2022 թվականի աշնանային դետեկտիվը Բալթյան ծովում
Ռուսաստանից՝ Բալթյան ծովի հատակով մինչև Գերմանիա անցկացված «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատար խողովակաշարերի ոչնչացման առեղծվածային պատմությունում ի հայտ է եկել նոր ուշագրավ հանգամանք: Այդ գազատարները պայթեցվել են անցյալ տարվա սեպտեմբերի 26-ին:
The Washington Post ամերիկյան օրաթերթը գրել է, թե նախագահ Ջո Բայդենի աշխատակազմը պայթեցումից երեք ամիս առաջ է տեղեկություն ստացել այն մասին, որ ուկրաինացիները դիվերսիա են ծրագրում: Ամերիկյան գաղտնի ծառայություններին այդ մասին հայտնել են գործընկերները «մի անանուն եվրոպական երկրից»:
Գործողության անմիջական ղեկավարումը ստանձնել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ Վալերի Զալուժնին: Ամերիկյան օրաթերթն այդ գործողության մասին տեղեկացել է Պենտագոնից գաղտնի փաստաթղթերի մեծածավալ արտահոսքի շնորհիվ:
Արտահոսքի համար մեղավոր ամերիկացին կդատապարտվի
Հույժ գաղտնի փաստաթղթերի արտահոսքի գործով այս տարվա ապրիլի 13-ին Մասաչուսեթսի նահանգում ձերբակալվել է ԱՄՆ ազգային գվարդիայի օդուժի հետախուզության վարչության 21-ամյա զինծառայող Ջեք Թեյշերան: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է դատապարտվել ընդհուպ 15 տարվա ազատազրկման:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պնդում է, որ կանխել է «Հարավային հոսք» գազատարի պայթեցումը«Հյուսիսային հոսքի» դիվերսիայի մասին փաստաթղթում նշվել է, որ ծրագրվող գործողության մասին եվրոպական անանուն երկրի գաղտնի ծառայությանը հայտնել են հենց Ուկրաինայում: Այդ անանուն երկրի պատկան ծառայություններն էլ տեղեկությունն անցյալ տարվա հունիսին տրամադրել են ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչությանը:
Ամերիկացիներն, իրենց հերթին, տեղեկությունը փոխանցել են գերմանացիներին և դաշնակիցներից ևս մի քանիսին:
Գրոհը տեղի չի ունեցել ճիշտ այն օրը, որը հայտնել է ուկրաինական աղբյուրը, սակայն սեպտեմբերի 26-ը շատ հեռու չէր նշված ժամկետից:
Մի՞թե Վլադիմիր Զելենսկին իսկապես ոչինչ չգիտեր
Ըստ փաստաթղթի, Ուկրաինայի նախագահ և գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Զելենսկին տեղյակ չի պահվել: Գործողությունը մշակած ուկրաինացի բարձրաստիճան զինծառայողները ենթադրել են, որ այդպես նախագահը շատ ավելի բնական և անկաշկանդ կմեկնաբանի «Հյուսիսային հոսքի» թեման և ամենայն անկեղծությամբ կհերքի Կիևի առնչությունը:
Այդ ծրագրի հեղինակների համոզմամբ, եթե Զելենսկին որևէ կերպ խոստովաներ, որ ուկրաինացիներն են ոչնչացրել գազատարները՝ դա մեծ վրդովմունք կառաջացներ ցուրտ ձմռան հեռանկարից սարսափած Եվրոպայում ու հատկապես Գերմանիայում և կասկածի տակ կդներ եվրոպացիների աջակցությունը Կիևին:
ԱՄՆ-ի և արևմտյան մյուս երկրների պաշտոնյաները պայթեցումներն անվանել են «Եվրոպայի էներգետիկ անվտանգության դեմ ուղղված լկտի և վտանգավոր դիվերսիա»:
Ենթադրյալ կատարողները՝ ռազմական ջրասուզակներ
Ըստ The Washington Post-ի, այդ գործողությունը կարող էր իրականացվել անցյալ տարվա հունիսին՝ Բալթյան ծովում ՆԱՏՕ-ի լայնածավալ զորախաղերից հետո, բայց ինչ-ինչ պատճառներով կանգնեցվել է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը հերքում է «Հյուսիսային հոսքի» պայթեցմանն իր առնչությունըԵնթադրվում է, որ Ուկրաինայի հատուկ ուժերի վեց զինծառայող-ջրասուզակներ կեղծ փաստաթղթերով պետք է վարձեին մի զբոսանավ, մոտենային Բալթյան ծովում կոնկրետ շրջան, իջնեին ծովի հատակը և ականապատեին 90 մետր խորության վրա գտնվող գազատարները:
«Հյուսիսային հոսքի» ոչնչացման գործը քննող գերմանացի մասնագետները ենթադրում են, որ հենց այդ սցենարով էլ իրականացվել է պայթեցումը, բայց ոչ թե հունիսին, այլ սեպտեմբերի վերջին:
Պաշտոնական Կիևը հետևողականորեն պնդել է, որ կապ չունի դրա հետ: Սպիտակ տունը և կենտրոնական հետախուզական վարչությունը հրաժարվել են պատասխանել The Washington Post-ի հարցերին:
Մոսկվան պնդում է, որ դիվերսիան ձեռնտու էր ԱՄՆ-ին
Այդ դիվերսիայի արդյունքում «Հյուսիսային հոսք-1» և «Հյուսիսային հոսք-2» գազատարների չորս գծերից երեքը վնասվել են: Մասնագետների կարծիքով, դրանք դժվար թե վերականգնվեն: Համենայն դեպս, այդ մասին հնարավոր կլինի խոսել միայն ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո:
Մոսկվան պայթեցումներից հետո պնդել է, թե գազատարների ոչնչացումը ձեռնտու է Միացյալ Նահանգներին, որն իր հեղուկ գազը կառաջարկի Եվրոպային: Այդ մասին այս տարվա մարտի 13-ին անկարկել նախագահ Վլադիմիր Պուտինը:
Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդի ռազմավարական հաղորդակցություների համակարգող, փոխծովակալ Ջոն Քիրբին մարտի 22-ին «դիվերսիոն գործողություն» է անվանել «Հյուսիսային հոսքի» երկու անդրջրյա խողովակաշարերի պայթեցումը, նշելով, որ դրա հանգամանքները միմյանցից առանձին հետաքննում են երեք պետությունների՝ Դանիայի, Գերմանիայի և Շվեդիայի իրավապահները:
Ուկրաինան պնդել է, որ դա արել են ռուսները, մինչդեռ, ամերիկյան հետախուզությունը նշել է, թե չունի «Հյուսիսային հոսքի» ոչնչացմանը ռուսների առնչությունը հաստատող արժանահավատ տեղեկություններ: