Նիկոլ Փաշինյանը չկարողացավ հերքել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե 2020 թվականի պատերազմի ընթացքում կիրառվել է Հայաստանի ունեցած զինամթերքի կեսից ոչ ավելին, այսօր պնդեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, հանրապետական Հայկ Մամիջանյանը։
«Կապված այն գաղափարի հետ, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի 50 տոկոսից պակասն է ներգրավված եղել 44-օրյա պատերազմին», - ասաց Մամիջանյանը:
44-օրյա պատերազմի ընթացքում զինամթերքի պակասի մասին Սերժ Սարգսյանի անցյալ շաբաթվա հայտարարությունը Փաշինյանը երեկվա ասուլիսում անլուրջ էր որակել։ Նախկին նախագահը պնդել էր՝ «հայկական կողմի ամենահզոր զենքերը չեն օգտագործվել»։
«Դուք գիտեք արդեն, թե ինչն է օգտագործվել, ինչը չի օգտագործվել: Su-30-ները չեն օգտագործվել մի պատճառով, որովհետև նրանք ձեռքբերված են եղել այդ պահին ոչ վաղ անցյալում, իրենք դեռևս ֆիզիկապես պատրաստ չեն եղել կիրառման՝ սկսած մասնագիտական և այլն և այլն, միայն դրա մասին է խոսքը, մնացած մեր զինանոցում եղած, Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի զինանոցում եղած տենց զենք չկա, որը չի կիրառվել, չէր կարող լինել տենց բան», - ասել է վարչապետը:
Օրեր առաջ արցախյան բանակցությունների թեմայով իր ելույթների ու հայտարարությունների գրքի շնորհանդեսին 3-րդ պաշտոնաթող նախագահը նաև հայտարարել էր, թե 2018 թվականից հետո Հայաստանը ռազմատեխնիկական որևէ աջակցություն չի ստացել՝ ի տարբերություն իր կառավարման տարիների։
«Իսկ մինչև 18 թվականը ես կարող եմ խոսել իմ ժամանակահատվածի մասին և էն ժամանակահատվածի մասին, մինչև էդ, երբ որ ես երկար տարիներ եղել եմ պաշտպանության նախարար, մենք ստացել ենք ահռելի ռազմատեխնիկական օժանդակություն», - նշել է Սարգսյանը:
Փաշինյանը երեկ հարց բարձրացրեց՝ օգնություն ասելով ի՞նչ նկատի ունի Սերժ Սարգսյանը. - «Օգնություն ասելով ի՞նչ նկատի ունեն, կարո՞ղ է նկատի ունեն ձրի զենք, եթե ձրի զենք, մենք ձրի զենք..., չասեմ ձրի զենքն ինչ է: Հայաստանի Հանրապետությունը 2018-20 թվականը ձեռք է բերել ավելի շատ զինամթերք, քան նախորդ 10 տարին բոլորը իրար հետ վերցրած»:
«Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մամիջանյանը այսօր պաշտպանեց իր կուսակցության՝ Հանրապետականի կառավարման տարիների ռազմական գնումներն ու ձեռքբերումները՝ կրկնելով Սերժ Սարգսյանի բերած նույն օրինակը՝ Հայաստանի՝ տարիներ առաջ ձեռք բերած զինատեսակներից շատերն այսօր Ռուսաստանը կիրառում է ուկրաինական պատերազմում։ Ընդ որում՝ ըստ Մամիջանյանի, Հայաստանի պաշտպանական համակարգը դեռ զինված է այն զինատեսակներով, որ ձեռք են բերվել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք։
«Հայաստանի Հանրապետության սպառազինությունը էդ թվականից այս կողմ չի փոփոխվել, եթե անպիտան էր, պիտի որ ամբողջությամբ փոփոխվեր: Երկրորդ՝ այս պահին ընթացող կոնֆլիկտներից մեծ մասում օգտագործվում են այն զինատեսակները, որոնք կանգնած են Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության մեջ», - ասաց Մամիջանյանը:
Վարչապետի ծավալուն ասուլիսի ընթացքում արծարծված ու ընդդիմադիրների ուշադրությունը գրաված հաջորդ հարցը Արցախի անվտանգության մասին էր։ Ո՞վ է Արցախի անվտանգության երաշխավորը. այս հարցին երեկ Փաշինյանը պատասխանելիս հիշատակեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, նկատելով, որ պատերազմից հետո Հայաստանը չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր, իսկ ՌԴ-ի Դաշնային խորհրդի կայացրած որոշմամբ էլ արձանագրվել է, որ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է:
Հայաստանը շարունակ փչացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, պնդեց Մամիջանյանը, ինչո՞ւ, տարակուսած էր նա, հատկապես եթե Արցախի անվտանգության երաշխավորը Մոսկվան է. - «Ի՞նչ իրավունքով ես դու ամենօրյա ռեժիմով վատթարացնում հայ-ռուսական հարաբերությունները, որոնք հիմա գտնվում են, իմ խորին համոզմամբ, պատմական մինիմումի վրա»:
Հայաստանի վարչապետը երեկ խոսեց նաև հայ-ռուսական հարաբերությունների մասին՝ վստահեցնելով, թե ճգնաժամ այդ հարաբերություններում չկա։