Մատչելիության հղումներ

Երասխում գործարանի ուղղությամբ ադրբեջանական երեկվա կրակոցների դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել


Երասխում կառուցվող գործարանի և ավտոմեքենայի ուղղությամբ երեկ հակառակորդի կրակոցների դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, հայտնում է Քննչական կոմիտեն։

Կոմիտեն նշում է, որ դեպքը տեղի է ունեցել երեկ ժամը 18:30-ին, գնդակոծության հետևանքով վնասվել է գործարանում կայանված «ՎԱԶ 2106» ավտոմեքենան, իսկ մարդկային կորուստներից, ըստ քննչականի, հնարավոր է եղել խուսափել կրակոցների ուղղության հատվածում պատահականորեն անձանց չգտնվելու պատճառով:

Քննչական կոմիտեն նաև տեղեկացնում է, որ դեպքի վայրի զննությամբ հայ-ամերիկյան մետալուրգիական նորակառույց գործարանի տարածքում գտնվող բետոնապատ հենասյան, վարչական շենքի, շինհրապարակում կայանված՝ ՍՊԸ-ին պատկանող «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի տարբեր հատվածներում հայտնաբերվել են արտաքինից խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից կրակված հետքեր։ Նույն գործարանի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է նաև նույն գործարանի աշխատակցին պատկանող «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենան՝ հետին ապակին վնասված վիճակում։

Կոմիտեն ընդգծում է՝ վնասված շարժական գույքերը ռազմական որևէ նշանակություն չեն ունեցել՝ նաև նշելով, որ կատարված զննությամբ հայտնաբերվել և վերցվել է արտաքինից խոշոր տրամաչափի հրազենային զինատեսակից կրակված գնդակին նմանվող առարկա:

Պաշտոնական Երևանը երեկ արձագանքել էր՝ հայտարարելով՝ գնդակոծելով Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանը՝ Ադրբեջանը բացահայտ արհամարհանք է ցուցաբերում ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի նկատմամբ։

Այսօր Հայաստանի ռազմական գերատեսչությունը ևս հաղորդեց գործարանի ուղղությամբ կրակոցների մասին, ինչի հետևանքով օտարերկրյա երկու քաղաքացի է վիրավորվել։ Ավելի ուշ նախարարությունը մանրամասնեց՝ վիրավորված անձինք Հնդկաստանի քաղաքացիներ են։

Էկոնոմիկայի նախարարն էր անցած շաբաթ հայտարարել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցվում է մետալուրգիական գործարան, որտեղ կվերամշակվեն և կարտադրվեն սև մետաղներ, ամրաններ, անկյունակներ և խողովակներ։ Գործարանը կառուցվում է Նախիջևանի սահմանից 800 մետրի վրա՝ Երասխ գյուղի Բարեկամության փողոցում։ Բաքուն դատապարտել է Երևանի այս ծրագիրը՝ պնդելով, որ «առանց այդ գործունեությունը Բաքվի հետ համաձայնեցնելու», Հայաստանը խախտում է միջազգային բնապահպանական չափանիշները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG