Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր Կառավարության նիստի ժամանակ մեկ անգամ ևս արձանագրեց՝ «Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության բանակ չկա»:
«Լեռնային Ղարաբաղում գործում է ԼՂ Պաշտպանության բանակը, որի գոյության պատճառները յուրաքանչյուր ոք ամեն օր կարող է գտնել Ադրբեջանի պաշտոնական քարոզչության և գործողությունների մեջ, որի անթաքույց էությունը Լեռնային Ղարաբաղի հայերին էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկելն է», - հայտարարեց վարչապետը՝ հակադարձելով պաշտոնական Բաքվի անհիմն մեղադրանքներին և Արցախից Հայաստանի բանակի ստորաբաժանումները դուրս բերելու պահանջին:
«Ըստ էության, այդ քաղաքականության սողացող իրագործումն ենք այսօր տեսնում Լեռնային Ղարաբաղում», - նշեց Փաշինյանը:
«Էթնիկ զտման ադրբեջանական այդ քաղաքականության մաս է նաև այն միջազգային կազմակերպությունների և երկրների թիրախավորումը, ովքեր օբյեկտիվ գնահատական են տալիս Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և Ադրբեջանի գործողություններին: Այս առումով, Ադրբեջանը ամիսներ շարունակ լայնածավալ հակաքարոզչություն է սկսել Ֆրանսիայի նկատմամբ, որի թե՛ պաշտոնական, թե՛ հանրային հարթակներում հնչում են հասցեական գնահատականներ և ահազանգեր Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության դեմ իրագործվող ապօրինի քայլերի մասին», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Ֆրանսիայի դեմ ուղղված քարոզչությունը այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամին հասցեական հնարավոր գնահատականները կանխելն է»:
«Հայաստանն, իր հերթին, շնորհակալություն հայտնելով Ֆրանսիային, պետք է բոլոր միջոցները ձեռնարկի, որ ավելի ու ավելի շատ երկրներ և միջազգային կազմակերպություններ հասցեական գնահատականներով հանդես գան Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Այս ողջ իրավիճակին մեր արձագանքը պետք է լինի շարունակական դիվանագիտական աշխատանքը: Որքան էլ ծանր լինի թե՛ բարոյապես, թե՛ քաղաքական, թե՛ էմոցիոնալ առումով, մենք որևէ պարագայում ինքնատիրապետումը չպետք է կորցնենք», - ընդգծեց Հայաստանի վարչապետը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության համար Ալիևը պահանջում է զինաթափել Արցախի բանակը ու բացել «զանգեզուրյան միջանցքը»
Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է հանդիպում Ադրբեջանի նախագահի հետ, խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման
«Որքան էլ այսօրվա իրերի դրությունը դժվար է բարոյական, քաղաքական, անվտանգային, էմոցիոնալ առումով, խաղաղության օրակարգի իրացումը այլընտրանք չունի: Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքներն ու անվտանգությունը պետք է հասցեագրվեն Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմների շրջանակներում, իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետք է խաղաղության պայմանագիր ստորագրվի», - հայտարարեց վարչապետը:
«Վաշինգտոնում վերջերս տեղի ունեցած Հայաստան - Ադրբեջան բանակցություններում արձանագրված առաջընթացը շոշափելի չէ, բայց որոշակի առաջընթաց կա», - նշեց Փաշինյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյանը և Բայրամովը համաձայնեցրել են համաձայնագրի նախագծի ևս մի քանի հոդված և «գրանցել փոխըմբռնման առաջընթաց»«Առաջիկայում Բրյուսելում նախատեսվում է իմ հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ՝ Եվրամիության խորհրդի նախագահի միջնորդությամբ: Ցավոք, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը դեռ պատրաստ չէ ստորագրման: Հույս ունեմ առաջիկա հանդիպման ընթացքում առարկայացնել Վաշինգտոնում արձանագրված դրականը», - հայտարարեց Հայաստանի վարչապետը՝ կրկին ընդգծելով. - «Բոլոր հարցերը պետք է լուծենք դիվանագիտական ճանապարհով»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյան-Միշել-Ալիև հաջորդ եռակողմ հանդիպումը նախատեսվում է հուլիսի 21-ին՝ Բրյուսելում