Պուտինը ասիական գործընկերներին հավաստիացրել է Ռուսաստանի ժողովրդի համախմբվածության մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին, արխիվ

Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների հեռավար համաժողովում Վլադիմիր Պուտինը հավաստիացրել է, որ Եվգենի Պրիգոժինի խռովության փորձի ժամանակ Ռուսաստանի ժողովուրդը համախմբվածություն է դրսևորել։

«Ռուսաստանի ժողովուրդը համախմբված է ինչպես երբեք: Քաղաքական շրջանակներն ու ամբողջ հանրությունը ցուցադրեցին իրենց միասնությունը և հայրենիքի ճակատագրի հանդեպ պատասխանատվության բարձր զգացումը, երբ միասնական ճակատով արձագանքեցին զինված խռովության փորձին», - այսօր ասել է նա իր ելույթում։

Հունիսի 24-ին «Վագներ» ռազմականացված մասնավոր կազմակերպության ղեկավար Եվգենի Պրիգոժինի խռովությունից հետո, սա միջազգային մակարդակով Պուտինի առաջին ելույթն էր։

Reuters լրատվական գործակալության մեկնաբանությամբ՝ Պուտինը ձգտում է ցրել միջազգային ասպարեզում իր հեղինակությանն առնչվող կասկածները։

Պուտինն իր ելույթում հավաստիացրել է, որ Ռուսաստանը վստահ դիմակայում է արտաքին ճնշմանը, պատժամիջոցներին ու սադրանքներին, ու ստեղծված իրավիճակում երկիրը շարունակում է կայուն զարգանալ։