Մեղրին կարմիր գիծ է, Մեղրիում միջանցք չի լինելու․ իշխանական պատգամավոր

Հայաստանի և հայ ժողովրդի համար Մեղրին կարմիր գիծ է, Մեղրիում միջանցք չի լինելու, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ խոսելով Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապահին Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) ուժեր տեղակայելու Ռուսաստանի ցանկությունից։

Ըստ Մելքոնյանի՝ ճանապարհները, կոմունիկացիաները կարող են բացվել, բայց դրանք էլ Հայաստանի հսկողության տակ պետք է լինեն, ոչ թե ռուսների։

Իշխանական պատգամավորը հիշեցնում է՝ Եղեգնաձորի, Ջերմուկի ճանապարհներին ռուսները հենակետեր դրեցին, ահագին զորք իջեցրեցին Սյունիք, ու «էդ զորքը ոչ մի բանի չխառնվեց»։ Ըստ Մելքոնյանի, տեղի ունեցավ հակառակը՝ երբ որ Ադրբեջանը հարձակվում էր Ջերմուկի, Վարդենիսի ուղղությամբ, տարածքներ էր վերցնում, ռուսները երեք-չորս ժամ առաջ մինչև հարձակումը հենակետերը թողեցին դուրս եկան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը Հայաստանի տարածքից մոտ 127 քառակուսի կմ է օկուպացրել. իշխանական պատգամավոր

Քննիչ հանձնաժողովում նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր ասել, թե իր համար կարմիր գիծ է եղել խաղաղապահների տեղակայումը Մեղրիում՝ նշելով՝ քննարկումների արդյունքում հասան մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։ «Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը», - ասել էր վարչապետը։

Մելքոնյանն «Ազատության» հետ զրույցում նկատեց՝ նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնագիրը միայն Հայաստանի համար է գործել, շեշտելով՝ Հայաստանը բոլոր կետերը կատարել է, բայց Ադրբեջանը չի կատարել նույնիսկ 50 տոկոսը։

«Մենք տվեցինք Խծաբերդը, մնացած տարածքները կամաց-կամաց ռուսները նվիրեցին ադրբեջանցիներին ու առաջ են գալիս, Լաչինի միջանցքն էլ նվիրեցին, ամեն ինչ նվիրեցին, և այդ համաձայնագրի ոչ մի կետ իրենք չպաշտպանեցին, բացի դրանից էլ հիմա Լաչինի միջանցքի հետ է խնդիր բարձրացել․ իրենց ամբողջ նպատակը միջանցքն ադրբեջանցիներին հանձնելն է։ Պետք է հասկանանք, որ մենք պետք է ամուր լինենք, որպեսզի ոչ մի զորք այնտեղ չտեղակայվի, մեր տարածքն է, մենք էլ պետք է մեր տարածքը պաշտպանենք, դրա անվտանգությունը մենք պետք է ինքներս պահենք», - ասաց պատգամավորը։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․