Զինվորական ծառայությունից խուսափելու համար Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն՝ Տրդատ Խաչատրյանին մեղադրանք առաջադրելուն զուգահեռ, իրավապահները քննչական գործողություններ են իրականացնում, պարզելու՝ արդյո՞ք նախկին մարզպետի ավագ որդին ևս խուսափել է բանակից: Այս մասին «Ազատությանը» հայտնեց քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
Նա նշեց, որ 24-ամյա Տիգրան Խաչատրյանն այժմ երկրում չէ: Տռուզյանի խոսքով՝ Տիգրան Խաչատրյանն այս գործով դեռ որևէ կարգավիճակ չունի, սակայն չի բացառվում, որ նրան ևս մեղադրանք առաջադրվի: Սուրիկ Խաչատրյանի մյուս որդուն՝ Տրդատ Խաչատրյանին դեռ անցած շաբաթավերջին էր մեղադրանք ներկայացվել։
Տարբեր աղմկահարույց պատմություններով հայտնի Սուրիկ Խաչատրյանի երկու որդիներն էլ, ըստ իրավապահների, խուսափել են բանակից՝ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր։ Մեղադրյալի կարգավիճակ ունեցող 22-ամյա Տրդատ Խաչատրյանն արդեն մի քանի օր է՝ փորձաքննություն է անցնում հոգեբուժարանում։
Այսօր նա իր փաստաբան Արմեն Մարտիրոսյանի միջոցով հոգեբուժարանից նամակ է հղել պաշտպանության նախարարին՝ նշելով, որ 2014 թ․ ձմեռային զորակոչին «նևրասթենիա չափավոր արտահայտված» ախտորոշմամբ տարկետում է ստացել 3 տարի ժամկետով, իսկ 2017-ին ճանաչվել է զինվորական ծառայության համար ոչ պիտանի ու հաշվառվել պահեստազորում:
Նամակում Տրդատ Խաչատրյանը պնդել է, որ անմեղ է, միևնույն ժամանակ հայտարարելով, թե պատրաստ է ծառայել։ «Անկախ փորձաքննության եզրակացությունից Ձեզ՝ որպես ՀՀ Պաշտպանության նախարարի, հայտնում եմ, որ պատրաստ եմ ծառայել Հայաստանի զինված ուժերում: Իմ միակ խնդրանքն ու ցանկությունն է՝ ինձ հնարավորություն տալ կատարել իմ պարտքը հայրենիքիս նկատմամբ»,- գրել է նա:
«Ազատության» հարցին՝ ինչու՞ հենց հիմա նա որոշեց ծառայել, երբ տարիներ առաջ, իր իսկ խոսքով, հիվանդության պատճառով չի ծառայել, նրա փաստաբան Արմեն Մարտիրոսյանն ասաց․ «Իմ կարծիքով, երևի որ տեսել ա քրեական գործ ա հարուցվել, երևի մտածում ա՝ ավելի լավ ա, թեկուզ հիանդ եմ, հիվանդ չեմ, գնամ ծառայեմ, մենակ թե էս քաշքշուկներից պրծնեմ»:
Սուրիկ Խաչատրյանի որդին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին հղած նամակում պարզաբանել է, որ հիվանդությունը ստացել է 2013-ին՝ Բուդաղյանների հետ կապված հայտնի դեպքից հետո։
«2013 թ․-ին Գորիսի մեր տան բակում տեղի ունեցած զարհուրելի իրադարձության, փոխադարձ կրակոցների արդյունքում մահացել է Ավետիք Բուդաղյանը, մարմնական ծանր վնասվածք են ստացել Նիկոլայ Աբրահամյանը, Արտակ Բուդաղյանը»,- նախարարին է գրում Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տրդատը և նկարագրում Բուդաղյանների դեպքի ժամանակ իր գործողությունները։
«Իմ ձեռքի մեջ է մահացել Ավետիք Բուդաղյանը, և ես տղաների օգնությամբ իմ ձեռքերով դրել եմ վիրավորներին ավտոմեքենայի մեջ և տեղափոխել Գորիսի հիվանդանոց: Այս երևույթը ինձ վրա ծանր ազդեցություն է գործել: Եվ ահա նշված դեպքից մեկ տարի հետո բժիշկներն ախտորոշել են «նևրասթենիա չափավոր արտահայտված», և այդ պատճառով ստացել եմ տարկետում, թեև այն ժամանակ էլ ցանկացել եմ զորակոչվել»:
Փաստաբան Արմեն Մարտիրոսյանն, իր հերթին, ասաց՝ ոստիկանությունը նախաքննության փուլում գնահատականներ է հնչեցնում իր պաշտպանյալի հասցեին, ինչն անմեղության կանխավարկածի խախտում է։ Ոստիկանությունն անցած շաբաթ օրը հաղորդեց, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու որդիներն էլ 16 տարեկանում զինվորական ծառայության համար ճանաչվել են պիտանի, սակայն ավելի ուշ ճանաչվել են հիվանդ և ստացել տարկետում:
Ոստիկանությունը հաղորդում է նաև, որ Խաչատրյան եղբայրները, չտառապելով ժամկետային զինվորական ծառայությունից ազատվելու համար հիմք հանդիսացող հիվանդությամբ, ձեռք են բերել փաստաթղթեր, որոնք օգտագործելով՝ ազատվել են ժամկետային զինվորական ծառայությունից: Ոստիկանությունը պարզել է նաև, որ Տիգրան և Տրդատ Խաչատրյաններն ինչպես դպրոցում, այնպես էլ հետագայում վարժարանում սովորելու տարիներին իրենց վերագրվող հիվանդության ախտանիշներով աչքի չեն ընկել: Մինչդեռ՝ փաստաբան Մարտիրոսյանի կարծիքով, անչափահաս տղան չէր կարող փաստաթուղթ կեղծել:
Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիմակից Սուրիկ Խաչատրյանի որդիների՝ բանակից խուսափելու գործին, կարծիք հայտնեց, որ ստեղծված իրավիճակի համար նրանց ծնողներն են մեղավոր։ «Իրենք ավելի շատ այս իրականության զոհն են, նրանց ծնողներն են մեղավոր, նրանք են կեղծել էդ փաստաթղթերը, նրանք են ամենի ինչ արել, որ էդ երիտասարդները բանակում չծառայեն»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա պնդմամբ՝ իրավապահները, բացի Սուրիկ Խաչատրյանի որդիներից, պետք է հետաքննեն նաև այլ անձանց՝ բանակից խուսափելու գործերը։ Հարությունյանը հիշում է ոչ վաղ անցյալը, երբ «արտոնյալների փոխարեն բանակ էին զորակոչվում առողջական խնդիրներ ունեցողները»։
Պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն «Ազատությանը» փոխանցեց՝ Տրդատ Խաչատրյանի՝ բանակ զորակոչվելու առաջարկին կանդրադառնան ավելի ուշ, երբ պարզ դառնան դատաբժշկական փորձաքննություն արդյունքները։