Ադրբեջանական երեկվա կրակոցներից հետո այսօր Երասխ կայցելեն Հայաստանում հավատարմագրված դիվանագետները՝ տեղում ծանոթանալու իրավիճակին։
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը, երեկ խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, հայտնեց, որ Նախիջևանի հետ սահմանակից գյուղ նաև Եվրամիության առաքելությունն էայցելել, թե տեղում ինչ են արձանագրել եվրոպացի դիտորդները, հրապարկավ չի հաղորդվում։
«Այդ գործելաոճը մեզ համար անընդունելի է, պետք է անընդունելի լինի նաև միջազգային հանրության համար, և այստեղ ուզում եմ հավելել, որ ուշագրավ է, որ այսօր Երասխի այդ հատված մեկնել է Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, վաղը, մեր հրավերով, այնտեղ ներկա կգտնվեն նաև Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, և հարցն անշուշտ կպահենք նրանց ուշադրության կենտրոնում», - ասաց Միրզոյանը։
Հայկական կողմը նախօրեին հայտնեց ադրբեջանական կրակոցների մասին։ Ադրբեջանի զինուժը թիրախավորել էր Նախիջևանի սահմանից 800 մետր հեռավորության վրա գտնվող ապագա մետալուրգիական գործարանի տարածքը։ Վնասվել էր գործարանի տարածքում գտնվող շինություններից մեկը, և քաղաքացիական մեքենա։
Ավելի ուշ էլ ռազմական գերատեսչությունից հայտնեցին, որ կրակոցների հետևանքով գործարանի տարածքում աշխատող Հնդկաստանի երկու քաղաքացի է վիրավորվել։ Նրանք տեղափոխվել էին Արարատ բշժկական կենտրոն։ «Ազատությանն» այնտեղից հայտնել էին, որ 2 քաղաքացիները կրծքավանդակի շրջանում բեկորային վնասվածքներ են ստացել, նրանց առողջությանը վտանգ չի սպառնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Երասխում վիրավորված 2 քաղաքացիների վիճակը կայուն է, նրանց կյանքը վտանգված չէ. ԱՆԵրեկ Երասխում բնակիչները «Ազատության» նկարահանող խմբին պատմել էին, որ կրակոցները պարբերական են դարձել հայ-ամերիկյան գործարանի շինարարության աշխատանքներին զուգահեռ։ Դրանք ժամանակ առ ժամանակ դադարում են կրակոցների պատճառով։
Երասխում ստեղծված լարվածությանը նախորդել էր օրերս Բաքվից հնչած դատապարտող հայտարարությունը, թե Հայաստանի գործողությունները հարվածում են տարածաշրջանի բնապահպանական անվտանգությանը և հակասում միջազգային իրավունքի նորմերին։
Երասխում մետալուրգիական գործարի կառուցումը դատապարտող Ադրբեջանի հայտարարությունը Երևանն անհիմն էր որակել։
Հայ-ադրբեջանական սահմանից ոչ հեռու մետալուրգիական գործարան կառուցելու մասին վերջերս էկոնոմիկայի նախարարն էր հայտնել։ Ըստ Վահան Քերոբյանի՝ 70 միլիոն դոլար ներդրմամբ հայ-ամերիկյան գործարանը տարեկան 180 հազար տոննա արտադրանք է տալու։