Մատչելիության հղումներ

Ադրբեջանն արգելում է Հայաստան տեղափոխել երկու զոհերի դիերը. Արցախի օմբուդսմեն


Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյան

Արցախի թեմի գործող բոլոր եկեղեցիներում երեկոյան հոգեհանգստյան կարգ կմատուցվի նախօրեին Ադրբեջանի հետ շփման գծում արյունալի միջադեպի հետևանքով զոհված զինծառայողների համար։

Զոհերից երկուսը՝ Սամվել Թորոսյանն ու Երվանդ Թադևոսյանը ժամեկտայիններ են՝ 20 տարեկան, մյուս երկուսը՝ 36-ամյա Գագիկ Բալայանն ու 54-ամյա Արմո Աբգարյան՝ կամավորներ։ Նրանք անչափահաս երեխաներ ունեն։

Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանն արգելում է զոհերից երկուսին Հայաստան տեղափոխել։ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով, ժամկետայիններից մեկը՝ 20-ամյա Սամվել Թորոսյանը, Ստեփանակերտի բնակիչ է, մյուս զոհված զինծառայողը՝ 20-ամա Երվանդ Թադևոսյանը, Քաղաթաղի նախկին բնակիչ. - «Ամբողջ կյանքը տվյալ անձնավորությունը ապրել է Արցախում, համարվում է Արցախի Հանրապետության քաղաքացի, բայց 2020 թվականի պատերազմի հետևանքով ընտանիքը բնակվել է Հայաստանի Հանրապետությունում և խնդրել է, որպեսզի զոհված զինծառայողի մարմինը տեղափոխվի և հուղարկավորվի Հայաստանում։ Մյուսը դեպքը ևս Արցախի Հանրապետության քաղաքացի է, Ստեփանակերտի բնակիչ, բայց հարազատները խնդրել են, որպեսզի մարմինը հուղարկավորվի Եռաբլուրում»։

Ստեփանյանը փոխանցեց, որ արցախյան կողմը փորձում է ռուս խաղաղապահների միջնորդությամբ դիերը Հայաստան տեղափոխել, սակայն դեռ չի հաջողվում։ Ստեփանակերտից նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտե են դիմել։

Արցախի օմբուդմենը հերքում է ադրրբեջանական կողմի պնդումները, թե զոհված տղաները Հայաստանի զինված ուժերի զինծառայող են. - «Ունեմ ինձ մոտ տվյալ անձանց վերաբերյալ տվյալները, ցանկացած կերպով կարող եմ ապացուցել, որ նրանք երկուսն էլ Արցախի Հանրապետության քաղաքացիներ են։ Եվ Ադրբեջանի այդ պնդումը, որ նրանք Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչներ են, իրականությանը չի համապատասխանում և հերթական կեղծ, մանիպուլյատիվ պնդումն է»։

Արցախի օմբուդսմենն ընդգծում է՝ սա առաջին դեպքը չէ, երբ Ադրբեջանը արգելում է հանգուցյալների տեղափոխումը. - «Մենք շրջափակման յոթ ամիսների ընթացքում ունեցել ենք 36 այլ դեպքեր, երբ Արցախի Հանրապետության քաղաքացիները, որոնք մահացել են Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ հակառակը, Արցախի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության մահացած անձանց մարմինները չենք կարողացել տեղափոխել, չենք կարողացել կազմակերպել, և մարդիկ ստիպված հուղարկավորել են իրենց հարազատներին ոչ իրենց բնակավայրերում»։

Չորս զինծառայողները զոհվել էին նախօրեին Մարտունու ու Մարտակերտի հայկական դիրքերի վրա Ադրբեջանի զինուժի կիրառած հերատանային կրակի ու ԱԹՍ-ների հարձակման հետևանքով։

Հայաստանի վարչապետն այսօր կառավարության նիստում արյունալի միջադեպը սադրանք որակեց ու շեշտեց՝ Բաքուն դրան նախապատրաստվում էր երկար ժամանակ՝ տեղեկատվական գրոհներով. - «Իբր Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը շփման գծի տարբեր հատվածներում խախտում է հրադադարի ռեժիմը։ Ադրբեջանական լրատվության հրապարակումների մտացածին լինելը Լեռնային Ղարաբաղի իշխանությունների կողմից հետևողականորեն ի ցույց է դրվել, ինչի պայմաններում ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը իրադրությունը սրելու և Լեռնային Ղարաբաղը հայաթափելու հետևողական քաղաքականություն է վարում։ Այսինքն՝ ըստ էության այն քաղաքականությունը, որի վերաբերյալ մենք երկար ժամանակ ահազանգում ենք»։

Բաքուն հրադադարի խախտումների մասին պնդումներով հաղորդագրություններ է տարածում արդեն ավելի քան 3 ամիս, վերջին շրջանում՝ գրեթե ամեն օր։ Հայկական կողմերը պարբերաբար հերքում ու իրենց հերթին հայտնում են Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումների մասին։

Վերջին շրջանում Ադրբեջանի զինուժը թիրախավորում է նաև Արցախի բնակավայրերն ու գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող գյուղացիներիներին, գյուտեխնիկան։ Արցախի ոստիկանությունն ու Պաշտպանության բանակը շարունակում են հաղորդել գյուղացիներին, գյուղտեխնիկան թիրախավորելու մասին։

Նույն ընթացքում Ադրբեջանն արդեն կես տարուց ավելի է շրջափակման մեջ է պահում Արցախը, հունիսի 15-ից էլ՝ Հակարիի կամրջի կրակոցներով ուղեկցված միջադեպից հետո, արգելում է հումանիտար բեռների փոխադրումը։ Բաքուն կիրակի օրվանից կամրջով թույլատրում է միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեին Ստեփանակերտից Երևան հիվանդներ տեղափոխել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG