Փաշինյանն այսօր կհարցաքննվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, ընդդիմությունը բոյկոտել է նիստը

«Խնդրում եմ, եկեք ինձ հարցաքննեք, եկեք հարցաքննեք քննիչ հանձնաժողովում»․ վարչապետ Փաշինյանի խնդրանքը կբավարարվի մեկ ժամից՝ նա կհարցաքննվի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում: Վարչապետը հույս էր հայտնել, որ նիստը հանրային կլինի։

Քննիչ հանձնաժողովում մինչև այժմ պատերազմի օրերի մի քանի բարձրաստիճաններ են խոսել, բոլորը փակ նիստում։ Այս անգամ ենթադրվում է՝ վարչապետի ցուցմունքները հեռարձակվելու են։

«Ես չեմ հասկանում սա ինչ է, ինչո՞ւ պետք է մեկի ելույթը, թեկուզ ամենաիրազեկված մարդու ելույթը, հրապարակային լինի, մյուսներինը՝ ոչ», - ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Սաքունցի կարծիքով՝ քննիչ հանձնաժողովը տարբերակված մոտեցում է ցույց տալիս, հանրությանը հրամցնում են վարչապետի տեսակետը, իսկ նույն հանձնաժողովում այլոք էլ են խոսել։

«Սա կլինի նախադեպ․ եթե դուք հիմա վարչապետի պատասխանները հրապարակային եք դարձնում, ուրեմն պարտավորված պետք է լինի քննիչ հանձնաժողովը նաև մինչ այժմ հանձնաժողովի առջև հանդես եկած անձանց բացատրությունների այն մասը, որոնք գաղտնիք չեն պարունակում, նույնպես հրապարակայնացնեն», - ասաց իրավապաշտպանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օնիկ Գասպարյանը կրկին մասնակցում է 44-օրյայի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին


Սաքունցը հիշեցնում է՝ մինչև այժմ ապրիլյանի պատերազմի հանգամանքների վերաբերյալ զեկույցը հասանելի չի դարձել, 44-օրյայի դեպքում միայն վարչապետի հրապարակային խոսքով բազմակողմանի պատկեր չի ստացվի։ Ինչ վերաբերում է գաղտնի տեղեկությունների հանրայնացման ռիսկերին, որի մասին նաև խորհրդարանական ընդդիմությունն էր ահազանգել, իրավապաշտպանը չի կարծում, որ 44-օրյայի վերաբերյալ կա մի տեղեկություն, որի գաղտնիությունն այժմ ժամանակավրեպ չէ։

«Մարդու իրավուքնների զանգվածային խախտումների հանգեցրած գործողությունները չպետք է պաշտպանված լինեն գաղտնիությամբ, որովհետև դրանք իրենց էությամբ նաև հանցավոր գործողություններ են», - ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանի տպավորությամբ, մինչև այժմ գաղտնիության քողով է քաղաքական մի հարց։ «Դա այդ պատերազմի և նաև, կարծում եմ, ապրիլյան պատերազմի հետ կապված, Ռուսաստանի դերի մասին ուղղակի կարող է խոսք լինել, որ էս պահին նպատակահարմար չեն գտնում կամ չեն համարձակվում դրա մասին տեղեկությունները հրապարակայնացնել», - ասաց Սաքունցը։

«Ես քննիչ հանձնաժողովում կասեմ»․ վարչապետ Փաշինյանը խոստացել է այսօր խոսել նաև պատերազմը 2020-ի հոկտեմբերի 19-ին չկանգնեցնելու պատճառների մասին։

Խորհրդարանական այս հանձանժողովը պատերազմից մեկուկես տարի անց է ստեղծվել։ Քննությունն իրականացնում են միայն իշխանական պատգամավորները։ Ընդդիմությունը բոյկոտել է բոլոր նիստերը, իսկ այսօրվանը համարում են «շոու», որի նպատակը «Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելն է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմությունը չի մասնակցի պատերազմի քննիչ հանձնաժողովի վաղվա նիստին