Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը հույս է հայտնել, որ հաջորդ տարի Ղրիմը կլինի Կիևի վերահսկողության տակ։ Այս մասին ուկրաինացի պաշտոնյան խոսել է «Ազատության» "Current Time" հեռուստանախագծին տված բացառիկ հարցազրույցում, որը հաջորդել է Ռամշտայնի ձևաչափով արևմտյան գործընկերների մասնակցությամբ բանակցություններին:
«Ես ձեզ ասեմ, երեկ Լլոյդ Օսթինը հրաժեշտ տալիս ինձ նախապես շնորհավորում էր ծննդյանս օրվա կապակցությամբ։ Ասում էր․ - «Մենք բոլորս՝ այստեղ ներկա պաշտպանության նախարարներս, ցանկանում ենք ամենայն բարիք։ Բայց հասկանում ես, չէ՞, որ դու բոլոր նախարարներին պետք է հրավիրես ընթրիքի»։ Ես ասացի․ - «Ընդունված է»։ Այնպես որ, ես կարծում եմ, որ հաջորդ ընթրիքը և իմ ծննդյան օրը տոնում ենք Ղրիմում»,- հայտարարել է ուկրաինական ռազմական գերատեսչության ղեկավարը:
Լրագրողի ճշտող հարցին՝ այսինքն՝ 2024 թվականի հունիսի 18-ին Ղրիմում տեղի կունենա Ուկրաինայի արևմտյան գործընկերների պաշտպանության նախարարների ընթրի՞ք, Ռեզնիկովը պատասխանել է. - «Պլանավորում եմ»։
Խոսելով արևմտյան գործընկերների հետ հերթական հանդիպման արդյունքներից, Ուկրաինայի պաշտպանության նախարարը շեշտել է՝ ծնվել է «ավիացիոն կոալիցիա»։
«Այլևս հստակ է, որ ծնվել է նոր՝ ավիացիոն կոալիցիա։ Մեր գործընկերները Նիդերլանդներից և Դանիայից ԱՄՆ-ի հետ միասին պարտավորվել են, որ Նիդերլանդների և Դանիայի ղեկավարությամբ կիրականացվի ուկրաինացի օդաչուների, ինժեներների, մեխանիկների և տեխնիկների վերապատրաստման ծրագիր, որպեսզի արդյունքում Ուկրաինայի ռազմաօդային ուժերն ունենան չորրորդ պլյուս սերնդի ժամանակակից ինքնաթիռներ։ Այսօր մենք լիովին վստահ ենք խոսում F-16 ինքնաթիռի հարցում», - հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դանիան և Նիդերլանդները մտադիր են Ուկրաինային տրամադրել F-16 կործանիչներՆրա խոսքով՝ կա նաև երկրորդ՝ «տանկային կոալիցիան», որը ծնվել է ավելի վաղ՝ Լեհաստանի և Գերմանիայի առաջնորդությամբ: «Այժմ հստակ արձանագրվել է, որ Լեհաստանի տարածքում ստեղծվում է հանգույց, որը կսպասարկի Leopard տանկերը», - հավելել է Ուկրաինայի ռազմական գերատեսչության ղեկավարը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինան Գերմանիայից առաջիկայում կստանա Leopard 1А5 տեսակի 110 հրասայլ