Մատչելիության հղումներ

Կառավարությունը փորձում է մեղմել իջեցված կարգ ունեցող զինհաշմանդամների դժգոհությունները, սակայն հարցերը դեռ առկա են


Մեսրոպ Սարիբեկյանը նախ իր ընկերների, նույնպես պատերազմի ժամանակ վիրավորված ու հաշմանդամություն ստացած տղաների փոխարեն է խոսում՝ արդար չէ՝ բժշկասոցիալական փորձաքննությամբ շատերի կարգը երկրորդից երրորդ դարձավ, ոտք ու ձեռք չունեցող տղաներ, հանձնաժողովն ասել է՝ պրոթեզ ունեք, աշխատեք, ապրեք:

«Լիքը տղաներ անճարությունից չգիտեին ինչ անել, որովհետև լրիվ անտեսվեց: Պատճառն ասում են, որ պրոթեզն է, բայց պրոթեզը, օրինակ՝ կոնկրետ իմ ընկեր Էդմոնդը, որ բացի մի առարկա բռնելուց, այն էլ մի ձեռքի օգնությամբ, չի կարողանում ուրիշ ոչ մի բան անել», - ասում է նա:

Հաշմանդամության երկրորդ կարգը նշանակում է նաև գումար զինծառայողների ապահովագրության հիմնադրամից՝ սպաներն ամեն ամիս 200 հազար դրամ էին ստանում, պայմանագրային-կամավորները՝ 150 հազար, իսկ ժամկետայինները՝ 100 հազար դրամ: Երրորդ կարգ ունեցողները հիմնադրամի շահառու չեն:

«Բանուգործները թողել ենք, մտածում ենք՝ գոնե էդ կարգը կպահեն: Միայն դա չի, եթե կարգից կտրում են, դեղորայք էլ էլ չենք ստանում, արդեն բուժումից որոշ բաներ էլ վճարովի կդառնան», - նշում է Մեսրոպ Սարիբեկյանը:

Նա 44-օրյա պատերազմի ժամանակ Ստավրոպոլից կամավոր եկավ, հասավ Արցախի առաջնագիծ, վիրավորվեց Քարինտակի հատվածում՝ հրադադարից մի քանի օր առաջ: Գնդակը վնասել է ոտքի նյարդը, մկանները, ոսկորները: 4 անգամ վիրահատվել է, առջևում հինգերորդն է: Նա էլ, ընկերների պես նախորդ տարի զրկվեց հաշմանդամության երկրորդ կարգից, այսինքն՝ ամսական 150 հազար դրամից. «Հիմա էդ ամեն ինչը, որ չկա, հասարակ հացի փողը շատ տղաների համար խնդիր է, նույնն էլ իմը, ես օրը 1500 դրամ ծախսում եմ միայն ճանապարհածախս, որ գալիս եմ Երևան»:

114 զինհաշմանդամ վերափորձաքննության արդյունքում երկրորդ կարգից անցել է երրորդ կարգի՝ զրկվել հիմնադրամի գումարից ու այլ արտոնություններից։

Կառավարությունն այսօր ժամանակավոր լուծում առաջարկող մի նախագիծ էր խորհրդարան բերել, որով փորձում են 3 տարով մեղմել իջեցված կարգ ունեցող զինհաշմանդամների դժգոհությունները:

«Դրամական աջակցության չափն առաջարկվում է սպայական կազմի զինծառայողներին 75 հազար դրամ, պայմանագրային և զորահավաքային կազմի զինծառայողներին և կամավորականներին 50 հազար դրամ, պարտադիր ժամկետային կազմի զինծառայողներին 25 հազար դրամ», - ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը:

Նա հիշեցրեց, որ երրորդ կարգ ունեցող զինհաշմանդամներին հիմնադրամի այս գումարից բացի, տրամադրվում է նաև զինվորական թոշակ ու պարգևավճար: Այդ ամբողջը միասին գումարած՝ ստացվում է, որ սպան կստանա ամեն ամիս 150 հազար, պայմանագրայինը՝ 116 հազար, իսկ ժամկետային զինհաշմանդամը՝ 91 հազար դրամ։ Խորհրդարանական ընդդիմությունը հարցեր ունի:

