Արցախի Մարտունու շրջանի Գիշի գյուղում այսօր վերջին հրաժեշտն են տվել հունիսի 28-ին Ադրբեջանի հետ շփման գծում հրետանային ու ԱԹՍ հարվածներից զոհված չորս զինծառայողներից երկուսին։ 36-ամյա Գագիկ Բալայանն ու 54-ամյա Արմո Աբգարյանը համագյուղացիներ էին, բազմանդամ ընտանիքների հայրեր։ Գագիկը չորս անչափահաս երեխա ունի, իսկ Արմոյի 4 երեխաներից երկուսն են անչափահաս։
«Մոտ մի տարի է, ինչ կամավորագրվել են աշխարհագրայինի ջոկատներում, երկուսն էլ բազմազավակ էին», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գիշի համայնքի ղեկավար Սերոբ Աղաբեկյանը՝ հավելելով, որ տղամարդիկ շրջափակված Արցախում հիմնականում գյուղատնտեսությամբ էին զբաղվում, տան միակ եկամուտն ապահովողն էին. - «Այս պահից հետո արդեն չգիտեմ՝ ոնց կլինի։ Հիմնական զբաղմունքը դա է, ուրիշ բան չկա, հիմա էլ Արցախում, տեղյակ եք, աշխատանք չկա, կամ գյուղատնտեսություն, կամ ծառայություն»։
Մյուս երկու զոհերին՝ ժամկետային 20-ամյա Սամվել Թորոսյանին ու Երվանդ Թադևոսյանին դեռ չեն հուղարկավորվել։ Երկրորդ օրն է՝ Ադրբեջանն արգելում է նրանց դիերը Հայաստան տեղափոխել։ Բաքվից պնդում են, թե տղաները Հայաստանի զինված ուժերի զինծառայողներ են։ Ստեփանակերտից, մինչդեռ, հերքում են այս տեղեկությունը։ Երեկ «Ազատությանն» Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ արցախյան կողմը դիմել է ռուս խաղաղապահներին ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, սակայն ադրբեջանական կողմի հետ բանակցությունները դեռ արդյունք չեն տվել, դրանք շարունակվում են։
«Ադրբեջանական լրատվականները նորից դիմում են մանիպուլյացիաների՝ փորձելով այս հանգամանքը օգտագործել մարդկանց մարմինների տեղափոխման մեր խնդրանքը, ընդհատվող այդ բանակցությունները այս հարցի վերաբերյալ՝ ցույց տալու համար, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներկայացուցիչներ են գտնվում Լեռնային Ղարաբաղում, և հենց այս հանգամանքը ցույց տալով ապացուցել իրենց այդ կեղծ պնդումը», - նշել էր ՄԻՊ-ը։
Ժամկետայիններից մեկը՝ 20-ամյա Սամվել Թորոսյանը, Ստեփանակերտի բնակիչ է, նրա հարազատները տղային ցանկանում են «Եռաբլուրում» հուղարկավորել, մյուս զոհված զինծառայողը՝ 20-ամա Երվանդ Թադևոսյանը՝ Քաշաթաղի նախկին բնակիչ։ Նրա ծնողներն էլ պատերազմից հետո Հայաստան են տեղափոխվել։
Ադրբեջանն արդեն 2 շաբաթ է՝ չի թողնում նաև սննդի փոխադրումներն Արցախ
Ադրբեջանն արդեն 2 շաբաթ է՝ չի թողնում նաև սննդի փոխադրումներն Արցախ։ Ստեփանակերտի ու շրջանների խանութները օր օրի դատարկվում են։
Հիմա Արցախում պետության ամբարած սննդամթերքն են սպառում ու տեղական արտադրանքը։
«Խոշոր առումով որոշակի սննդի տեսակներ, պաշարներ ունենք և տեղական արտադրանք ունենք, բայց դա չի նշանակում, որ բոլոր անհրաժեշտ սննդատեսակներն ունենք, այսինքն՝ գնալով թերսնման մակարդակն աճելու է բավականին մեծ տոկոսով իր բոլոր առողջապահական հետևանքներով», - նշեց Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Բաքուն Արցախի տնտեսությանը պատճառել է ավելի քան 340 միլիոն դոլարի վնաս»․ Արցախի ՄԻՊ-ը նոր զեկույց է հրապարակել ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախի ճգնաժամը հաղթահարելու համար Փաշինյանը երկու լուծում է առաջարկում. Բաքուն երկուսն էլ մերժում էԱրտակ Բեգլարյանի խոսքով՝ դեռ ալյուրի, մսամթերքի, ձավարեղենի, բանջարեղենի խնդիր չկա, որ տեղական է, մրգերն էլ, բայց բացառապես միայն տեղական ու ոչ շատ։ Ձեթի ու շաքարավազի խնդիրն արդեն նկատելի է։ Արցախի պետնախարարի խորհրդականն ասում է՝ մեքենաների վառելիքն էլ է գրեթե սպառվելուն մոտ. - «Մասնավոր տրանսպորտը գրեթե ընդհանրապես չի գործում, հանրային տրանսպորտը շատ ծանրաբեռնված է, բնականաբար դրա հետևանքով նաև տնտեսությունն է շատ ավելի լուրջ ծանրության տակ, քանի որ տնտեսական գործունեության համար և մարդկանց ներքին կարիքների բավարարման համար ներքին տրանսպորտը պետք է քիչ թե շատ կանոնավոր կերպով և որոշակի ծավալով գործեր, իսկ հիմա դա խիստ սահմանափակված է»։
Արցախի պետնախարարի խորհրդականը հայտարարում է՝ Ադրբեջանի ագրեսիան, շուրջ 7 ամիս շարունակական շրջակումն ու հունիսի 15-ից էլ ամբողջական բլոկադան էլ ավելի են սրում իրավիճակն Արցախում։ Իսկ Ստեփանակերտում դեռ հույսը չեն կորցնում, որ Ռուսաստանն ու Արևմուտքը կոչերից զատ կոնկրետ քայլերի կանցնեն։
«Կարծում եմ՝ շատ կարճ ժամկետում՝ մի քանի օրվա մեջ, միջազգային հանրությունը, տվյալ դեպքում և՛ Ռուսաստանը, և՛ արևմտյան բլոկը, նրանք, որոնք որևէ պատասխանատվություն ունեն ստանձնած, իրենց պատասխանատվությունը պետք է ամբողջությամբ կատարեն՝ կոշտ ճնշում գործադրելով Ադրբեջանի հանդեպ», - ասաց նա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շուրջ համաձայնություն չկա, Արցախից հայտնում են՝ Ադրբեջանը ինտեգրացիա է պահանջումԱրցախը Հայաստանին կապող Հակարիի կամրջով այս պահին ադրբեջանական կողմը թույլատրում է միայն Կարմիր խաչի մեքենաների տեղաշարժը։ Միջազգային կազմակերպությունը ծանր հիվանդներին է տեղափոխում երևանյան բուժհաստատություններ, Հայաստանից էլ՝ դեղորայք։