Ստուգվում է Գորիսում հնչած կրակոցներին նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու առնչությունը

Տիգրան Խաչատրյան

«Գորիսում հնչել են կրակոցներ, միջադեպին մասնակցել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավագ որդին՝ Տիգրան Խաչատրյանը»․ մամուլում շրջանառվող այս տեղեկությունն իրավապահները չհերքեցին, ոստիկանությունից փոխանցեցին՝ խուլիգանության դեպք են արձանագրել, նյութերն ուղարկել Քննչական կոմիտե։

Հարցին, թե արդյո՞ք միջադեպի գլխավոր մասնակիցն ու կրակոցներ արձակած տղամարդը նախկին ազդեցիկ մարզպետի որդին է, Քննչական կոմիտեից պատասխանեցին՝ նրա մասնակցության առնչությամբ առկա են տվյալներ, որոնք ստուգվում են։

Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության և զենքի ապօրինի շրջանառության հոդվածներով, կա տուժած, բայց քննչականը չի հստակեցնում, թե արդյոք Գորիսի բնակչի վնասվածքը հրազենային է։

Երիտասարդի հայրը՝ Սուրիկ Խաչատրյանը, Սյունքի մարզը ղեկավարել է շուրջ 11 տարի։ 2018-ի հեղափոխությունից հետո նրան մեղադրանք է առաջադրվել՝ պաշտոնեական կեղծիք կատարելու, լիազորություններն անցնելու և առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում կատարելու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուրիկ Խաչատրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանքը
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆրանսիան մերժել է Հայաստանին արտահանձնել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանին

Հետախուզման մեջ գտնվող նախկին պաշտոնյայի երկու որդիները նույնպես տարբեր աղմկահարույց քրեական գործերով են անցել։ Ըստ իրավապահների՝ նրանք երկուսն էլ մեղադրվում էին փաստաթուղթ կեղծելու և խաբեությամբ զինծառայությունից խուսափելու համար:

Ավագ որդին՝ Տիգրան Խաչատրյանը, որի անունն այս վերջին միջադեպով էլ է շրջանառվում, 2013-ին Ավետիք Բուդաղյանի սպանության գործով էր անցնում, որը տեղի էր ունեցել նախկին մարզպետի տան մոտ։ Այս գործի շրջանակներում դատարանն արդարացրել էր Տիգրան Խաչատրյանին՝ նրա գործողությունները դիտարկելով որպես ինքնապաշտպանություն։

«Ազատությանը» չի հաջողվել կապ հաստատել Խաչատրյանների ընտանիքից որևէ մեկի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սուրիկ Խաչատրյանի որդին Երևան ժամանելուց հետո տեղափոխվել է ոստիկանություն. նրան մեղադրանք է առաջադրվել
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գորիսի ծեծկռտուքը «նախապես ծրագրված է եղել»