Լրացել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետը

Մինչ դատարաններում տարիներով ընթանում է Հայաստանի երկու նախկին նախագահների դատաքննությունը, պարզվում է, որ լրացել է և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետը։ Իսկ այս դեպքում, երբ հանցանքի ժամկետից որոշ ժամանակ անց մեղադրյալին առաջարկում են դադարեցնել քրեական հետապնդումը առանց պատժի կրման՝ մեղադրյալը ո՛չ արդարացվում է, ո՛չ էլ՝ մեղավոր ճանաչվում։

Չնայած դատարանները Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին դեռ չեն առաջարկել փակել գործերը վաղեմության հիմքով, բայց նրանց պաշտպանական թիմերը հայտնում են, որ պաշտոնաթող նախագահները չեն համաձայնի այս տարբերակին։

Վառելանյութի գործով պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելը կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանն արդարացում է պահանջում, այսօր էլ հերթական դատական նիստից հետո հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը։

«Ոչ թե համարում եմ շինծու մեղադրանքը, այստեղ չկա ընդհանրապես հանցագործության դեպք», - ասաց Մակինյանը։

Նախկին նախագահի մյուս փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասում է՝ Սարգսյանի հետ այս հարցը չեն էլ քննարկել, դատարանն էլ, ըստ էության, չի խոսել վաղեմության ժամկետը լրանալու մասին՝ իմանալով Սարգսյանի դիրքորոշումը։

«Մենք երբևէ այդ հարցը չենք քննարկել. թե վաղեմություն կլինի, թե որևէ այլ.... ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ հարց չի քննարկվել, որովհետև այս դեպքում չի կարող նման հարց քննարկվել։ Մենք պայքարում ենք միմիայն արդարացման դատական ակտ կայացնելու ուղղությամբ», - ասաց Հակոբյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Այսօր մեկնարկում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատավարությունը

3 միլիոն դոլար կաշառք ստանալու գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին ևս դատարանը նման առաջարկ չի արել։ Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, քիչ հավանական է, որ երկրորդ նախագահը որոշի դադարեցնել քրեական հետապնդումն առանց արդարացման հասնելու։

«Ես պարոն Քոչարյանի փոխարեն իրավունք չունեմ ասել, նշանակություն ունի միայն մեղադրյալի համաձայնությունը։ Մինչև այս պահն ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ քիչ հավանական է, որ նախընտրվի այդ տարբերակը», - նշեց Ալումյանը։

Ստացվում է, որ վաղեմության ժամկետի չկիրառման դեպքում դատարանները կշարունակեն քննել գործերը։ Երրորդ նախագահի փաստաբան Հակոբյանի խոսքով, այս դեպքում երկու ելք կա՝ կամ կկայացվի արդարացման որոշում, կամ էլ մեղադրական դատավճիռ։ Բայց եթե անգամ դատարանները մեղավոր ճանաչեն պաշտոնաթող նախագահներին, նրանք, միևնույն է, չեն ազատազրկվի։

«Դատական ակտ է կայացվում պատժի կրումից ազատումը», - ասաց Ռուբեն Հակոբյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քոչարյանը դարձյալ պնդում է, որ իր համար անհասկանալի է առաջադրված մեղադրանքը

Իրավապաշտպանը չի կարծում, թե ստեղծված իրավիճակը պարզապես պատահականության հետևանք է

Քաղաքական հնչեղություն ունեցող այս դատավարություններին հետևող իրավապաշտպանները հիշեցնում են 2018-ի սկզբում վարչապետի Նիկոլ Փաշինյանի չկատարված խոստումները։

«Միայն մի խոստում, որ նրանք պետք է լինեն կառավարությունում և եղան կառավարությունում, մնացած ամեն ինչը մնաց չիրականացված։ Ըստ էության, այսօր ժամանակ անց, հեռավորության բարձունքից արդեն գոնե ես կարող եմ վստահորեն ասել, որ նրանք իրենց խոստումները ի կատար ածելու ցանկություն կամ ծրագիր անգամ չեն ունեցել», - նշեց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

Իրավապաշտպանը չի կարծում, թե ստեղծված իրավիճակը պարզապես պատահականության հետևանք է. - «Միամտություն կամ պատահականություն ես չեմ կարող համարել, չեմ կարծում, թե իրավաբանները, դատավորները, դատախազները չեն հասկացել, թե ինչ ընթացք է լինելու, բոլորն էլ պատկերացրել են, հասկացել են, դրա համար նույնիսկ իրավաբան լինելու կարիք չի եղել, բերել ու հանգեցրել են այս վիճակին։ Իսկ այն, որ Քոչարյանը, Սարգսյանը և մյուսները արդարացում են պահանջում, այս իրավիճակում նրանք, իհարկե, դրա բոլոր իրավունքները ունեն և բոլորովին չի բացառվում, որ պահանջեն ու ստանան այդ արդարացումները»։

Դատաիրավական համակարգը չբարեփոխվեց, հենց այդ պատճառով էլ տարիներով քննվում են գործերը, որոնց վաղեմության ժամկետները լրանում են, ընդգծում է Հարությունյանը։ Իրավապաշտպանի խոսքով, մինչդեռ, հեղափոխական կարգախոսներով իշխանության եկողները եթե չեն ջարդում արատավորված համակարգերը, ունենում են այս արդյունքը։

«Եթե նրանք գալիս են ու հենց սկզբից չեն սկսում համակարգը ջարդել, այլ տեղավորվում են այդ համակարգի մեջ և հետո հարմարավետ իրենց զգալով սկսում են օգտվել այդ նույն համակարգի բերած բարիքներից, իշխանությունից, չգիտեմ, մնացած բոլոր հնարավոր և անհնարին բարիքներից, որոնց մասին մենք գուցե պատկերացում էլ չունենք, այդ ժամանակ, իհարկե, խոսել հեղափոխությունից, նույնիսկ իշխանափոխությունից խոսելը տեղին չի», - ասաց Հարությունյանը։

Օրերս հայտնի դարձավ, որ համակարգից հեռանալու դիմումներ են գրել թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազները։ Ոչ նրանք, ոչ էլ դատախազությունը պատճառներից չեն խոսում։ Սակայն նրանց հեռանալը նշանակում է, որ այս գործերի քննությունը էլի կերկարի։ Այսօր Սերժ Սարգսյանի գործն, օրինակ, հետաձգվեց հենց այդ պատճառով, դատավորը նոր դատախազին մեկ ամիս ժամանակ տվեց՝ գործի նյութերին ծանոթանալու համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նախկին նախագահների մեղադրանքները պաշտպանող դատախազներն աշխատանքից ազատման դիմումներ են գրել