Արցախի արտգործնախարարությունը ողջունում է «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պաշտպանությունը» խորագրով լսումները, որոնք կազմակերպվել են հունիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ամերիկացի օրենսդիրները Բայդենի վարչակազմից պահանջում են թույլ չտալ հայերի երկրորդ ցեղասպանություն«Խորը երախտագիտություն ենք հայտնում լսումների բոլոր կազմակերպիչներին և մասնակիցներին, այդ թվում՝ ԱՄՆ կոնգրեսականներ Քրիս Սմիթին, Ջեյմս ՄըքԳավերնին, Ադամ Շիֆին, Ֆրենք Փալոնին, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսին` Ադրբեջանի անօրինական և ռազմատենչ նկրտումների մասին տեղեկացվածության բարձրացմանն ու Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված ջանքերի համար», - ասված է նախարարության հայտարարությունում:
Պաշտոնական Ստեփանակերտն առանձին ուշադրության արժանի է համարում «այն հանգամանքը, որ ԱՄՆ կոնգրեսականներն իրենց ելույթներում կոչ են արել ԱՄՆ ղեկավարությանը գործադրել բոլոր հնարավոր միջոցները՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, կանխելու հետագա լարվածությունը, ինչը կարող է հանգեցնել նոր պատերազմների ու նոր հանցագործությունների»:
Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը հույս է հայտնում, որ նման լսումների անցկացումը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ այս շաբաթ Վաշինգտոնում կայանալիք հանդիպման նախօրեին կարևոր ազդակ կարող է դառնալ Արցախի ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման և անվտանգային ու հումանիտար բնագավառներում առկա մարտահրավերների հաղթահարման համար։