Ադրբեջանն օգտագործում է ուժային ճնշման քաղաքականությունը՝ բանակցություններում ՀՀ-ից զիջումներ կորզելու համար․ քաղաքագետ

Ադրբեջանն օգտագործում է ուժային ճնշման քաղաքականությունը՝ Հայաստանի վրա բանակցային գործընթացում զիջումներ կորզելու համար, «Ազատության» հետ զրույցում նման համոզմունք հայտնեց քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը՝ վկայակոչելով Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի վերջին հեռակա բանավեճը, Հակարիի կամրջի վրա տեղի ունեցող իրադարձությունները։

«Ընդհանուր առմամբ, Ադրբեջանը փորձում է ցույց տալ, որ եթե հարցերը չլուծվեն խաղաղ չանապարհով, Բաքուն ունի կարողություններ՝ գետնի վրա ճնշում գործադրելով հասնելու իր նպատակներին», - ասաց Գրիգորյանը։

Օրերս հայ-ռուս-ադրբեջանական եռակողմ հանձնաժողովի համանախագահ Շահին Մուստաֆաևը հայտարարել էր, թե Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև բեռների, քաղաքացիների և տրանսպորտային միջոցների անխափան տեղաշարժի վերահսկողությունը, 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան, իրականացնելու են Ռուսաստանի Անվտանգության Դաշնային ծառայության սահմանապահ ծառայության մարմինները։

Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հակադարձել էր․ - «Հայաստանի դիրքորոշումը եղել է և շարունակում է մնալ այն, որ 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետով նախատեսված ճանապարհները պիտի գործեն կողմերի ինքնիշխանության և իրավազորության ներքո, փոխադարձության սկզբունքով»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ո՞վ է, ի վերջո, վերահսկելու Սյունիքով անցնող ճանապարհը. Հայաստանն ու Ադրբեջանը իրարամերժ հայտարարություններ են անում

Երեկ Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հաղորդեց Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձը կանխելու մասին, Բաքուն էլ հայտնեց Լաչինի անցակետում ադրբեջանցի սահմանապահի վիրավորվելու մասին՝ Երևանին մեղադրելով կամրջին տեղի ունեցածի համար։ Հայտարարելով, թե «Հայաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատմամբ և խաղաղ գործընթացով»՝ Ադրբեջանի արտգործնախարարությունը սպառնաց Երևանին՝ «Հայաստանի կողմից նման ռազմական սադրանքները վճռականորեն ճնշվելու են, և հայկական կողմի փորձերը՝ թույլ չտալու Ադրբեջանի հայ բնակիչների վերաինտեգրումը մեր հասարակությանը, ձախողվելու են»։

Բաքվի այս հայտարարությունից ժամեր անց Ստեփանակերտ հաղորդեց, որ Ադրբեջանը կրկին արգելում է հումանիտար փոխադրումները Լաչինի միջանցքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ապօրինի անցակետը Բաքուն օգտագործում է որպես էթնիկ զտման քաղաքականության շարունակման գործիք. Արցախի ԱԳՆ

Հարցին, թե միջազգային արձագանքը նման դեպքերում ինչպիսի՞ն պետք է լինի, Տիգրան Գրիգորյանը պատասխանեց՝ Ադրբեջանն ուշադրություն չի դարձնում այդ հայտարարություններին։

«Նմանատիպ մասշտաբի էսկալացիաների պարագայում ակնկալել ավելի լուրջ արձագանք ևս չարժե։ Առնվազն պետք է ստեղծվի մի իրավիճակ, երբ միջազգային հանրությունը և, մասնավորապես, Միացյալ Նահանգները, Եվրամիությունը ունեն հստակ կարմիր գծեր, և նմանատիպ կարմիր գծերից պետք է լինի իհարկե խոշոր արյունահեղությունը, որ գոնե այդ խոշոր արյունահեղության դեպքում ավելի արդեն գործուն քայլերի դիմեն», - ասաց քաղաքագետը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երասխ են այցելել դեսպաններ, ռազմական կցորդներ. գործարանի աշխատակիցները, սակայն, այցից որևէ ազդեցություն չեն ակնկալում