«Ազատություն». - Վերջին առնվազն մեկ շաբաթը ինտենսիվացել են կրակոցները Արցախի շփման գծում, ես դեռ չեմ ասում նաև Հայաստանի սահմաններին։ Բայց Բաքուն Ստեփանակերտին է մեղադրում լարվածության համար։ Ի՞նչ է իրականում սրա նպատակը։
Ղազարյան. - Այս միջադեպերը ճիշտ կլինի որ դիտարկենք ընդհանուր Ադրբեջանի կողմից վարվող քաղաքականության շրջանակներում։ Մենք գրեթե ամենօրյա ռեժիմով խոսում ենք, որ Ադրբեջանի կողմից իրականացվում է Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու քաղաքականություն, և այս բոլոր դրվագները և այդ կեղծ մեղադրանքները, իբր մեր կողմից հրադադարի ռեժիմի խախտումներ են տեղի ունեցել, իրականությանը չեն համապատասախանում։ Սրա մասին փաստում է նաև ռուսական խաղաղապահ զորակազմի կողմից տրված տեղեկատվական հաղորդագրություններում՝ որևէ փաստեր չկան, որ նման խախտումներ եղել են։ Ընդամենը փորձ է կատարվում այս կեղծ մեղադրանքների տակ ճնշում գործադրել հայկական կողմի վրա, Արցախյան կողմի վրա, և այս ամենը փորձել օգտագործել որպես հիմնավորում հնարավոր էսկալացիայի համար։
«Ազատություն». - Այսինքն՝ Դուք չեք բացառում ավելի լայն էսկալացիան, ընդհուպ պատերազմի վտանգը։
Ղազարյան. - Ցավոք, պետք է նշեմ, որ հավանականությունը տարբեր տեսակի լարվածությունների և էսկալացիաներ համար բավականին մեծ է։ Այս նոր դրվագները այս տրամաբանության մեջ են տեղավորվում։
«Ազատություն». - Եվ այդ թվում Բաքվին չի կանգնեցնի այսօր ռուս խաղաղապահների գործոնը, որը դեռ կա առնվազն մինչև 25 թիվը։
Ղազարյան. - Ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայումը Արցախում կարևորագույն անվտանգային գործոններից մեկն է։ Մենք բազմիցս նշել ենք, որ ադրբեջանական կողմը փորձում է օգտվել ներկայիս Ուկրաինայի շուրջ էդ աշխարհաքաղաքական ճգնաժամից, և այս ընթացքում ադրբեջանական կողմից ձեռնարկված քայլերը նաև նպատակ ունեն, որպեսզի հեղինակազրկեն ռուսական խաղաղապահ առաքելությունը՝ հաշվի առնելով, որ այս բոլոր սադրիչ գործողությունների արդյունքում նաև մեր մոտ՝ Արցախում դժգոհության ալիք է բարձրանում։ Բայց մենք սրա մասին մեր գործընկերների հետ, ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչների հետ այս բոլոր հարցերը քննարկում ենք։ Հույս ունենք, որ նրանք իրենց լիազորությունների շրջանակում կկատարեն իրենց պարտականությունները։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ.