Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել՝ «խստորեն դատապարտելով Լաչինի սահմանային անցակետում Հայաստանի զինված ուժերի ռազմական սադրանքը, որի արդյունքում հունիսի 15-ին վիրավորվել է Պետական սահմանապահ ծառայության զինծառայող»։
«Այս ռազմական սադրանքը, Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ ագրեսիայի հետ մեկտեղ, միտված է կանխելու սահմանային անցակետի հաջող շահագործումը, հայ բնակիչների անվտանգ, ազատ և անկաշկանդ անցումը, ինչպես նաև Լաչինի ճանապարհով տեղաշարժը», - պնդում է պաշտոնական Բաքուն:
«Հայաստանը շահագրգռված չէ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատմամբ և խաղաղ գործընթացով», - ասված է հայտարարությունում:
«Հայաստանի կողմից նման ռազմական սադրանքները վճռականորեն ճնշվելու են, և հայկական կողմի փորձերը՝ թույլ չտալու Ադրբեջանի հայ բնակիչների վերաինտեգրումը մեր հասարակությանը, ձախողվելու են», - հայտարարում է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ միջազգային հանրությանը կոչ անելով «խստորեն դատապարտել հայկական կողմի այս սադրանքը և զգուշացնել Հայաստանին ագրեսիվ գործողությունների իրականացումից, որոնք սպառնում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանը»։
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ ծառայությունն այսօր առավոտյան հաղորդեց Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձը կանխելու մասին, Ադրբեջանի սահմանապահ ծառայության պնդմամբ էլ՝ Հայաստանի տարածքից կրակոցներից է ադրբեջանցի սահմանապահը վիրավորվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բաքուն հաղորդում է Լաչինի անցակետում ադրբեջանցի սահմանապահի վիրավորվելու մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հակարիի կամրջի ուղղությամբ ադրբեջանցիների առաջխաղացման փորձը կանխվել է․ ՀՀ ԱԱԾ