Վաշինգտոնում հաջորդ շաբաթ կայանալիք բանակցություններին ընդառաջ պաշտոնական Բաքուն կրկին հայտարարում է, թե մերժում է Ղարաբաղի հայերին անվտանգության հավելյալ երաշիքներ տրամադրելու Երևանի պահանջը։
«Նրանք բավարար չափով արդեն պաշտպանված են»,- Reuters-ին ասել է Ադրբեջանի արտգործնախարարը Ղարաբաղի 120 հազար բնակչության մասին, որոնց Բաքուն կես տարուց ավելի է՝ զրկել է աշխարհի հետ կապից, գազից ու էլեկտրաէներգիայից։
Մինչ Երևանը պնդում է, թե Ադրբեջանը պետք է Ստեփանակերտի հետ երկխոսություն սկսի միջազգային երաշխիքների ներքո, Բայրամովը պնդել է՝ Հայաստանը նման պահանջ առաջ քաշելու որևէ իրավունք չունի։
«Դա մեր ներքին հարցն է»,- ասել է նա։
Միաժամանակ, Բայրամովը ակնարկել է, թե Ղարաբաղի հայերը կարող են մշակութային ինքնավարություն ունենալ, բայց ոչ ավելին. - «Նրանք կարող են շարունակել խոսել ու կրթվել իրենց լեզվով և պահպանել իրենց մշակույթը, եթե ինտեգրվեն Ադրբեջանի հասարակությանն ու պետական կառույցներին, ինչպես մեր երկրի մյուս էթնիկ ու կրոնական փոքրամասնությունները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երբևէ Արցախն ինտեգրված չի եղել Ադրբեջանին, որ հիմա էլ վերաինտեգրացիայի մասին խոսք լինի․ Արցախի ընդդիմադիր պատգամավորԲաքուն Երևանից գործնական քայլեր է պահանջում
Խոսելով Միացյալ Նահանգների միջնորդությամբ սկսված բանակցություններից, որի հերթական փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ, Բայրամովն ասել է՝ որոշակի առաջընթաց կա, բայց անհրաժեշտ է, որ հայկական կողմն իր խոսքերը գործով ապացուցի։
«Կարծում ենք, որ առաջին անգամն էր, երբ Հայաստանի վարչապետը հրապարակավ հայտարարեց, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում է։ Ի՞նչն էր պատճառը, որ վարչապետից երկուսուկես տարի պահանջվեց՝ պատերազմից հետո, որպեսզի նա ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,- հարց է բարձրացել Ադրբեջանի արտգործնախարարը՝ շարունակելով՝ հայտարարությունները բավարար չեն, Հայաստանը պետք է նաև խոսքից գործի անցնի։
Ալիևը ներկայացրել է, թե ինչ պահանջներ է առաջ քաշում
Մինչ Բայրամովը խաղաղության հասնելու նախապայմաններ է դրել, նախագահ Ալիևն այսօր այցելել է Ադրբեջանի հատուկ նշանակության զորամասերից մեկը, հայերին որակել «թշնամի» ու պնդել՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը պետք է հաշվի առնի հետպատերազմյան իրողությունները։ Իսկ դրանք, ըստ Ալիևի, հստակ են՝ «Ադրբեջանի բանակը հաղթել է, այսօր ավելի հզոր է», քան 44-օրյա պատերազմի ժամանակ և շարունակում է հզորանալ։
«Բազմաթիվ պայմանագրեր են ստորագրվել նոր անօդաչու թռչող սարքերի, մեծ կործանարար ուժով և բարձր ճշգրտությամբ հեռահար հրթիռների մատակարարման համար»,- պնդել է Ալիևն ու ներկայացրել՝ ինչ պահանջներ է առաջ քաշում Բաքուն խաղաղության համար. - «Սրանք են մեր պայմանները՝ Հայաստանն անցած տարի ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ անցած ամիս նաև հստակ նշելով դրա պարամետրերը. դա դրական քայլ էր։ Բայց այդ հայտարարությունները պետք է ամրագրվեն թղթի վրա, և Հայաստանն այն պետք է ստորագրի։ Այդ դեպքում Հարավային Կովկասում տևական խաղաղություն կլինի, հակառակ դեպքում՝ ոչ»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների կարգավորված հարաբերություններ հաստատել հարևանների հետ. նախագահԱդրբեջանի նախագահը կրկին սպառնում է
Ալիևը նաև պնդել է՝ Բաքվի օրակարգում են նաև «Զանգեզուրի միջանցք» բացելու, Ղարաբաղից հայկական բոլոր զինված ուժերը դուրս բերելու պահանջները, սպառնալով՝ Հայաստանի հետ սահմանի երկայնքով բոլոր բարձունքները գտնվում են ադրբեջանական ուժերի հսկողության ներքո։
«Մեր առաջին գերխնդիրն է էլ ավելի հզորացնել Ադրբեջանի բանակը, երկրորդը՝ վերականգնել Ղարաբաղն ու Արևելյան Զանգեզուրը», - հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը՝ ընդգծելով, թե Բաքվի այս նպատակներին որևէ երկիր չի կարող միջամտել, քանի որ Բաքուն ինքնուրույն է որոշում սեփական ճակատագիրը. - «Հիմա բոլորն են տեսնում, որ Մինսկի խումբը, որ ժամանակին փորձում էր հավերժացնել հայկական օկուպացիան, այլևս օրակարգում չէ, այլ՝ պատմության հնոցներում։ Ուժերը, որ ժամանակին հատուկ կարգավիճակ էին պահանջում Ղարաբաղի հայերի համար, հիմա կտրականապես այլ հայտարարություններ են անում, և Հայաստանի առաջնորդները, որ ժամանակին ասում էին՝ Ղարաբաղը Հայաստան է և վերջ, հիմա կրկնում են իմ խոսքը՝ Ղարաբաղն Ադրբեջան է»։
Ադրբեջանը բետոնե արգելապատնեշով է փակել Լաչինի միջանցքը
Բաքվից հնչող այս հայտարարությունների ֆոնին՝ Ստեփանակերտն այսօր հաղորդեց, թե Ադրբեջանը բետոնե արգելապատնեշներով փակել է Լաչինի միջանցքը՝ անտեսելով ճանապարհը բացելու միջազգային կոչերն ու հորդորները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վերջին շրջափակումն ավելի շատ ուղղված է արցախցիների և Արցախի վրա ճնշումներ գործադրելուն. ԱբրահամյանԱվելին, Ալիևն այսօր պնդել է, թե Հակարիի կամրջի մոտ տեղադրված անցակետն Ադրբեջանի «քաղաքական կամքի ու հատուկ մշակած քաղաքականության հետևանքն է», որտեղ յուրաքանչյուր քայլ նախորդի տրամաբանական շարունակությունն է։
«Մենք պահանջում ենք, որ որևէ մեկը մեր ներքին գործերին չմիջամտի, պահանջում ենք, որ բոլորը ճանաչեն մեր տարածքային ամբողջականությունը գործով, ոչ թե խոսքով, այդ դեպքում մենք էլ նրանց տարածքային ամբողջականությունը կճանաչենք։ Հակառակ դեպքում մեր քայլերը կլինեն համարժեք», - հայտարարել է նա։
Ալիևը նաև եվրոպացի պաշտոնյաներին ու պատգամավորներին է մարտահրավեր նետել, որոնք, նրա խոսքով, պարբերաբար այցելում են Հայաստանի սահման, լուսանկարվում ու Բաքվին ուղերձներ փոխանցում։
«Եթե կարող եք, առանց մեր թույլտվության Ստեփանակերտ գնացեք, մոտեցեք մեր սահմանին», - պնդել է Ադրբեջանի առաջնորդը՝ բռունցքը վեր պարզած։
Պաշտոնական Երևանը Ալիևի այս հայտարարություններին որևէ կերպ դեռ չի արձագանքել։