Պետք է հստակ սահմանվի հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում հաշմանդամության կարգ է նշանակվում. փաստաբան

Քննչական կոմիտեում ավարտվել է միասնական սոցիալական ծառայության բժշկասոցիալական փորձաքննության Գյումրիի գրասենյակի 5 աշխատակիցների կողմից կաշառք ստանալու վարույթի նախաքննությունը։ Նրանք, ըստ իրավապահների, տարբեր անձանց հաշմանդամության կարգ տրամադրելու դիմաց 100-400 հազարական դրամ կաշառք են վերցրել։

Բժշկասոցիալական փորձաքննության ծառայությունից հատկապես 44-օրյա պատերազմից հետո բողոքներն ու դժգոհություններն ավելացան, երբ հանձնաժողովը հերթով իջեցնում կամ առհասարակ զրկում էր հաշմանդամության կարգից վերջույթներն անդամահատված զինծառայողներին։

Գյումրեցի 2 զինվորականներ դատարանի միջոցով կարողացել են վերականգնել հաշմանդամության իրենց կարգը։ Նրանցից մեկի 3 մատներն են անդամահատված, մյուսի՝ ոտքը։ Նրանց շահերի պաշտպան Հայկ Հարությունյանը պնդում է՝ անտրամաբանական է պրոթեզավորելուց հետո ասել, թե հաշմանդամություն ունեցողի աշխատունակությունը լիարժեք վերականգնվել է։

«Այո, պրոթեզը դրել է, որոշակի առումով կարող է շարժվել, բայց դա չի ենթադրում, որ իր աշխատունակությունը լրիվ չափով վերականգնել է և չես կարող համեմատության մեջ ասել, որ նույն ոտքն է, պրոթեզը կարող է նույն ոտքի պես ծառայել», - ասաց փաստաբանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Չնայած բեկորային ծանր վիրավորումներին, պատերազմի մասնակիցը «ո՛չ հաշմանադամության կարգ է ստացել, ո՛չ հետագա բուժման գումար» 44-օրյա պատերազմում վիրավորված զինծառայողին զրկել են հաշմանդամության կարգից

Այս տարվանից նոր կարգ է սահմանվել։ Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովը հաշմանդամություն ունեցողին կարգ տալ-չտալը կարող է նաև ակնադիտական եղանակով որոշել։ Սա փաստաբանը աբսուրդ է որակում։

«Եթե, օրինակ, էդ հանձնաժողովի անդամը տեսնում է, որ մարդը նորմալ քայլելով գալիս է, երկու ոտքը պրոթեզ է, համակերպվել է, մարդը նորմալ ցույց է տալիս, որ քայլում է, իրանք ասում են՝ մենք տեսնում ենք՝ նորմալ քայլում է, վերջ, ինքը խնդիր չունի, արագ ստորագրում, ճանապարհում են», - նշեց Հայկ Հարությունյանը:

Օրենքի բաց կա, որն ըստ Հայկ Հարությունյանի, կոռուպցիոն ռիսկեր է պարունակում։ Պետք է հստակ սահմանվի նաև հիվանդությունների ցանկը, որի դեպքում հաշմանդամության կարգ է նշանակվում։

«Չափանիշներ է դրել, այսինքն, հիվանդությունների ցանկ չի դրել կամ այլ հստակ կողմնորոշիչներ, որ ես բացեմ մի տեղ կարդամ՝ էս դեպքում կլինի կարգ, թե չի լինի, այլ դրել են չափանիշներ, որոնք սուբյեկտիվ ընկալում ունեն և նաև դրել են վիզուալ», - ընդգծեց նա:

«Բժշկական տեղեկանքներ տրամադրելու հարցում արհեստական խոչընդոտներ են ստեղծվում»

Փաստաբանը նաև ահազանգում է, որ նույն 44-օրյա պատերազմի մասնակից հաշմանդամություն ունեցող անձանց մասին բժշկական տեղեկանքներ տրամադրելու հարցում արհեստական խոչընդոտներ են ստեղծվում։

«Օրինակ՝ կարող են գրել՝ ունի այսինչ հիվանդությունը, բայց քանի որ որոշումը՝ հաշմանդամության կարգ որոշելու հիվանդություններով չէ, ցանկով չէ, պետք է ասի՝ օրինակ, ինչ պաթոլոգիական վիճակ է մարդը ձեռք բերել, ասում ենք՝ նշիր այս հիվանդության դեպքում այդ պաթոլոգիական վիճակը գալի՞ս է անձի մոտ, թե՞ չէ, ասում է, ես դա չեմ նշում: Ասում եմ՝ դու ես բուժող բժիշկը, դու պետք է նշեց՝ կա, թե՝ չկա, որպեսզի դատարանին էլ մենք որպես մասնագետի կողմից տված փաստաթուղթ ներկայացնենք, հրաժարվում է ներկայացնել: Ցանկանում ենք հրավիրել դատարան որպես վկա, որպեսզի գան հարցաքննվեն, որպեսզի դատավորը հնարավորություն ունենա այդ հարցերը տալու, հրաժարվում են ներկայանալ, շատ դեպքերում ստիպված ենք լինում մասնավոր բժիշկների, բայց մասնավոր բժիշկը ենթադրում է ծախս, էլի մուծումներ: Խնդիրներ են առաջացնում արհեստական», - ասաց Հարությունյանը:

Խդր Բրոյան

44-օրյա պատերազմի մասնակից Խդր Բրոյանին ամիսներ առաջ զրկել էին հաշմանդամության կարգից։ Նա ևս մեկ անգամ դիմել էր բժշկասոցիալական հանձնաժողով, բայց կրկին մերժվել։ Ասում է՝ վիրավորված է պետության նման վերաբերմունքից։

«Գնացի բժշկի, բժիշկս խորհուրդ տվեց, որ քայլեմ հենակի օգնությամբ, թղթերը տարել տվել եմ նրանց, էլի չանցավ, ասացին՝ չենք կարա կարգը վերականգնենք, թե ինչն էր պատճառը, ասացին պրոթեզին թոշակ չի հասնում», - ներկայացրեց Բրոյանը:

Վանուշ Մանուկյան

44-օրյայի մեկ այլ մասնակից բեկորային բազմաթիվ վնասվածքներ ստացած Վանուշ Մանուկյանին ի սկզբանե էին մերժել հաշմանդամության կարգ տալ։ Հիմա պատրաստ է դատի տալ հանձնաժողովին ու հաշմանդամության կարգ ստանալ. - «Տեսքս լավ է, ֆիզիկականից նայեցին, ասացին, քեզ կարգ չի հասնում»:

Փաստաբան Հայկ Հարությունյանը նշում է, պատերազմի մասնակից հաշմանդամություն ունեցող ու կարգից զրկված շատ զինվորականներ են դիմում իրենց նկատմամբ պետության նման վերաբերմունքից վիրավորված, բայց հրաժարվում են դատական երկար քաշքշուկներով անցնել։