«Ես կարող եմ հավաստել, որ ոչ-արդիական զենք այլևս մեր ապագա բանակին պետք չի», - հայտարարեց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման եթերում:
Մեկնաբանելով պետության ղեկավարների հայտարարությունները, մասնավորապես՝ Անվտանգության խորհրդի քարտուղարի ասածը, որ Հայաստանն արդեն իսկ ձեռք է բերել արդիական զինատեսակներ, և մի շարք գնումներ ընթացքի մեջ են, Քոչարյանը շարունակեց. - «Մեր բանակը վերազինվելու և ժամանակակից զենք ունենալու հնարավորություններն է իրագործում, և դրան են միտված նաև կրթական համակարգի հետ կապված մեր ծրագրային մոտեցումները, որովհետև ժամանակակից սպառազինությունը նաև ժամանակակից կառավարում է պահանջում, իսկ դա առանց ինտելեկտուալ բաղադրիչի ավելացման որևէ ձև հնարավոր չի»:
«Այսինքն, մենք իրականություն ենք դարձնելու Կառավարության ծրագրում դրված այն հիմնահարցերը՝ բանակաշինությանը վերաբերող, որը մեզ կապահովի ժամանակակից բանակ ունենալու հնարավորությունը», - ընդգծեց խորհրդարանական հանձնաժողովի նախագահը:
«Ոչ-արդիական զենքերը, իհարկե, կմնան պահեստներում, անհրաժեշտության դեպքում, եթե դրա կարիքը լինի, կօգտագործվեն», - նաև նշեց Անդրանիկ Քոչարյանը:
«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հունիսի 11-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.