փոխարենն ամեն քայլափոխի աչքի էին զարնում խաղերի գնացուցակներն ու գովազդները։
«Ով կարողանա այս պտտաձողից 2 րոպե կախված մնալ՝ ձեռքերի ափերը դուրս կամ ներս՝ միանման, կստանա մեր հովանավորի կողմից 200 հազար դրամ։ Առանց գրանցվելու և վճարելու խնդրում ենք չփորձել»։
Սա վիճակախաղի հայտարարությունն է։ Ցուցանակը կախված էր պտտաձողից։
Այգում հանգստացողները հրաժարվում էին տեսաձայնագրվել, բայց պատմում էին, որ տեսել են՝ վիճակախաղին մասնակցելու համար նախապես 20 հազար դրամ են վճարում։ Լևոն Գալստյանը հաղթողին 200 հազար է խոստանում գոյություն չունեցող «Մուլտի Սվիթ» ընկերության անունից։ Նման ընկերություն պետռեգիստրում չկա։ Ընդ որում, պահանջվող երկու րոպե կախվելը գրեթե անհնար է, քանի որ ձողը պտտվող է ու դրանից բռնվելուն պես, կախվողի ձեռքերը սահում են։ Թերևս դա է պատճառը, որ ցանկացողներին նախապես՝ առանց գումարը վճարելու, բախտը փորձել չի թույլատրվում։
Րոպեներ անց վիճակախաղի մասին հայտարարության ցուցանակն անհետացավ։ Լևոն Գալստյանը հարձակվեց, սկսեց քաշքշել ինձ ու տեսախցիկը՝ պնդելով, թե տարածքում ամեն ինչ անվճար է և շահումով խաղերի ու ատրակցիոն խաղաձևերի համար այցելուներից գումար չի վերցնում։
«Ազատության» ահազանգին ոստիկանությունն արձագանքեց միայն 25 րոպե անց։ Մինչ այդ երիտասարդի կողքին հայտնվեց Վանաձորի նախկին իշխանությունների օրոք քաղաքի գլխավոր դենդրոլոգ և համայնքապետի օգնական աշխատած Սաշա Ավետիսյանը։ Հրաժարվեց պատասխանել «Ազատության» հարցերին՝ արդյո՞ք կապ ունի այգում անօրինական բիզնես ծավալողների հետ։
Չնայած բարձրախոսով անվճար սպասարկման մասին հայտարարություններին, անցորդներն ասում էին՝ նման բան երբեք չեն տեսել։
«Պետք է ասեմ, որ համեմատած երևանյան կենտրոնական նմանատիպ մանկական ատրակցիոններին, գները ավելի թանկ են», - ասաց մի կին։
Տարածքում նաև անչափահաս աշխատողներ կային, մինչև ուշ երեկո սպասարկում էին այցելուներին, վերցնում գումարն ու հատուկ տետրում գրառում անում վճարի մասին։
Ով է վանաձորցի Լևոն Գալստյանը, որի դեմ փաստացի, երկու տարի է անզոր են համայնքապետարանն ու ոստիկանությունը։ Նրա անունը ո'չ անհատ ձեռնարկատերերի, ո'չ էլ որևէ ընկերության սեփականատերերի ցանկում չկա։ Միայն հնարավոր եղավ դատական գործերի մեջ գտնել։ Դատարանը նրան առնչվող մի քրեական գործ է քննում, ըստ որի 2021-ին Լևոն Գալստյանը մարդ է ծեծել ու առողջությանը միջին ծանրության վնաս հասցրել։ Մեղադրանքում նշված է. - «Լևոն Գալստյանն իր ավտոմեքենայով կայանած վայրից տեղաշարժվելուց հետո նույն փողոցի երթևեկելի հատվածով ընթացող Արման Հովսեփյանի կողմից վարած ավտոմեքենայով իրեն ձայնային ազդանշան տալու չնչին ու աննշան առիթն օգտագործելով, դուրս է եկել ավտոմեքենայից, մոտեցել նրան և սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով, իրեն վեր դասելով հասարակության մյուս անդամներից, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, խուլիգանական դրդումներով, վիճաբանել է Արման Հովսեփյանի հետ, որի ընթացքում գլխով և ձեռքով հարվածներ է հասցրել վերջինիս դեմքի շրջանին՝ վերջինիս առողջությանը դիտավորությամբ պատճառելով միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով»:
Քրեական գործը դատարանում է արդեն երկու տարի, դեռ դատավճիռ չկա։
Ի դեպ, Լևոն Գալստյանը վանաձորի այգիներն ու պուրակներն ապօրինի տնօրինողներից մեկն է միայն։ Վանաձորի համայնքապետարանում ասացին, որ միայն քաղաքային այգում առնվազն երեք անձինք կան, բոլորն էլ անօրինական են սպասարկում ու գումար աշխատում։ Իրենք էլ գիտեն, բայց բավարար ներուժ չունեն պատժելու։ Ոստիկանությունը ևս մարդաշատ այգում մշտական հսկողություն չի իրականացնում, թեև նախկինում բազմաթիվ հաղորդումներ են ստացել քաղաքացիներից այստեղ տիրող իրավիճակի մասին։
«Ազատության» ահազանգով այգի ժամանած պարեկներն ասացին. - «Մենք հիմա համապատասխան գործողությունները կկատարենք, գործողությունները կատարելուց հետո ձեզ լրացուցիչ տեղյակ կպահենք դրա մասին»։
«Ազատությունը» ևս Լևոն Գալստյանի դեմ հաղորդում է ներկայացրել։ Իրավապահներից դեռ արձագանք չկա։