«Նրանց ամբողջ կյանքի համար այս գումարը հատկացրեք և այս քննարկումն ավարտեք, իսկական ամոթ է մեր պետության համար, որ մենք դրած քննարկում ենք, մի հատ էլ ասում ենք՝ գիտեք՝ իրենք 30 հազար դրամ թոշակ են ստանալու: Լավ էլի», - նշեց «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Նազարյանը:

Պատգամավորն առաջարկում է հիշել, որ խոսքը ոչ թե ավտովթարի հետևանքով հաշմանդամություն ստացածների, այլ երկրի սահմանների պաշտպանության ժամանակ վիրավորված տղաների մասին է, ըստ նրա՝ առաջին ու երկրորդ կարգերը, հիմնադրամի հատուցումները պետք է տրամադրվեն ողջ կյանքի համար։

«Գիտակցում ենք, թե ում մասին ենք խոսում»,- առարկեց փոխնախարարը՝ շեշտելով՝ անարդարություն կլինի երրորդ կարգի մյուս զինհաշմանդամների հանդեպ։

Ընդդիմադիր Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ առանց այդ էլ հավասարության սկզբունքը խախտված է, հիմնադրամի շահառու են դառնում միայն վերափորձաքննության արդյունքում երրորդ կարգ ստացածները: Լուծումը համարում է կիսատ, փողը՝ քիչ. «Եթե մենք գումար ունենք, օրինակ, 2.4 միլիարդ դրամ դատախազների աշխատավարձը կրկնապատկելու համար, ի՞նչն է խանգարում, որ շարունակվի այդ վճարի նույն չափով», - ասաց նա:

Իշխանական պատգամավորների հիմնական հակադարձումն այն է, որ առանց այս նախագծի իրավիճակն ավելի վատ է, երրորդ կարգ ունեցողները հիմնադրամից ոչինչ չեն ստանում, հիմա նախկինից քիչ, բայց կստանան։ Առաջարկում են կենտրոնանալ հաշմանդամություն ունեցող մարդկանց համար այլ ծառայություններ զարգացնելու վրա:

«Ես ուզում եմ, որ մենք նույն ջանասիրությամբ, բոլորս միասին քննարկենք այն ծառայությունները և այն հնարավորությունները, որոնք պետք է լիարժեք կյանք ապահովեն մեր զինծառայողների համար», - ասաց «Քաղաքացիական պայմանագրից» պատգամավոր Զարուհի Բաթոյանը:

Ի՞նչ այլ ծառայություններ, հարցնում է Մեսրոպ Սարիբեկյանը. «Ես 50-100-ից ավելի տղա եմ ճանաչում, որ իրենք դիմել են ու երկու տարվա ընթացքում թեկուզ մեկ հոգի չի ընդունվել պետական ինչ-որ ծրագրով որևէ տեղ աշխատանքի»:

Մեսրոպը «Զինվորի տան» շահառու է, այստեղ է հետվիրահատական վերականգնողական բուժումն անցել, հետո լուսանկարչակաան դասընթացների մասնակցել, հետո «Զինվորի տնից» ֆոտոապարատ ստացել ու դարձել այստեղի լուսանկարիչը՞

Կառավարության այս նոր առաջարկը, որ այսօր խորհրդարանը ընդունեց առաջին ընթերցմամբ, Մեսրոպի եկամուտը կավելացնի 50 հազար դրամով։ Իսկ նրա ընկերների մի մասը բժշկասոցիալական փորձաքննության արդյունքը վիճարկում է դատարանում, «Զինվորի տան» իրավաբանի տեղեկացմամբ՝ այս պահին 3 գործ ունեն, 2 հայցով էլ առաջիկայում կդիմեն: Հիմնականը կարգերի իջեցմանն է վերաբերում: Մեսրոպն ինքը դատարան չի դիմել, ասում է. «Ոնց որ ես ամաչեի տղերքի կողքը, որովհետև իրենք ունեն ամպուտացում, երրորդ կարգ են, ես առանց ամպուտացման երկրորդ մնայի, ճիշտ չէր նայվի»:

Երկու պատերազմներից, մի քանի լայնածավալ մարտական գործողություններից ու բազմաթիվ սահմանային միջադեպերից հետո Հայաստանում այսօր 9707 զինհաշմանդամ է ապրում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG