Վարչապետի որդուն առևանգելու համար մեղադրվող Գայանե Հակոբյանն այսօր մի քանի ժամ տևած դռնփակ քննությունից հետո դատապարտվեց չորս տարվա պայմանական ազատազրկման։ 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի մայրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Դատաքննությունն արագացված ընթացակարգով անցավ, սա ենթադրում է, որ կինն ընդունել է մեղքը։ Նիստի ավարտին Հակոբյանի հանրային պաշտպան Սիրանուշ Հարությունյանը, որն այսօր ստանձնեց կնոջ պաշտպանությունը, պարզաբանեց՝ հենց այդպես էլ եղել է. - «Առանց իր կողմ լինելու արագացված դատաքննություն չի կարող լինել»:
Առավոտյան Գայանե Հակոբյանն անսպասելի հրաժարվել էր իր փաստաբաններից, որից հետո դատավորը հանրային պաշտպան հրավիրեց, մոտ երկու ժամ տևած քննությունից հետո էլ հրապարակեց վճիռը։ Կնոջ նախկին փաստաբաններն առավոտյան ակնարկել էին՝ Հակոբյանն ընդունել է մեղքը և հրաժարվել իրենց ծառայություններից։
Գայանե Հակոբյանն անազատության մեջ մնաց ավելի քան չորս շաբաթ։ Զոհված զինծառայողի մոր հետ զրուցել չհաջողվեց։ Դա դատարանից աննկատ հեռացավ։
Այս քրեական գործը հարուցվել էր Աշոտ Փաշինյանի հաղորդման հիմքով։ Կրտսեր Փաշինյանը, քննչականի փոխանցմամբ, պատմել էր, թե որդեկորույս մայր ներկայացած կինն իրեն հրավիրել է ավտոմեքենայում զրուցելու, երբ ինքը նստել է, կինն անսպասելի սկսել է ավտոմեքենան անկանոն վարել ու նաև մահվան սպառնալիք հնչեցնել։ Դրանից հետո Աշոտ Փաշինյանը մեքենայի ընթացքի ժամանակ դուրս է նետվել ու վրաերթի ենթարկվել ծնողների մեկ այլ խմբի մեքենայի կողմից։
Հունիսի 5-ին կայացած նախնական դատական նիստում Հակոբյանը հայտարարել էր, թե ինքը որևէ հանցագործություն չի կատարել, որևէ վատ մտադրություն վարչապետի որդու նկատմամբ չի ունեցել, շեշտել էր, որ վարչապետի որդին իր կամքով է նստել իր մեքենան, ինքն էլ ցանկացել է նրան տանել «Եռաբլուր», որտեղ հուղարկավորված է իր զինվոր որդին։ Տուժող Աշոտ Փաշինյանն էլ պնդել էր, թե կնոջ արածը ծանր հանցագործություն է և բոլոր հանցագործությունների դեպքում պետք է պատիժ լինի:
Կբողոքարկի՞ Փաշինյանը դատարանի վճիռը։ Վարչապետի որդին այսօր հայտարարեց՝ ըստ էության գոհ է արդյունքից:
«Արդարադատության նպատակը ոչ թե պատժելն է որպես այդպիսին այն մարդուն, որ մեղավոր է ճանաչվում ինչ-որ հանցանքի մեջ, այլ հանցանքների նվազման նպատակ ունի, և նպատակն այն է, որ եթե նույնիսկ որևէ միջադեպ տեղի է ունեցել, այլևս տեղի չունենա: Եվ եթե դատական արդարադատության համակարգը և իրավական համակարգը որոշում են, որ այս պայմաններով այդ նպատակն իրագործվում է, ես, բնականաբար, դրան դեմ չեմ կարող լինել և նաև անձնապես կարող եմ ուրախ լինել», - ասաց Աշոտ Փաշինյանը:
Կուլիսային պայմանավորվածության արդյունքո՞ւմ փոխվեցին կողմերի դիրքորոշումները։ Այս հարցին հստակ պատասխաններ կողմերը չտվեցին։