Մատչելիության հղումներ

Չնայած բեկորային ծանր վիրավորումներին, պատերազմի մասնակիցը «ո՛չ հաշմանադամության կարգ է ստացել, ո՛չ հետագա բուժման գումար»


44-օրյա պատերազմի մասնակից, մարմաշենցի Վանուշ Մանուկյանը հոգնել է պետական դռներ թակելուց` չնայած բեկորային ծանր վիրավորումներին, պետությունը դեռ ոչ հաշմանադամության կարգ է տվել, ոչ էլ հետագա բուժման գումարը:

«Ոտքիս մեջ բեկոր կա, մի հատ հանել են, հիմա դեռ կա մի քանի հատ, պիտի ճարպակալի, որ հանեն, բայց էսպես չեն հանի», - ասում է նա:

22-ամյա Վանուշը 1 տարվա ժամկետային զինծառայող էր, երբ պատերազմը սկսվեց։ Նրան Մեղրիից էին տեղափոխել Ջաբրայիլ, որտեղ պատերազմի 14-րդ օրը ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորվել էր։ Տասն օր անց է միայն գիտակցության եկել։ Բժիշկներն այդ ընթացքում մարմնի տարբեր մասերից բեկորներ են հեռացրել: Թոքից հեռացված բեկորը մինչև հիմա պահում է:

Վանուշի մարմնի տարբեր հատվածներում դեռ բեկորներ կան, որոնք հաճախ անհանգստացնում են, դրանք վիրահատությամբ հեռացնելու կարիք կա:

Մայրը՝ Քրիստինեն «Ազատությանը» պատմեց, թե ինչն է պատճառը, որ մինչև հիմա պատերազմի մասնակից որդին չի վիրահատվել. «Տեղեկացանք, որ վճարովի է դարձել, մենք մի անգամ խորհրդակցել ենք, ասել են, որ երկու վիրահատություն իրար հետ մոտ մեկ միլիոնից ավելի գումար է պետք, որ ինքը վիրահատվի»:

Ընտանիքը չի բացահայտում բուժհաստատության անունը, որտեղ վիրահատության համար գումար են պահանջել։ Տիկին Քրիստինեն դառնացած է, ասում է. «Որդիս պետության հանդեպ իր պարտքը տվել է, հիմա պետությունն է որդուս պարտք: Ես գտնում եմ, որ եթե իմ երեխան լիարժեք առողջ գնացել է ու պիտի առողջ գար ու չի եկել առողջ, իրենք են պարտք իմ երեխուն, իրենք են պատասխանատու»:

Առողջապահության նախարարության բշժկական օգնության քաղաքականության վարչության ներկայացուցիչ Արմինե Աղաջանյանի պարզաբանմամբ՝ 44-օրյա պատերազմի ցանկացած մասնակցի բուժօգնություն տրամադրվում է պետական պատվերի շրջանակներում, պետք է հերթագրվեն, իսկ առաջնահերթություն տրամադրվում է անհետաձգելի դեպքերում. «Դիմում է իր տեղամասային պոլիկլինիկա, այնտեղ վերցնում է ուղեգիր` էլեկտրոնային, և այն բուժհաստատությունում, որտեղ ինքը ցանկանում է, երբ տվյալ ծառայության համար պետական պատվեր կա տեղադրված, արդեն հերթագրումն իրականացնում է տվյալ բուժհաստատությունը: Կհերթագրեն, օրը կասեն, ինքը կգնա համապատասխան հետազոտության կամ վիրահատության համար:

Վճարի անհրաժեշտություն բացարձակապես չկա»:

Մանուկյանների ընտանիքում հիմա անորոշություն է. Վանուշի առողջական խնդիրները թույլ չեն տալիս, որ հող մշակի, մորը օգնի, փորձել է, բայց չի ստացվում. «Երևի ասկոլկեն էր կախվել, արյունահոսություն եկավ բերանից», - ասաց մայրը:

Դիմել են նաև բժշկասոցիալական հանձնաժողով, որ հաշմանդամության կարգ ստանա, բայց մերժել են, չնայած բազմաթիվ վնասվածքներին:

Մայրը պատմում է որ բողոքարկել են, բայց ապարդյուն. «Կամ փաստաթղթերն իրենք չեն նայում, թե ուշադրություն չեն դարձնում, չեմ կարող ասել, ուղղակի թոշակառուի կարգ չեն ուզում տան, մանավանդ երկրորդ անգամ Նորք Մարաշում թղթերը պատռեցին, ասացին` ֆիզիկականից նորմալ ես, կարող ես գնալ, աշխատել, ապրել»:

Բժշկասոցիալական հանձնաժողովը գործում է Աշխատանքի և սոցիալական հացերի նախարարության ենթակայությամբ։ Կառույցի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանն «Ազատությանը» փոխանցեց՝ կոնկրետ Վանուշ Մանուկյանի դեպքում որևէ բան ասել չեն կարող, քանի որ հարցն անձի առողջությանն է վերաբերում: Հաշմանդամության կարգի վերաբերյալ էլ միայն նշեց, որ հատուկ ընթացակարգ կա և՛ դիմելու, և՛ բողոքարկելու համար:

«Սկզբում բժշկասոցիալական փորձաքննությունը քաղաքացին անցնում է տարածքային կենտրոնում միասնական սոցիալական ծառայության, եթե տարածքային կենտրոնի հանձնաժողովի կողմից կայացված որոշման հետ քաղաքացին համաձայն չի լինում, կարող է բողոքարկել», - նշեց խոսնակը:

Մինչ հաշմանդամության կարգի ու վիրահատության հարցերը կլուծվեն, Վանուշը զբաղվում է իր հոբբիով։ Ինքնուս նկարիչ է, տան պատերին է նկարում, նաև մատիտով դիմանկարներ է անում:

XS
SM
MD
LG