Ընդդիմությունը չի մասնակցի պատերազմի քննիչ հանձնաժողովի վաղվա նիստին

Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարում են՝ չեն մասնակցի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի վաղվա նիստին, որտեղ ցուցմունք է տալու վարչապետ Փաշինյանը։

Ընդդիմադիր խմբակցությունները, համատեղ հայտարարությամբ, «շոու» են որակել վաղվա նիստը, մասնավորապես, շեշտելով, որ «հանձնաժողովի ձևավորումն ինքնին իշխանական մեծամասնության կողմից չի կարող ապահովել անաչառություն, համապարփակություն, քանի որ իշխող ուժի՝ ճնշող մեծամասնություն ունեցող հանձնաժողովն ի զորու չէ առարկայական քննել սեփական իշխանության, կառավարության գործունեությունը»։

Վարչապետ Փաշինյանը մեկ շաբաթ առաջ էր հայտարարել, որ հունիսի 20-ին կմասնակցի քննիչ հանձնաժողովի աշխատանքին և հրապարակային ցուցմունք կտա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ 44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը 6 ամսով երկարաձգվեց

Ընդգծելով, որ հրապարակային վկայությունների պարագայում անհնար է լինելու պետական, ռազմական, դիվանագիտական գաղտնի տեղեկությունների հրապարակումը, կամ դրանց շուրջ հարցադրումների ներկայացումը՝ ընդդիմադիր պատգամավորները նկատում են՝ այն «ծառայելու է իշխանությանը, քաղաքական մեծամասնությանն ու անձամբ Փաշինյանի վրայից քաղաքական պատասխանատվությունը հեռացնելու նպատակին»։

«Այս և նախկինում հրապարակված մեր հիմնավորումների, ինչպես նաև նախկինում քննիչ հանձնաժողովի նիստերին պատգամավորների կողմից հարցեր տալու ծավալների սահմանափակումների, իշխանության և անձամբ Փաշինյանի կողմից հետևողականորեն իր վրայից պատասխանատվությունը գցելու, պարբերաբար տարատեսակ մեղավորներ կարգելու գործելաոճը հաշվի առնելով, ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցի այդ շոուին», - ասված է հայտարարությունում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը խոստանում է խոսել պատերազմը 2020-ի հոկտեմբերի 19-ին չկանգնեցնելու պատճառների մասին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դավիթ Տոնոյանն առաջարկում է իր և Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ բաց նիստ հրավիրել