Մատչելիության հղումներ

Պատերազմի մասնակիցը հնարավոր է զրկվի հաշմանդամության կարգավիճակից. մինչդեռ աշխատել, ասում է, դեռ չի կարող


Մհեր Հակոբյանը կամավոր էր մեկնել Ջաբրայիլ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ 1.5 ամսվա զինծառայող որդու կողքին լինելու համար։ Հենց այնտեղ էլ արկի պայթյունից բեկորային վնասվածներ է ստացել։ Բժիշկները մի կերպ են փրկել ոտքը, չորս վիրահատություն է տարել, աջ ոտքի մեջ ավելի շատ երկաթ կա, քան ոսկոր։

«Դե որ կարողանայի աշխատել, ինձ [հաշմանդամության] խումբն էլ չի պետք», - ասում է նա՝ շարունակելով. «Մեջից է էլի երկաթն արդեն»։

Բժշկական վերափորձաքննությունից հետո 43-ամյա տղամարդու հաշմանդամության խումբը երկրորդից երրորդ է իջեցվել։ Հունիսին նորից պետք է ստուգվի, բժիշկներն ակնարկել են՝ գուցե զրկվի նաև այս խմբից, իսկ դա նշանակում է՝ նաև թոշակից. «Պառկած եմ եղել, ապարատը՝ հավաքված, հլը ձգումների մեջ էր ոտքս, այդ պրոցեսի մեջ դե կինս է գնացել, այդ իրենց պատասխանից հետո արդեն պարզ է, թե ոնց կարձագանքեն դրանից հետո՝ ի՞նչ է եղել, նորմալ է էլի, փոքր ջարդվածք է»։

Ցույց է տալիս բազմաթիվ ռենտգենները, իրարից հեռու ոսկորները ու կատակում՝ սա է թեթև ջարդվածքը. «Երկուսը պետք է աճեն, կպչեն իրար»։

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանը բացատրում է՝ խմբերի փոփոխությունը մարդկանց կարողություններից է կախված, և հաշմանդամության ավելի ցածր խմբում հայտնվելով՝ մարդը պետք է գիտակցի՝ իր հնարավորությոններն ավելին են, քան ինքն է կարծում։

«Դե հենց այնպես չի արվում, դա արվում է, որովհետև օրինակ՝ մարդու առողջական վիճակը բարելավվել է, մենք այս փաստից պիտի միանշանակ միայն բոլորս ուրախանանք։ Մենք մյուս աջակցող ծառայությունները երբ ունենք, որպեսզի վերանայվեն նրա կարողությունները, և աջակցող ծառայություններ լինեն, որպեսզի ինքը կարողանա ներգրավվել հետ աշխատաշուկայում», - ասում է նա։

«Որ կարողանամ աշխատել, ինձ պետք չի իրենց ոչ մի բանը։ Վիճակս կայուն չի էլի, ես դեռ վերականգնվելու ընթացքի մեջ եմ», - նկատում է Մհեր Հակոբյանը։

Նախքան հաշմանդամություն ձեռք բերելը նա անասնապահությամբ էր զբաղվում։ Հիմա ամենաշատը բակի հավերին կերակրի։ Հարցնում է՝ հենակով իրե՞ն տեղաշարժի, թե՞ հոտը. «Որ գնամ, իրենք ինձ պիտի պահեն դատում, որ չընկնեմ փոսերի մեջ»։

Նոր մասնագիտություն ձեռք բերելու առաջարկ եղել է, բայց ասում է՝ իրենը բանվորությունն է. «Իմ դպրոցում չեմ նորմալ սովորել»։

Եթե 3-րդ խմբից զրկվի, ապրուստի միակ միջոց 68 հազար դրամ թոշակն էլ կվերանա։ Մհերը իրավաբանական աջակցության համար Զինվորի տուն է դիմել՝ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքները բողոքարկելու և նախկին խումբը վերականգնելու հույսով։

«Ունենում ենք և այնպիսի դեպքեր, որոնք խիստ անտրամաբանական են և մեզ համար տարօրինակ, թե ոնց կարելի է նման որոշում կայացնել, և այո, այնպիսի որոշումներ, որոնք իսկապես պետք է այդպես լինեին», - ասում է Զինվորի տան իրավաբան Լիլիթ Նալբանդյանը, որ բազմաթիվ այսպիսի բողոքներ է ստանում։ Մհերի գործը դեռ նոր պետք է ուսումնասիրի։

Ասում է՝ եղել են դեպքեր, որ գործը դատարան չի հասել, հիմքեր չեն գտել, բայց քիչ չեն նաև աբսուրդ դեպքերը՝ ոտքից, ձեռքից զրկված, գլխի ծանր վնասվածքով մարդիկ անգամ հաշմանդամ չեն համարվել. «Նրանք նշում են, որ պրոզթեը կրելու պարագայում մարդու ֆունկցիոնալությունը բարելավվում է, նրանք կարողանում են արդեն ավելի շատ ֆունկցիաներ իրականացնել, այդ իսկ պատճառով նրանց հաշմանդամության խումբը պետք է իջեցվի, ես այդքան էլ համաձայն չեմ այս տեսակետի հետ։ Բացի այդ, ինչպես նշեցի, մենք ունենք օրենսդրական առումով օրենքի մեկնաբանման խնդիր, այսինքն՝ նրանք մեկ ձևով են մեկնաբանում, մենք՝ այլ ձև, դրա համար այստեղ ունենք դատական խնդիր, որը նույնպես քննության փուլում է»։

Իրավաբանի պնդմամբ՝ դժգոհությունների մեծ մասի պատճառը նաև այն է, որ մարդկանց մատչելի չեն բացատրում՝ ինչու զրկեցին խմբից. «Այսինքն՝ նրանց ուղղակի ասվում է՝ ոչ դու հաշմանդամ չես և վերջ, և հաջողություն, և շատ կոպիտ է ասվում այդ ամենը»։

Մեկ տարվա ընթացքում 109 հոգի բժշկասոցիալական վերափորձաքննությունից հետո երրորդից երկրորդ խումբ է անցել։ 330-ն էլ առհասարակ հաշմանդամ չեն համարվել։ Պետական այրերը սա բարեփոխում են անվանում, ասում են՝ աջակցության մեխանիզմները կմեղմեն բողոքի ալիքը։ Մինչ այդ, սակայն, դատարաններն են ծանրաբեռնվում հաշմանադություն ձեռք բերած և խմբերից զրկված մարդկանց հայցերով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG