Թուրքիան ակնկալում է Աքքույուի ԱԷԿ-ից հոսանք ստանալ 2024 թվականին

Աքքույուի ատոմակայանի կառուցումը, Մերսինի մարզ, Թուրքիա, արխիվ, 26 ապրիլի, 2023թ.

Թուրքիայում ծրագրում են հաջորդ տարվանից սկսել «Աքքույու» ատոմակայանի շահագործումը:

«Միջուկային վառելիքը բերվել է այս տարվա ապրիլի 27-ին: Մեր նպատակն է Աքքույուի ատոմակայանում հաջորդ տարվանից սկսել էլեկտրականության արտադրումը», - հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարարության միջուկային էներգիայի վարչության ղեկավար Սալիխ Սարին:

Այդ մասին նա խոսել է Ստամբուլում միջուկային էներգետիկայի հարցերով գումարված ցուցահանդես-համաժողովում:

Նրա խոսքով, Թուրքիան Ռուսաստանի և Հարավային Կորեայի հետ հիմա բանակցում է Սև ծովի ափի մոտ Սինոպ ավանի շրջանում երկրորդ ատոմակայանը կառուցելու հարցի շուրջ: Բացի այդ, Թուրքիան ունի երկրի եվրոպական հատվածում՝ Թրակիայում երրորդ ԱԷԿ-ը կառուցելու մտադրություն:

«Աքքույու»-ն թուրքական առաջին ատոմակայանն է: Այն կառուցվում է Մոսկվայի և Անկարայի միջև 2010 թվականի մայիսի 10-ին կնքված պայմանագրով:

Աքքույուի ԱԷԿ-ը կունենա չորս ռեակտորներ՝ յուրաքանչյուրը՝ 1200 մեգավատտ հզորությամբ:

Բոլոր չորս ռեակտորների շահագործման արդյունքում ԱԷԿ-ը տարեկան կարտադրի 35 միլիարդ կիլովատտ*ժամ էներգիա: