Մատչելիության հղումներ

Միջնորդների մոտեցումները չպետք է կանխորոշեն բանակցությունների արդյունքը. Արցախի ԱԳՆ


Միջնորդների մոտեցումները չպետք է կանխորոշեն բանակցությունների արդյունքը, հայտարարում է Արցախի արտգործնախարարությունը՝ արձագանքելով Հայաստանում ԱՄՆ դեսպանի` Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հնչեցրած հայտարարություններին:

Ստեփանակերտից համոզմունք են հայտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հիմնահարցը, կարող է հաջողությամբ պսակվել, այն դեպքում, «եթե հակամարտության բոլոր կողմերը և միջնորդները, ամբողջովին գիտակցելով իրենց պատասխանատվությունը, ցուցաբերեն ճկունություն, ստեղծարար մոտեցում, կառուցողականություն և առաջնորդվեն ինչպես միջազգային իրավունքի նորմերով, այնպես էլ համընդհանուր այնպիսի արժեքներով, ինչպիսիք են արդարությունը, արժանապատվությունը և ազատությունը»

«Գտնում ենք, որ անսասան հավատարմությունն այս սկզբունքներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից կուտակված միջնորդական փորձի կիրառումը կնպաստեն հակամարտության արդար ու համապարփակ կարգավորմանը և տարածաշրջանում կայուն ու արժանապատիվ խաղաղության հաստատմանը։ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի նկատմամբ ակնհայտ ցեղասպանական մտադրությամբ իրականացվող նվաճողական և էթնիկ զտման քաղաքականության, շարունակվող անմարդկային շրջափակման, բռնության և ագրեսիայի կրկնվող դեպքերի, աճող ատելության խոսքի և ռազմատենչ հռետորաբանության պայմաններում նմանատիպ հայտարարությունները հիշեցնում են ագրեսորին հանդարտեցնելու քաղաքականություն։ Ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, ագրեսորի հանդարտեցումը վերջինիս կողմից ընկալվում է որպես իր ապակառուցողական քաղաքականության խրախուսում, ինչը հանգեցնում է միայն հետագա բռնությունների և մարդկային տառապանքների», - ասված է հաղոդագրությունում։

Արցախի արտգործնախարարությունն ընդգծել է, որ «ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության արդար, հավասարակշռված և արժանապատիվ կարգավորման ուղիների որոնումը չպետք է ունենա արհեստական սահմանափակումներ, այլ պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ներառյալ՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ ամրագրված ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վրա։ Նորագույն պատմության մեջ և միջազգային պրակտիկայում կան ժողովրդի կամարտահայտության հիման վրա նման բարդ և ձգձգված հակամարտությունների լուծման օրինակներ»:

XS
SM
MD
LG